13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Հիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը: Եվ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմիր ինձ, Տեր, Դավթի Որդի, աղջիկս չարաչար դիվահարվում է»: Բայց Նա նրան պատասխան չտվեց, և նրա աշակերտները մոտենալով՝ աղաչում էին Նրան ու ասում. «Արձակիր նրան, որովհետև մեր հետևից աղաղակում է»: Նա պատասխան տվեց և ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ»: Իսկ կինը մոտենալով՝ երկրպագում էր Նրան ու ասում. «Տեր, օգնիր ինձ»: Նա պատասխանեց նրան և ասաց. «Լավ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: Եվ նա ասաց. «Այո, Տեր, որովհետև շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: Այն ժամանակ նրան պատասխանեց և ասաց. «Ով կին, մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպես որ կամենում ես»: Եվ նրա դուստրը նույն ժամին բժշկվեց» (Մատթ. 15:21-28):
Որքան մեծ սքանչելիք: Քրիստոս բազմաթիվ հրաշքներ էր գործել Հրեաստանում, Գալիլիայում, բայց նրանք չէին ընդունում Տիրոջը, հալածում էին ու նեղությունների ենթարկում, իսկ երբ Նա եկավ օտարական մի երկիր՝ հեթանոսների մեջ՝ Տյուրոսի և Սիդոնի սահմանները, այս կինը, որ միայն լսել էր Քրիստոսի մասին և չէր էլ տեսել Նրա հրաշքները, իր սահմանից դուրս էր եկել, երկար ճանապարհ կտրել, որպեսզի Քրիստոսին գտնի: Եվ երբ գտավ, Նրան կոչեց Դավթի Որդի՝ ասելով. «Ողորմիր ինձ, Դավթի Որդի, աղջիկս չարաչար դիվահարվում է» (Մատթ. 15:22): Ում մոտ որ Հիսուս գնաց, նրանք (հրեաները) մերժվեցին: Իսկ նրանք, ովքեր մերժված էին ու երկար չարչարանքներ կրելով Քրիստոսի հետևից եկան, ընդունվեցին: Սա խորհրդանշում էր հրեաների մերժումը և հեթանոսների ընդունումն Աստծո ժողովրդի մեջ: Այդ կինը Քրիստոսին կոչեց Դավթի Որդի, որովհետև հիշել էր, որ Դավիթը քնար նվագելով Սավուղի միջից դևեր էր հանում, և ինքն էլ է դիմում Նրան և ասում, թե քանի որ Դավիթը քնար նվագելով, աղոթելով Սավուղի դևերին էր հալածում, հավատում է, որ Նա Դավթի Որդին է և Իր աղոթքներով կարող է իր դստեր միջից դևերին հանել: Բայց Քրիստոս ուշադրություն չդարձրեց: Եվ գիտեք, երբ մենք Տիրոջն ենք դիմում և մերժվում ենք, կարծես շատ ենք վիրավորվում, նեղվում: Բայց սա մարդկային է: Տերը գիտի մեր այցելության պահը, ժամը: Այս կինը մերժվեց, բայց երբեք ետ չկանգնեց, անդադար գնաց Քրիստոսի հետևից, և երկրորդ անգամ ընկավ Քրիստոսի ոտքերը: Առաքյալները միջնորդեցին նրա համար, բայց այդ միջնորդությունն էլ չանցավ, որովհետև Քրիստոս ասաց` արժանի չէ. «Ես չեմ եկել հեթանոսների մոտ, այլ Իսրայելի ժողովրդի մոտ»: Քրիստոս երկրորդ անգամ արգելք դրեց նրա առջև, բայց կինը չդադարեց աղաղակել, խնդրել ու պաղատել: Մոռացավ առաքյալներին, ինքն անձամբ եկավ, Քրիստոսի ոտքերն ընկավ և ասաց. «Տեր, ողորմիր իմ դստերը, չարաչար այսահարվում է»: Այնտեղ Քրիստոս Իր բերանով մերժեց նրան: Եթե մինչ այդ առաքյալների միջոցով էր մերժել, այս անգամ արգելք դրեց և ասաց. «Լավ չէ մանուկների հացը վերցնել, գցել շներին» (Մատթ.15:26): Քրիստոս հաց է կոչում Իր վարդապետությունը, և մանուկներ է կոչում Երկնքի Արքայության զավակներին: Եվ Իր վարդապետությունը արժանի չէ գողերի, շնացողների և անառակների առջև գցել, ինչպես մեկ այլ տեղ Քրիստոս ասում է. «Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք» (Մատթ. 7:6): Բայց այս պարագային մեծ էր թախանձանքն ու խնդրանքը, և կինն ասաց՝ այո, ես շուն եմ, այո, ես մեղավոր հեթանոսական շնացող ազգից եմ (քանզի ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ շնանում էին հեթանոսները քարերի ու երկաթների հետ, այսինքն՝ իրենց Տեր Աստծուն թողած գնում էին և շնանում կուռքերի հետ, երկաթյա ու քարե արձաններ ու փայտե կուռքեր էին պաշտում, և այդ պատճառով կոչվում էին «շուն»): Այո, մենք բազմաթիվ մեղքեր ենք գործել, չարիքներ ենք արել, ճշմարիտ Աստծուն թողած դևեր ենք պաշտել, բայց այսօր մենք դարձի ենք եկել: Եվ ինչպես շունն է քծնում Տիրոջը, այդպես էլ մենք, խնդրում ենք. «Տեր, Քո սեղանի փշրանքներից գոնե մաս ու բաժին հանիր մեզ»: Բնականաբար Աստծո կողմից այսպիսի խնդրանքը չպետք է մերժվեր, և Քրիստոս ասաց. «Ով կին, մեծ է քո հավատը, թող քեզ լինի` ինչպես որ կամենում ես» (Մատթ. 15:28): Եվ անմիջապես նրա դուստրը բժշկվեց: Մենք էլ պաղատենք ու խնդրենք` ասելով. «Տեր, թեպետ մեծ չարիքներ գործեցինք, շնացանք, գողացանք, բայց դարձի ենք եկել, և ինչպես թախանձող մի շուն, խնդրում ենք, Քո սեղանի փշրանքներից մեզ մաս ու բաժին հանիր»: Ամեն:
Տեր Միքայել վարդապետ Գևորգյան