21 Դեկտեմբեր, Շբ
Հոկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու Զորավոր երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Պայծառակերպության խորհուրդը և տոնի ժողովրդական առանձնահատկությունները» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, աստվածաբան Հասմիկ Աբրահամյանը:
Բանախոսությունն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսը նախ անդրադարձավ Քրիստոսի պայծառակերպության ավետարանական պատմության հայրաբանական մեկնությանը: Նա նշեց, որ, ըստ եկեղեցական մեկնիչների, Քրիստոսի պայծառակերպությանը ներկա Հովհաննես ավետարանիչը չի գրել այդ մասին, քանի որ ժամանակագրորեն վերջինն է գրել իր ավետարանը և իր նպատակներից մեկն է եղել լրացնել այն չընդգրկված դրվագները, որ բացակայել են մյուս ավետարաններում: Իսկ Պայծառակերպությանը ներկա երեք առաքյալները՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, կոչվել են առանձնաշնորհյալ առաքյալներ, իսկ Պողոս առաքյալը նրանց անվանել է եկեղեցու սյուներ:
Երիտասարդները տեղեկացան, որ եկեղեցու հայրերը Քրիստոսի պայծառակերպությունը համեմատում են Նրա մկրտության խորհրդի հետ՝ նշելով, որ տվյալ պատմություններն առանցքային են Ս. Երրորդության անձերի ներկայությամբ: Այնուհետև բանախոսն անդրադարձավ այն հարցին, թե որ լեռան վրա է Քրիստոս պայծառակերպվել: «Թերթելով Ավետարանը՝ տեսնում ենք, որ Թաբոր լեռը բառացիորեն չի հիշատակվում, այդ դեպքում ինչու է այն շրջանառության մեջ դրվել: «Թաբոր» բառացիորեն նշանակում է լուսավորյալ: Եկեղեցու հայրերը հիմնավոր փաստարկ են բերում՝ ասելով, որ եթե սրբազան ավանդությունը մեզ թելադրում է, որ այդ լեռը Թաբորն է, ապա պետք է ընդունենք այն: Եկեղեցու հայրերի վկայաբանությամբ՝ Քրիստոսի պայծառակերպությունը խորհրդանշում է Նրա երկրորդ գալուստը, իսկ Նրա երկու կողմերում հայտնված մարգարեներից Մովսեսը ներկայացնում է ննջեցյալներին, իսկ Եղիան՝ ողջերին, ինչը խորհրդանշում է, որ Քրիստոսի փրկագործությունը բոլորի համար է»,- ասաց Հասմիկը Աբրահամյանը:
Ապա բանախոսը ներկայացրեց Վարդավառի տոնացուցային պատմությունը՝ նշելով այն պատճառները, թե ինչու է այլ խորհուրդ ունեցող Պայծառակերպության տոնը զուգադրվել Վարդավառ տոնին. «Վարդավառի տոնը Հայոց մեջ եղել է անհիշելի ժամանակներից: Քանի կա մարդկությունը, կլինի Վարդավառի տոնը, որովհետև իրականում Վարդավառը և Պայծառակերպությունը լույսի և ջրի տոն են, որոնք տիեզերքի կենսագործունեությունը ապահովող կարևորագույն տարրերն են: Ուսումնասիրողներն ասում են, որ Վարդավառը ունեցել է տասնօրյա տոնական շրջան, որ նշվել է ամառային արևադարձի շրջանում: Երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը փորձեց քրիստոնեության հիմնադրման առաջին քայլերն անել՝ եկեղեցիներ հիմնադրել, սրբերի մասունքները Հայաստան բերել, դպրոցներ հիմնել, նա փորձեց նաև համակարգել մեր տոնական ոլորտը: Քանի որ գլխավոր տոնը Նավասարդի տոնն էր, բնականաբար այն պետք է քրիստոնեացներ: Նա Նավասարդի տոնի փոխարեն հաստատեց Ս. Հովհաննես Մկրտչի տոնը, քանի որ սուրբը Հին և Նոր կտակարանների միջնորդն էր, Քրիստոսի նախակարապետն էր»:
Ըստ տոնի տոնացուցային պատմության՝ Հայ եկեղեցու առաջին երկու տոնացույցներում, որոնք խմբագրվել են 5-րդ դարում Սահակ Պարթև և Հովհան Մանդակունի կաթողիկոսների կողմից, Պայծառակերպության տոնը չի եղել: Իսկ երրորդ Մովսես Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից խմբագրված տոնացույցում Պայծառակերպությունն՝ որպես Աստծո լույսով հայտնության տոն, սահմանվում է ամառային շրջանում. իմաստային ընդհանրացումն արդեն զուգահեռվում է՝ ամառային արևադարձ՝ արևի տոն և Հիսուսի՝ Կենդանի Արեգակի Պայծառակերպության տոն: Տոնը տոնացույցի մեջ ամրագրվում է Վարդավառ անունով: Եվ տոնացույցի վերջին խմբագիրը՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, 1774 թ. Վարդավառ անունը փոխում է Պայծառակերպության անունով, իսկ ներկայիս տոնացույցի մեջ գրվում է թե՛ Վարդավառի և թե՛ Պայծառակերպության անունները:
Բանախոսը նշեց, որ Վարդավառը Նավասարդյան տոների որոշ ծեսեր փոխանցել է իր մեջ, որի հիմնական մասերից է ջրցանությունը, ինչն առ այսօր պահպանվել է, թեև խաղի վերածված, իսկ ջրի խորհուրդը մաքրագործման խորհուրդն է:
Երիտասարդաց միությանն առավել հետաքրքրեց բանախոսության այն հատվածը, որ վերաբերում էր տոնի սոցիալական բնորոշմանը, ինչը մասամբ այսօր էլ պահպանվում է: Հայ եկեղեցու հիմնական տոները կոչվել են ազգային-եկեղեցական տոներ և ունեցել են բաղադրիչներ, որոնցից է ամուսնաընտանեկան ծիսակարգը, որ կենտրոնանում էր նշանված կամ նորապսակ զույգերի վրա, ուներ նաև ննջեցյալների հիշատակ: Ամեն տոն ունեցել է իրեն բնորոշ ուտեստի, ուխտագնացության և մատաղի համալիրները: Օրինակ՝ Վարդավառի մատաղն ունեցել է իրեն բնորոշ արարողակարգը:
Հաջորդ կարևոր գործառույթը, որին անդրադարձավ բանախոսը տոնի հետ կապված, հաշտության խորհուրդն էր. «Մեծ պահքի մաքրագործման շրջանին հաջորդում է Ս. Զատիկը, մարդիկ պատրաստվում էին զատկական հաղորդության, աշխատում էին հոգեպես և ֆիզիկապես մաքրվել: Մաքրվելու, մեղքերից ազատվելու և սխալներն ուղղելու այդ ժամանկաշրջանի համար մեր ավանդական կենցաղում շատ կարևոր է եղել հաշտությունը: Տոնն այնքան մեծ կարևորությամբ է ընկալվել, որ համայնքներից ներս համաներում է տեղի ունեցել: Դեռևս յոթերորդ դարում մենք ունենք տվյալ, որ Վարդավառից առաջ եղել է յոթշաբաթյա պահք, որը տոնացուցային պահք չի եղել»:
Ամփոփելով բանախոսությունը՝ Հասմիկ Աբրահամյանն ասաց. «Պետք է փորձել հաշտության խորհուրդը վերականգնել մեր մեջ գոնե տաղավար տոների կտրվածքով: Եթե փորձենք պահպանել տոների սոցիալական ազդակները, տոներն ավելի իմաստավորված կլինեն և չենք ասի, որ Վարդավառն իր վրա ջուր լցնելու տոն է, այսինքն՝ կկարևորենք տոնի իրական խորհուրդը և էությունը: Ասում ենք ջրով մաքրագործվում ենք, մաքրագործման ձևերից մեկն էլ հոգիների մաքրագործումն է»:
Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց Հասմիկ Աբրահամյանին հետաքրքիր և ուսուցողական բանախոսության համար, որի շնորհիվ երիտասարդներն առավել մանրամասնորեն ծանոթացան Վարդավառ տոնի խորհրդին և ժողովրդական սովորություններին: Ապա իր խոսքն ուղղելով երիտասարդներին՝ Տեր Հայրն ասաց. «Վստահ եմ, որ բանախոսությունից հետո սովորեցիք ավելի իմաստավորել Պայծառակերպության տոնը և այսուհետ տոնն ավելի գիտակցված կտոնեք: Տոնն իր մեջ քրիստոնեական և բարեպաշտական գեղեցիկ սովորություններ է ընդգրկում և հանդիսանում է մղիչ ուժը՝ քրիստոնեաբար ապրելու»:
Կարինե Սուգիկյան