Հռովմեական արևելյան նահանգներից մեկում մի քահանա էր ապրում: Իր կյանքի անաղարտության համար Աստծուց հրաշքներ գործելու շնորհ էր ստացել՝ կույրերի տեսողությունն էր վերադարձնում, բորոտներին բուժում և դևերին հալածում:
Մի անգամ նրա մոտ ծանր հիվանդ մի տասնհինգամյա աղջկա բերեցին: Նրա հայրը, ով մեծանուն մի պաշտոնյա էր, սրբի ոտքերն ընկնելով՝ աղերսեց.
- Ո՜վ Աստծո մարդ, խղճա ինձ ու մի մերժիր: Միակ դուստրս արդեն երեք տարի հիվանդ է, մարմնի ոչ մի մասը շարժել չի կարող: Աղոթիր մեզ համար, խղճա մեզ, քանի որ Քրիստոսի Եկեղեցու զավակներն ենք ու Սուրբ Մկրտության դրոշմն ենք կրում:
Աստծո սուրբը կարեկցությամբ լցվեց այդ դժբախտ հոր նկատմամբ և ողջ եռանդով աղոթեց նրա դստեր համար: Այնուհետև սուրբ յուղով օծեց հիվանդին, ով նույն պահին բժշկվեց և ինքնուրույն ոտքի կանգնեց: Իսկ ուրախությունից ցնծացող և հրաշքի համար Աստծուն երախտագիտություն հայտնող հորը սուրբն ասաց.
- Եթե ուզում ես, որ տանդ ոչ ոք չհիվանդանա, ապա ողջ ընտանիքով ամեն կիրակի Աստծո Սուրբ Մարմնին և Արյանը հաղորդվեք՝ նախապես ձեր սրտերը մաքրելով ինչպես հարկն է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի