3 Դեկտեմբեր, Գշ
Պետրոս առաքյալ
Պատկերագրության մեջ հանդիպում ենք Պետրոս առաքյալին՝ փրկության ճանապարհը ցույց տվող, Ավետարանը ձեռքին, ով Քրիստոսի խոսքի համաձայն (Մատթ. 16:18-19) համարվում է եկեղեցու վեմը (հուն. Պետրոս նշանակում է վեմ): Երբ Հիսուսը հարցրեց աշակերտներին, թե՝
-Իսկ դո՞ւք ինչ եք կարծում, ո՞վ եմ Ես:
Սիմոն Պետրոսը պատասխանեց.
-Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին:
Հիսուսը նրան ասաց.
-Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև դա քեզ հայտնողը մի մարդ չէր, այլ Իմ Հայրը, որ երկնքում է: Եվ Ես քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա պիտի շինեմ Իմ եկեղեցին, որ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չկարողանա հաղթահարել (Մատթ. 16:13-18):
Ահա այս խոստովանությունից հետո մինչ այդ որպես Սիմոն հանդես եկող առաքյալը արժանանում է մեծ գովասանքի՝ ստանալով Պետրոս անունը, որ թարգմանվում է վեմ:
Արվեստաբանական հետազոտությունները հաստատում են, որ 4-րդ դարում վերջնականապես ձևավորվում է Պետրոս առաքյալի պատկերագրական կերպը, որի համաձայն Պետրոսը պատկերվում է տարեց, հաղթանդամ տղամարդու տեսքով՝ կարճ, ալեհեր, առատ ու գանգուր մազերով, գանգուր ու կլոր մորուսով և կոպիտ դիմագծերով: Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցին «Ոտնլվա» մանրանկարում Պետրոսին ներկայացնում է ծերունու կերպարանքով: Սովորաբար, այս մանրանկարի այլ պատկերագրական տարբերակներում Պետրոսը ձեռքով ցույց է տալիս իր գլուխը, որը ավետարանական տեքստի պատկերային արտահայտությունն է, և խնդրում լվալ նաև. «…զձեռս եւ զգլուխ» (Հովհ. 13:9-10): Հովհաննես Խիզանցու մանրանկարում Պետրոսը ձեռքը գլխին տանելու փոխարեն այն ուղղել է դեպի Հիսուսը և օրհնում է Նրան:
Պատկերագրական կերպերին հիմնականում համերաշխ են մատենագրական վկայությունները. «Եւ էր սուրբն Պետրոս կարճահասակ, հետ գլխոյն գռուզ և սպիտակ, մօրուսն թաւ եւ սպիտակ, սպիտակամարմին, երկայնաքիթ եւ թաւաթն, խստասիրտ եւ արագահաշտ եւ սքանչելագործ» (Յասմաւուրք): «Պետրոս սպիտակամօրուք, կարճագունիւք եւ կարմրատեսակ երեսօք, եւ ի ձեռին իւրում բանալի» («Նշանակութիւնք կերպարանաց Առաքելոց» ՄՄ, ձեռ. 3105, 612ա):
Առաքելական խմբին առաջնորդող Պետրոս առաքյալը տասներկուսի մեջ միշտ հիշվում է ամենաառաջինը: Մատթեոսը տասներկու աշակերտների իր ցանկը սկսում է «Առաջինը Սիմոն» բառերով (Մատթ. 10:2): «Առաջին» բառի հունարենը «պրոտոս» է ("πρῶτος"), որ նշանակում է թե՛ առաջին և թե՛ գլխավոր: Թերևս սա է պատճառը, որ Տերունական պատկերներում, որտեղ ներկայացված են առաքյալները, հիմնականում կենտրոնում պատկերվում է Պետրոս առաքյալը: Խորհրդավոր ընթրիքի մանրանկարներից մեկում առաքյալների շարքը գլխավորում է Պետրոս առաքյալը: Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցին «Հոգեգալուստ» մանրանկարի կենտրոնում պատկերել է Պետրոս և Հովհաննես առաքյալներին: Այս առաքյալներին, ինչպես նաև Հակոբոսին էր միայն տրվել շնորհ իրենց աչքերով տեսնելու պայծառակերպված Քրիստոսին (Մատթ. 17:1; Մարկ 9:2; Ղուկ. 9:28): Նրանք Հիսուսի հետ էին Հայրոսի աղջկա հարության ժամանակ (Մարկ. 5:37; Ղուկաս 8:51), Գեթսեմանիի պարտեզում (Մատթ. 26:40; Մարկ. 14:37): Պետրոսն ու Հովհաննեսն էին, որոնց հանձնարարվեց պատրաստելու Վերջին ընթրիքը Երուսաղեմում (Ղուկ. 22:8):
Աքաղաղը ժամանակը բնազդաբար հայտարարող թռչուն է, ծառայում է մարդուն որպես զարթուցիչ: Աքաղաղի կանչից մարդը կարող էր կռահել օրվա պահը: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս, Պետրոսին սաստելով, ասում է. «Մինչև աքաղաղը երեք անգամ կանչի դու կուրանաս Ինձ»: Այստեղ աքաղաղի կանչերը այլաբանորեն խորհրդանշում են, որ շատ կարճ ժամանակում դեռ լույսը չբացված Պետրոսը կարող է ուրանալ: Պատկերագրության մեջ աքաղաղը խորհրդանշում է Պետրոս առաքյալի ուրացումները և զղջումը (Մատթ. 26:69-75; Մարկ. 14:68-72; Ղուկ. 22:57-62): Ղուկաս ավետարանիչը նշում է, որ Պետրոսի ուրացությունների այդ շղթայից հետո, երբ Քրիստոսի և Պետրոսի հայացքները միանում են իրար, Քրիստոսի այդ նախատինք պարունակող հայացքում Պետրոս առաքյալը գտնում է իր փրկությունը. դուրս է գալիս և դառնորեն լաց լինում: Հայրաբանական գրականության մեջ Պետրոսի երեքանգամյա սիրո խոստովանությունները նկատվում են որպես նրա երեքանգամյա ուրացությունների սրբագրում: Պետրոս առաքյալը, երեք անգամ սիրո խոստովանություն անելով Քրիստոսին, սրբագրում է իր մեղքը և վերստին դասվում առաքյալների շարքին:
Պետրոս առաքյալի անունը խիստ կապված է Պողոս առաքյալի հետ և կան եկեղեցիներ, որ հենց այդպես էլ կոչվում են Պողոս-Պետրոս: Ըստ ավանդության՝ Պետրոսը և Պողոսը միասին մեկնել են Անտիոք և 37թ-ին հիմնել Անտիոքի ուղղափառ եկեղեցին: Պետրոս առաքյալը Պողոս առաքյալի հետ միասին պատկերվում է գահակալ Քրիստոսի կողքին (Էջմիածնի Ավետարան): Ի տարբերություն, օրինակ Ռաբուլայի Ավետարանի, ինչպես նաև սիրիական մյուս ձեռագրերի, որտեղ ավետարանիչներն ու մարգարեները ոտաբոբիկ են և կամ սանդալներով, այս Ավետարանում Քրիստոսի կողքին կանգնած երկու սրբերն ունեն կոշիկներ, որոնք սրածայր են ու շրջված դեպի վեր: Այստեղ, ինչպես մյուս ֆիգուրները, այնպես էլ Պետրոս առաքյալի ֆիգուրը ունի խիստ ճակատային կեցվածք, որի պատճառով ֆիգուրները բացարձակապես մեկուսացված են միմյանցից:
Մոմիկի մանրանկարներնում տիպաժներն ունեն իրենց առանձնակի գույնը, որի շնորհիվ գրեթե անսխալ կարելի է որոշել յուրաքանչյուրին: Օրինակ Պետրոսին նկարիչը պատկերում է երկնագույն թիկնոցով, մանուշակագույն քիտոնով: Պետրոս առաքյալի քիտոնը սովորաբար դեղնագույն է լինում: Պատկերագրական նման շեղումը, որ տեսնում ենք Մոմիկի մոտ Արևմուտքին բնորոշ երևույթ է:
Կարմիր եզրագծի մեջ վերցված ոսկեգույն լուսապսակի պատկերման ձևը հայտնի էր դեռևս վաղ շրջանի քրիստոնեական արվեստում: Նույնպիսի կարմիր եզրագծով է անջատվում Պետրոս առաքյալի ոսկեգույն լուսապսակը Սալոնիկի Հոսիոս Դավիդ եկեղեցու (5-6-րդ դդ.) աբսիդի խճանկարում:
Պետրոսի գլխավոր խորհրդանիշներն են շրջված խաչը (քանի որ իր ցանկությամբ խաչվել է գլխիվայր)՝ երեք հորիզոնական թևերով, և երկու խաչված բանալիները, քանի որ Քրիստոսի «Քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում» (Մատթ. 16:19) խոսքերի հետևողությամբ Պետրոսը պատկերվում է երկու խաչված բանալիներով:
Ավանդությունն ասում է, որ առաքյալը, արժանի չհամարելով իր ուսուցչի Քրիստոսի նման խաչվել, գլխիվայր է խաչվել, որը մեկնաբանել է այսպես. «Քրիստոս երկնքից իջավ երկիր, իսկ ես երկրից բարձրանում եմ դեպի երկինք, այդ իսկ պատճառով ես պետք է խաչվեմ գլխիվայր»:
Պողոս առաքյալ
Քրիստոնեության տարածման և քրիստոնեական եկեղեցու ձևավորման գործում մեծագույն ներդրում ունեցող առաքյալը Հիսուսի աշակերտներից չէր, ավելին, նա ի սկզբանե եղել է քրիստոնյաներին հալածող հռոմեական պաշտոնյա և այնուամենայնիվ նա համարվում է Հիսուսի 13-րդ առաքյալը: Խոսքը Պողոս առաքյալի մասին է, որը ծնվել է փարիսեցու ընտանիքում, ուսումը ստացել հունական նշանավոր կրթական կենտրոններից մեկում՝ Տարսոնում, այնուհետև շարունակել Երուսաղեմում՝ հրեա համբավաշատ օրենուսույց Գամաղիելի մոտ: Բացի այդ վարպետորեն տիրապետում էր նաև վրանագործության արհեստին: Պողոսն ինքն է հետագայում վկայում, որ ուսանել ու ապրել է որպես ջանասեր և նախաձախնդիր փարիսեցի: Պողոսը եբրայական Սավուղ անվան հունական ձևն է: Պողոս առաքյալն սկզբնական շրջանում հալածում էր քրիստոնյաներին, սակայն հետագայում նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին՝ դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Գործք Առաքելոցում նկարագրվում է Սավուղի դարձի գալու պատմությունը:
Արվեստաբանական հետազոտությունները հաստատում են, որ 4-րդ դարում վերջնականապես ձևավորվում է Պողոս առաքյալի պատկերագրական կերպը, որի համաձայն Պողոսը պատկերվում է նեղ դեմքով, ճաղատ գլխով և երկար մորուքով: Պատկերագրական կերպերին հիմնականում համերաշխ են մատենագրական վկայությունները. «Էր սուրբն Պօղոս անձամբն կարճ եւ հաստ, ճաղատ, ալեխառն, մեծաքիթ, խաժակն, թաւայօն, զուարթերես, երկայնամօրուս, եւ աստուածային շնորհօքն արտափայլեալ…» (Յասմաւուրք): Համեմատությունը ցույց է տալիս, որ արևելաքրիստոնեական մատենագրության և կերպարվեստի այս ընդհանուր ակունքներից են գալիս հայ մանրանկարչության մեջ Պողոս առաքյալի պատկերագրական հայտնի ձևը:
Ի տարբերություն պատկերագրական սովորական տիպի, ըստ որի Պողոսը ճաղատ է ներկայացվում, առաքյալը հաճախ պատկերվում է ճակատը ծածկող առատ մազերով, հանդերձանքի վրա գրված հունարեն տառերով: Հանդիպում ենք պատկերների, որտեղ Պողոսը պատկերվում է Պետրոսի հետ միասին, գահին բազմած Քրիստոսի երկու կողմերում (Էջմիածնի Ավետարան): Պողոս առաքյալը, ինչպես և ավետարանիչները, պատկերվում է թանաքամանը ձախ ձեռքին, իսկ աջով շարադրանքի առաջին տառը գրելիս:
Պատկերագրական տիպի յուրահատկություններից է, որ Պողոս առաքյալը պատկերվում է Վերջին ընթրիքը ներկայացնող նկարներում, թեև ներկա չի գտնվել: Քրիստոնեական խորհրդաբանության նշանավոր հետազոտող Շիլլերը գրում է. «Այն պատկերում է հաղորդության ծեսը, սակայն ցույց է տալիս Քրիստոսին՝ կանգնած որպես քահանա խորանի ետևում: Տասներկու առաքյալները մոտենում են երկու խմբով, և Նա հացը տալիս է աջ կողմի կանգնածներին, իսկ սկիհը՝ ձախ կողմի կանգնածներին: Հուդան ներկա չէ: Պողոսի ներկայությամբ նրանց թիվը տասներկուս է: Նրա ներկայությունը Վերջին ընթրիքին պատմական փաստ չէ (այսինքն Ավետարանով վկայակոչված չէ), սակայն քանի որ տասներկու առաքյալները (տասներկուսը խորհրդանշական ձևով առաքյալների ամբողջությունն է ցույց տալիս) այստեղ ներկայացնում են քրիստոնեական համայնքը, Պողոսն ընդգրկվել է, քանի որ նա ներկա է նաև Համբարձման և Հոգեգալստյան պատկերներում»: Հոգեգալստյան պատկերներում Պողոսը Պետրոսի հետ պատկերվում են Տիրամոր աջ և ձախ կողմերում, որոնք գլխավորում են առաքյալների երկու խմբերին: Թեև Պողոս առաքյալը Հոգեգալստի ու առավել ևս Համբարձման ժամանակ դեռևս առաքյալների շարքը չէր դասվել, սակայն նրա ներկայությունը երկու պատկերներում էլ՝ որպես հեթանոսաց առաքյալի, խորհրդանշում է, որ Ավետարանը քարոզվելու է նաև հեթանոսներին: Վերափոխման պատմությունում ևս Տիրամոր աջ և ձախ կողմերում վեց հոգիանոց երկու խմբերով կանգնած են 12 առաքյալները՝ Պողոս եւ Պետրոս առաքյալների գլխավորությամբ:
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարներից մեկում Պողոսը պատկերված է Պետրոսի, նրա եղբայր Անդրեասի և Փիլիպոսի հետ: Նրանց ճանաչում ենք դիմանկարների և նրանց կից արձանագրությունների վերծանումով: Առաքյալներից մի քանիսը բռնել են Ավետարանը, ուրիշները՝ գալարակ և գիրք:
Կազմեց Գայանե Սուգիկյանը