«Պատմվե՞ց քեզ, ո՛վ մարդ, թե ի՛նչ է բարին և ի՞նչ է ուզում քեզնից Տերը»

Նոյեմբերի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ոսկանյան Սիրանուշին (30 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Ինը հոգուց բաղկացած Ոսկանյան ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի 13 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում, որ զուրկ է կեցության համար տարրական պայմաններից: Սիրանուշը նշեց, որ ձմռանը խոնավության պատճառով իրենք չեն կարողանում բնակարանը տաքացնել, բացի այդ չեն կարողանում լուծել նաև մահճակալների հարցը. ինը հոգուց բաղկացած ընտանիքն ընդամենը  երեք մահճակալ ունի: Սիրանուշն օգնության խնդրանքով դիմել է քաղաքապետարան, բայց մնացել է անպատասխան: Սիրանուշի ամուսինը՝  Ոսկանյան Ալեքսանը (49 տ.),  երկրորդ խմբի հաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու:  

«Չորս տղա և երեք աղջիկ ունեմ, եկող տարի՝ ապրիլ ամսին, կծնվի մեր ութերորդ բալիկը: Ֆինանսական խնդիրների պատճառով երեխաներիցս չորսը հաճախում են Էջմիածնի թիվ 2 գիշերօթիկ դպրոց: Ընտանեկան նպաստի և ամուսնուս հատկացվող թոշակի գումարներով փորձում ենք մասամբ հոգալ մեր նվազագույն կարիքները, նաև օգտվում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան բարեգործական ճաշարանից»,- ասաց բազմազավակ ընտանիքի մայրը: Նա անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին՝ ուշադրության և աջակցության համար:

«Պատմվե՞ց քեզ, ո՛վ մարդ, թե ի՛նչ է բարին և ի՞նչ է ուզում քեզնից Տերը. իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծո հետևից գնալու» (Միքիա 6:8): Ս. Կյուրեղ Ալեքսանդրացին, սույն հատվածը մեկնելով, նշում է, որ Աստված ցանկանում է իրավունք հաստատես, այսինքն՝ արդարություն գործես, սիրես ողորմությունը, այսինքն՝ հարստանաս եղբայրասիրությամբ, պատրաստ լինես Տիրոջ հետևից գնալու, այսինքն՝ Նրա հանդեպ խոնարհություն և հնազանդություն ունենաս: «Որպես Աստծո կողմից ընտրված, սրբված և Նրա սերը վայելող մարդիկ, եղե՛ք գթասիրտ, ողորմած, քաղցր, խոնարհ, հեզ և համբերատար»,- հորդորում է Պողոս առաքյալը կողոսացիներին (Կողոս. 3:12): Եվ Ինքը՝ Տերն էլ ասաց. «Գթասի՛րտ եղեք, ինչպես որ Ձեր Երկնավոր Հայրն էլ գթասիրտ է» (Ղուկաս 6:36):

«Դու հարցնում ես, թե ի՞նչ կարող եմ տալ Աստծուն,- այս հարցադրմանը երանելի Օգոստինոսը պատասխանում է և ասում,- ինքդ քեզ: Ի՞նչ է պահանջում Աստված քեզանից, եթե ոչ ինքդ քեզ»: 

 

Կարինե Սուգիկյան 

 

29.11.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․