«Պատանի Քրիստոսը ուսուցանում է տաճարում» (Ղուկաս 2:41-52) թեման հազվադեպ է պատկերազարդվում և քիչ հանդիպող թեմաների շարքին է պատկանում:
№ 6319 ձեռագրում «Պատանի Հիսուսի քարոզը տաճարում» միավորված է Զեբեդեոսի որդիների մոր դրվագի հետ. սա եզակի դեպք է հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Թեև նկարիչը ձգտել է պատկերին հաղորդել պաշտամունքային միտվածություն, բայց դրա կառուցվածքը բխում է ավետարանական բնագրից: Վերևում լայն կամարի տակ կանգնած է պատանի Հիսուսը: Ձախում ձեռքերն առաջ պարզած և հուզված Հովսեփն է, աջ կողմում՝ Հակոբոսն ու Հովհաննեսը: Ներքևի մասում գտնվող կնոջ մոտ նկարիչը մակագրել է՝ «Մայր որդոցն Զեբեթայ»:
Արցախում հատկապես ուշադրություն են դարձնում Հիսուսի մանկության և պատանեկության իրադարձություններին. հաճախ են պատկերվում «Մանկանց կոտորումը», «Փախուստ դեպի Եգիպտոս», «Տեառնընդառաջ», «Պատանի Հիսուսի քարոզը տաճարում»: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում որոշ թեմաների պատկերագրական յուրահատուկ լուծումները: Այստեղ ևս «Հիսուսի քարոզը տաճարում» թեման տրված է Զեբեդեոսի այրու որդիների մասին թեմայի հետ զուգահեռ:
Ոսկանյան Աստվածաշնչի «Մանուկ Հիսուսը տաճարում՝ վարդապետների մեջ» փորագրանկարում տասներկուամյա Հիսուսը պատկերված է տաճարում՝ բազմած գահին, գեղեցիկ դիմագծերով, լուսապսակով, ձեռքում պահում է բացված գիրքը: Հիսուսի երկու կողմերում՝ ցածր աթոռներին նստած են հրեա ուսուցիչները, զարմացած ու կլանված լսում են արտասովոր խոսքը: Բոլորը հիանում են Նրա պատասխաններով և խոհեմությամբ:
Կազմեց Գայանե Սուգիկյանը