11 Մարտ, Գշ, Մեծ պահքի Թ օր
- Հա՛յր, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք. «Ձեր ոտքերը, ձեռքերը տվեք աշխատանքին, բայց սիրտը մի՛ տվեք»:
- Նկատի ունեմ, որ պետք չէ սիրտը նյութականին տալ: Մարդիկ կան, որ անմնացորդ տրվում են նյութականին: Ողջ օրը մտահոգվում են, թե աշխատանքն ինչպես պետք է կատարվի, իսկ Աստծո մասին ընդհանրապես չեն մտածում: Արդ, մենք էլ չտրվենք դրան: Ձեռքերով աշխատեք, ոտքերով աշխատեք, բայց թույլ մի տվեք, որպեսզի ձեր միտքը Աստծուց շեղվի, ձեր ողջ էությամբ, ներուժով և սրտով մի՛ տրվեք նյութականին: Հակառակ դեպքում մարդը կռապաշտ է դառնում: Որքան հնարավոր է ձեր սիրտը աշխատանքին մի տվեք: Ձեր ձեռքերը տվեք, ձեր բանականությունը: Սրտերը մի տվեք ոչնչությանը, անօգտակարին: Այլապես ինչպե՞ս պիտի այն խայտա Քրիստոսով: Երբ սիրտը Քրիստոսի մեջ է, այնժամ աշխատանքն էլ է սրբագործվում: Եվ մարդն ինքն էլ է պահպանում ուժերի հոգևոր ներքին թարմությունը և իրական ուրախություն է զգում: Ձեր սիրտը ճիշտ օգտագործեք, զուր մի՛ վատնեք:
Եթե սիրտը բազմաթիվ փուչ բաների վրա մսխվի, ապա հետո բավականաչափ ամուր չի լինի ցավելու նրա համար, ինչն իսկապես արժանի է ցավի: Ես սիրտս կտամ նրան, ով քաղցկեղով հիվանդ է, նրան, ով տառապում է, կսկսեմ վտանգի մեջ հայտնված երեխաների համար անհանգստանալ: Ես խաչակնքվում եմ և խնդրում Աստծուն, որպեսզի լուսավորի նրանց: Եվ երբ այցելուներ ունեմ, ուշադրությունս նրանց ցավի, նրանց հանդեպ ունեցած սիրո վրա է կենտրոնացած: Սեփական ցավս չեմ նկատում: Այս կերպ [երկրորդական] ամեն ինչ մոռացության է մատնվում, այսինքն մարդը դեպի հակառակ կողմ է ձգտում:
- Հա՛յր, իսկ յուրաքանչյուր աշխատանքի պարագայում էլ հնարավո՞ր է միտքն ու սիրտը դրան չտալ:
- Եթե պարզ աշխատանք է, ապա հենց ինքն է նպաստում, որ միտքը չխորասուզվի դրա մեջ: Իսկ եթե բարդ է, բազմակազմ, ապա որոշակի մտասուզումն արդարացված է: Սակայն աշխատանքը չպետք է տիրի սրտին:
- Իսկ աշխատանքն ինչի՞ օգնությամբ է սրտին տիրանում:
- Ինչի օգնությա՞մբ: Թմրանյութի: Սատանան թմրեցնում է սիրտը, եսասիրության միջոցով տիրում դրան: Բայց եթե սիրտն Աստծուն է տրված, ապա միտքն Աստծո հետ է գտնվում, իսկ ուղեղն աշխատանքով է զբաղված:
- Իսկ «անհոգություն» ասելով հստակ ի՞նչ նկատի ունենք:
- Մի մոռացիր Քրիստոսի մասին, երբ աշխատում ես: Ուրախությամբ աշխատիր, բայց սիրտդ ու միտքդ թող Աստծո հետ լինեն: Այդժամ և՛ չես հոգնի, և՛ հոգևոր պարտականություններդ* կկարողանաս կատարել:
* Վանականի հոգևոր պարտականություններ "πνευματικά καθήκοντα" – ժամերգությունները, աղոթական կանոնները, երկրպագությունները, Սուրբ Գրքի, հայրաբանության ընթերցանությունը և այլն, որ յուրաքանչյուր վանական պարտավորվում է անպայմանորեն կատարել:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի