Պատասխանատվություն, որին կոչված է քրիստոնյան

Քրիստոսի արյամբ փրկագնված յուրաքանչյուր քրիստոնյա կենդանի Աստծու տաճար է (Բ Կորնթ. 6:17): Քրիստոնյայի համար կարևորագույն խնդիր է իր տաճարը հանապազ մաքրել «մարմնական և հոգեկան ամեն պղծությունից՝ ապրելով Աստծու երկյուղով» (Բ Կորնթ. 7:1): Այսինքն՝ քրիստոնյային պետք է հատուկ լինի այն, ինչ հատուկ է Աստծուն. Աստված գթասիրտ է, նա էլ պետք է գթասիրտ լինի, Աստված սեր է, նա էլ պետք է սիրող սիրտ ունենա, Աստված սուրբ է, նա էլ պետք է ձգտի սրբության: Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքով, որպեսզի հավատավորը մաքրի իր սիրտն ու միտքն այն ամենից, ինչ պիղծ է, բավական է գիտակցի, որ Աստծու ներկայությունը ոչ մի անմաքուր բան չի կարող տանել: Այսինքն՝ Աստծու ներկայությամբ ապրող քրիստոնյան, որպես Աստծու տաճար և Աստծու սիրելի զավակ, մեծ պատասխանատվության է կոչված: 

Այս պատասխանատվությունն ունեցող քրիստոնյան է ջանում աստվածանման լինել և աստվածային սիրո լույսը տարածել: Ապրիլի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Գրիգորյան Հրայրին (25 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Արման Աբրահամյանը: Հրայրն իր մայրիկի, քրոջ, երեք եղբայրների, տատիկի ու պապիկի հետ բնակվում է Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում: Հրայրի եղբայրը՝ Գրիգորյան Հարությունը (28 տ.)՝ որպես պայմանագրային զինծառայող, այս տարի՝ մարտի 24-ին,  մասնակցել է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում տեղի ունեցած ռազմական գործողություններին և ողնուղեղի բեկորային վնասվածք ստացել: Արդեն մեկ ամիս է, ինչ Հարությունը «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում: Զինծառայողի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

27.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․