26 Դեկտեմբեր, Եշ
…․Տեսնո՞ւմ ես, թե հասարակ մոխրագույն ծածկոցների շնորհիվ որքան հանգստավետ է դարձել ձեր հյուրասենյակում: Հիմա գոնե որոշ չափով մենաստանի նմանվեց:
- Հա՛յր, իսկ վանականն ինչպե՞ս իմանա, թե ինչն է վանքին հարիր, իսկ ինչը՝ ոչ:
- Պետք է սկսել ինքդ քեզ հետևյալ հարցը տալուց. «Ո՞վ եմ ես: Ի՞նչ պարտականություններ ունեմ այն կյանքում»: Զինվորական կանաչ գույնը պատիվ է բերում բանակին, սևը՝ մենաստանին: Եթե բանակին սև հագցնենք, իսկ վանքերում՝ պաշտպանիչ կանաչ, ապա դա ո՛չ բանակին կսազի, ո՛չ վանքին: Պատկերացնո՞ւմ եք, եթե դուք հիմա բուժքույրերի պես սպիտակ խալաթներ հագնեիք: Քո՞ւյր եք, թե՞ քույր չեք: Այ, տեսնո՞ւմ եք… Իսկ բուժքույրերը սև զգեստներ կհագնեն, որպեսզի միայն իրենց տեսքով հիվանդներին հուսահատության հասցնեն: «Երևում է,- այդ ժամանակ կասեն հիվանդները,- մեր օրերը հաշված են, միայն թե մեզ այդ մասին ուղիղ չեն ասում»: Տեսնո՞ւմ եք, նման զգեստափոխությունը տեղին չէր լինի: Մի՞թե մենք իրականում նման կերպ կվարվեինք: Ինչ-որ մի իր կարող է իսկապես գեղեցիկ լինել, բայց ոչ սազական վանականությանը: Օրինակ՝ թավիշը գեղեցիկ կտոր է, բայց եթե ես թավշե փարաջա հագնեմ, ապա դա ինձ ոչ թե պատիվ, այլ անարգանք կբերի: Վանքում կարմիր կամ ծաղկավոր ոչինչ մի՛ գործածեք: Սազական չէ՛:
- Դե ինչ, հա՛յր, ստացվում է, որ ամեն ինչ պետք է անգույն ու անճաշակ լինի…
- Հենց այդ ժամանակ էլ հոգևոր ճաշակը կարթնանա: Սակայն դա հասկանալ է պետք: Մարդիկ դեռ չեն գիտակցել, թե ինչպիսի ուրախություն է բերում պարզությունը: Ես իմ խցում ավելը թրջում եմ ու ծխից սևացած անկյունների սարդոստայնները հավաքում: Եվ ընդամենը տարին մեկ անգամ եմ անում: Բայց չեք հավատա, թե ինչ գեղեցիկ սև ու սպիտակ բծեր են առաստաղին մնում թաց ավելից հետո: Իսկական նախշեր են: Երբ մարդիկ իմ առաստաղը տեսնում են, մտածում են, որ հատուկ եմ այդպես զարդանախշել: Ու գիտե՞ք, թե որքան եմ ուրախանում դրանից:
Վանականների եմ ճանաչում, որոնց համար ոչ թե հոգևոր կյանքն է ուրախալի, այլ աշխարհիկ ոգին: Պարզության պարգևած ուրախության թրթիռները նրանք չեն զգացել: Պարզուությունը շատ է օգնում հոգևոր կյանքում: Վանականը պիտի այնպիսի իրեր ունենա, որոնք իրեն անհրաժեշտ ու հարիր են: Թող սահմանափակվի իր կյանքը մի փոքր թեթևացնելով և ավելիին՝ աշխարհիկին չձգտի: Օրինակ՝ զինվորական ծածկոցը բավարար է ցրտից պաշտպանվելու համար, ծաղկավոր կամ ժանյակավոր ծածկոցի կարիք ամենևին չկա: Պարզությունն ու հոգևոր խիզախությունն այս կերպ են գալիս:
Վանականին կործանում ես, երբ շատ իրեր ես բերում նրան: Իսկ երբ մարդն իրեն ազատում է իրերից, դա վերականգնում է նրա ուժերը: Իսկ եթե վանականն ինքն է իրեր հավաքում, ապա ինքն իրեն է կործանում: Երբ ինձ համար ինչ-որ իրեր են ուղարկում՝ ծանրություն եմ զգում և ուզում եմ ազատվել դրանցից: Եթե խցումս որևէ ավելորդ իր է լինում, ապա այնպիսի զգացողություն եմ ունենում ասես իմ չափսից փոքր վերնաշապիկ հագած լինեմ: Եվ եթե չես կարող այդ իրերն ուրիշ տեղ ուղարկել, ապա կարծում եմ՝ ավելի լավ է դեն նետել դրանք: Բայց բավական է դրանք տամ որևէ մեկին և արդեն թեթևություն ու ազատություն եմ զգում: Մի անգամ ծանոթներիցս մեկը եկավ ու ասաց. «Հա՛յր, այսինչ մարդն է տվել այս իրերը, որպեսզի Ձեզ փոխանցեմ: Նաև խնդրել է աղոթեք, որ հոգու տագնապը հեռանա իրենից»: «Իրենից հեռանա ու ի՞նձ գա,- ասացի ի պատասխան։- Ավելի լավ է վերցրու այդ իրերն ու հեռացիր: Ես արդեն ծեր եմ, իմ ուժերից վեր է շրջել ու մարդկանց նվերներ բաժանել» (1):
Այն բոլոր հարմարությունները, որոնցից մարդիկ օգտվում են, վանականին չեն օգնում, ընդհակառակը, ստրկացնում են նրան: Վանականը պետք է փորձի կրճատել իր կարիքներն ու պարզեցնել իր կյանքը, այլապես ազատ չի լինի: Մաքրությունը մի բան է, իսկ ավելորդ զարդարանքը՝ բոլորովին այլ բան: Եթե մի քանի գործի համար մեկ իր գործածես, ապա դա շատ կօգնի կրճատել պահանջներդ: Սինայում պահածոյի մի տուփ ունեի, դրա մեջ և՛ թեյն էի եփում, և՛ շիլան: Մտածում եք՝ մարդուն շա՞տ բան է պետք ապրելու համար: Նախկինում անապատում միայն արմավներով էին սնվում: Կրակ չէին վառում ու վառելափայտի կարիք էլ չունեին: Վերջերս խտացրած կաթի մի տուփ վերցրի, կտրեցի այն ու բռնակի պես մի բան հարմարեցրի: Դրա մեջ կարելի է սուրճ եփել կամ ավելի լավ է՝ թեյ, քան այդ բոլոր սրճեփների մեջ: Սպիրտայրոցի վրա դրած թե չէ, ջուրը միանգամից եռում է: Իսկ որքա՜ն սպիրտ կայրվի մինչև սրճեփը տաքանա: Իսկ այդ տուփի տակ սպիրտով բամբակ ես դնում և խնդրեմ՝ սուրճը պատրաստ է: Լամպ նույնպես չունեմ: Գիշերները մոմի լույսի ներքո եմ անցկացնում:
Եվ ընդհանրապես, բոլոր պարզ բաները շատ են օգնում: Պարզ ու դիմացկուն իրեր ունեցեք: Նույնիսկ աշխարհիկ մարդիկ են հարգանքով վերաբերվում ամենայն խոնարհին ու պարզին: Եվ վանականին էլ են դրանք շատ օգնում: Այդ իրերն օգնում են աղքատության, ցավի ու վանական կյանքի մասին հիշել: Երբ Գևորգ թագավորն (2) Աթոսի մայրավանք այցելեց, հայրերը մի արծաթե մատուցարան գտան ու դրանով հրամցրին հյուրասիրությունը: Իսկ թագավորը հենց այդ սկուտեղը տեսավ, ասաց. «Իսկ ես ձեզանից ինչ-որ այլ բան էի սպասում, ասենք որևէ փայտե սկուտեղիկ: Ես մինչև կոկորդս կուշտ եմ նման թանկարժեք սկուտեղներից»:
Դուք դեռ չեք համտեսել պարզության այդ քաղցրությունը: Պարզությունը վերականգնում է մարդու ուժերը: Տե՛ս, թե թելի կոճից ի՜նչ հրաշալի կախիչ է ստացվում հագուստի համար: Շատ հարմար բան է: Իսկ դուք տանջվում եք ու փարաջան այն բարալիկ մեխից եք կախում: Ամեն անգամ մեխից հանելիս, եթե կրաշաղախը սկսի թափվել, ստիպված պիտի լինեք փարաջան թափ տալ ու մաքրել: Ինչո՞ւ մի քանի մեծ մեխ չեք խփում: Ախր ավելի հարմար կլինի: Այդպիսի պատ է, իսկ վրան մի մեխ էլ չկա: Թե չէ, մեկ էլ տեսար, փայտե կախիչ կբերեք, կդնեք: Իսկ հետո այն պետք է մաքրես, փոշին սրբես: Պետք է ավելի պարզ իրեր գործածել ու ժամանակ շահել, իսկ դուք, դրա փոխարեն, կորցնում եք: Ինչ-որ կատարյալ բանի եք ձգտում և տանջվում եք: Հոգևո՛ր կյանքի կատարելությանը ձգտեք: Ձեր ներքին ողջ ներուժը հոգո՛ւ կերտման արվեստին նվիրեք, այլ ոչ թե արտաքին գեղարվեստին: Օր ու գիշեր հոգու կատարելագործմանը նվիրվեք: Գեղեցիկի հանդեպ սերը հոգևոր կերտվածքին նվիրելով՝ ձեր փոքր հոգևոր դղյակով կուրախանաք:
- Հա՛յր, իսկ որոշ մարդիկ ասում են, որ ամենահիասքանչ իրերը վանքերում էին պահվում և դրանց շնորհիվ է աշխարհում պահպանվել մշակույթը:
- Միգուցե խոսքը թանկարժեք անոթների, զարդերի ու նման բաների մասին է: Բայց գիտե՞ք, թե նման թանկարժեք իրերի մեծ մասը ե՞րբ վանքերում հավաքվեց: Կոստանդուպոլսի անկումից հետո (3): Նախկինում այդ բոլոր գանձերը պալատներում էին գտնվում, իսկ հետո սկսեցին դրանք վանքերին տալ, որպեսզի պահպանվեն: Օրինակ՝ Մարո թագուհին (4) զանազան գանձեր էր քիչ-քիչ վերցնում սուլթանից ու վանքերին տալիս: Կամ էլ մահվան մահճում գտնվող մարդիկ, չցանկանալով, որ թանկարժեք զարդերը կորչեն, նվիրաբերում էին վանքերին: Ոչ թե վանքերն էին ձգտում գանձեր ձեռք գցել, այլ գանձերի տերերը, հասկանալով, որ վանքում այդ իրերը ապահով կլինեն, իրենք էին նվիրում: Եվ Սուրբ լեռան վանքերին էլ էին [ունևորները] զանազան նվիրատվություններ կատարում, որպեսզի ժողովրդին կարողանային կերակրել: Որովհետև այն տարիներին ո՛չ ծերանոցներ, ո՛չ մանկատներ, ո՛չ հոգեբուժարաններ և ո՛չ էլ զանազան բարեգործական կառույցներ կային: Վանքերին հողակտորներ էլ էին նվիրում, որպեսզի կարողանային կարիքավոր աշխարհականներին օգնել: Այսինքն՝ այն ծանր տարիներին մարդիկ ապագայի մասին մտածում էին. խեղճ ժողովրդին նյութապես օգնում էին, որպեսզի հետո էլ հոգևոր առումով օգնեն: Երբ չքավոր մարդիկ գալիս էին վանքեր, նրանց գումարային օգնություն էին տրամադրում որպես օրհնություն, և խեղճերը կարողանում էին իրենց որդիներին կամ դուստրերին ամուսնացնել: Այսինքն՝ վանքերը հարստություն էին ստանում, որպեսզի աղքատներին օգնեն: Եվ այդ նույն նպատակով էլ մեծ շինություններ էին կառուցում: Իսկ գիտե՞ս, թե քանի՜ քանիսին վանքերն օգնեցին շրջափակման ժամանակ: Շա՜տ-շատերին: Այն ժամանակ աշխարհիկ մարդկանցից շատերին «Կարակալ» էին անվանում, որովհետև, եթե ինչ-որ մեկի տունը հայտնի էր լինում իր հյուրասիրությամբ, ապա ասում էին կարծես Կարակալի վանքը լինի (5): Եվ Սրբոց տոներն էլ վանքերում այնպես էին կազմակերպվում, որ չքավորները կարողանային ձուկ ուտել, ուրախանալ և դրա հետ մեկտեղ հոգևոր օգնություն ստանալ: Իսկ այժմ ինչո՞ւ են նման տոներ կազմակերպում: Ոչնչի կարիք չունեցող մարդիկ հավաքվում են, ձուկ են ուտում: Իսկ հանուն ինչի՞:
1) Հայր Պաիսիոսն իրեն բերած իրերը բաժանում էր այն վանականներին, որոնք դրանց կարիքն ունեին:
2) Գևորգ Երկրորդ (1890-1947), Հունաստանի թագավորը 1922թ.-ից մինչև 1929թ. և 1935թ.-ից մինչև 1947թ.:
3) 1453թ.-ին:
4) Մարո թագուհի (1418-1487), սերբ բռնակալ Գեորգի Բրանկովիչի (1375-1456) դուստրը, որը Սուրբ լեռան Սուրբ Պողոս վանքի երկրորդ փոխանորդն էր: Մարոն կնության էր տրվել սուլթան Մուհամեդի հորը՝ Կոստանդնուպոլիսը զավթած սուլթան Մուրատին: Կոստանդնուպոլսի անկումից հետո Մարո թագուհին Սուրբ Պողոսի վանքին նվիրաբերեց Մոգերի ընծաները, բազմաթիվ սրբություններ ու սրբերի մասունքներ:
5) Սուրբ Լեռան քսան ընդհանրական մենաստաններից մեկը:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը