23 Նոյեմբեր, Շբ
Այս պատմությունը պատմում եմ իմ համայնքի անդամներից մեկի թախանձալից խնդրանքով: «Թող մարդիկ իմ օրինակով հասկանան, թե «մանրուքներն» ինչպես կարող են ազդել մարդկային հարաբերությունների վրա և մտածեն այդ մասին»,- ասաց նա: Այսպիսով, մի անգամ հիսունին մոտ մի կին եկավ ինձ մոտ խոստովանության: Երբ նա տասներկու տարեկան էր, հայրը հեռացել էր ընտանիքից և նա ողջ կյանքն ատել էր հորն ու չէր շփվել նրա հետ: Հայրը միշտ փորձել էր հանդիպել դստերը, սակայն վերջինս միայն անիծել էր նրան ու չէր ցանկացել հանդիպել: Քառասուն տարի էր անցել, հայրը մահացել էր, և նա ինձ մոտ գալով՝ սկսեց բացատրել. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ դա վատ է, բայց մինչ օրս շարունակում եմ վիրավորված մնալ նրանից»: Ես էլ պատասխանեցի. «Փորձեք աղոթել, զղջալ, քանի որ հիշաչարությունը լավ բան չէ»: Հետո շարունակելով իր մանկության մասին պատմել, կինն իմիջիայլոց հիշեց նաև, որ հենց տասներկու տարեկանում հինգ ռուբլի է գողացել մորից: Ես էլ հարցրեցի, թե արդյոք ներողություն խնդրել է մորից, որին պատասխանեց, որ չի խնդրել: «Պետք է խնդրել»,- պնդեցի ես: «Մայրս գյուղում է ապրում և արդեն ութսունն անց է: Նա երևի արդեն ոչինչ էլ չի հիշում»,- առարկեց նա: Իսկ ես, միևնույն է, պնդեցի, որ պետք է գնալ ու ներողություն խնդրել: Մի քանի շաբաթ անց այդ կինը կրկին ինձ մոտ եկավ: Նա սարսափելի վիճակում էր, սաստիկ լալիս էր ու ողջ մարմնով ցնցվում: Երկար լաց լինելուց հետո, երբ հանգստացավ, պատմեց, որ գնացել է մոր մոտ ու պատմել նրան մանկության այն դեպքի մասին: Մայրն արտասվել է ու պատմել. «Մի ժամանակ հայրդ սարսափելի խմում էր, և բանը հասավ այնտեղ, որ նա սկսեց տանից փող գողանալ: Երբ դու ինը տարեկան էիր, ես այլևս չէի կարող դիմանալ և որոշեցի դուրս անել նրան տանից: Նա ներողություն խնդրեց, ծնկի իջավ իմ առջև և խնդրեց վերջին հնարավորություն տալ իրեն: Դրանից հետո նա թողեց խմելն ու աշխատանքի ընդունվեց: Բայց երբ դու տասներկու տարեկան էիր, մի անգամ նկատեցի, որ հինգ ռուբլի պակասում է մեր գումարից: Ես հարցրեցի քեզ, բայց դու պատասխանեցիր, որ չես վերցրել: Այդժամ ես ամուսնուս մեղադրեցի գողության մեջ ու մենք վիճեցինք: Դրանից հետո նա հեռացավ տանից և այլևս չվերադարձավ»: Երբ կինն իմացավ այդ ամենի մասին, հոր նկատմամբ ողջ ատելությունը միանգամից անհետացավ նրա հոգուց, և փոխարենը մի ամբողջ բեռնատար գնացք մեղքի զգացում եկավ, չնայած որ այդքան էլ մեծ մեղք չէր գործել: Թվում է, թե՝ ի՞նչ է, որ հինգ ռուբլին: Մանրուք: Բայց նաև նման մանրուքների միջոցով է Տերը բացում մեր աչքերը…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի