22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այսքան տառապում:
- Աստծո սիրուց: Դու, միանձնուհի լինելով, առավոտյան վաղ ես արթնանում, քո վանական կարգն ես կատարում, համրիչով աղոթում ես, ծնրադրում և այլն: Այն դժվարությունները, որոնց միջով աշխարհիկ մարդիկ են անցնում՝ իրենց կարգն է, իրենց կանոնը: Մարդիկ մաքրվում են այդ դժվարությունների ու տառապանքի միջոցով: Այդ տառապանքը նրանց ավելի մեծ օգուտ է տալիս, քան աշխարհիկ անհոգ կյանքը, որը նրանց ո՛չ օգնում է Աստծուն մոտենալ, ո՛չ էլ՝ երկնային հաշվի վրա հոգևոր խնայողություններ հավաքել: Այդ պատճառով էլ մարդիկ վշտերն ու փորձությունները պետք է որպես Աստծո պարգևներ ընդունեն:
Բարեգութ Աստված, Բարի Հոր պես, կամենալով, որպեսզի Իր զավակները դեպի Իրեն դառնան՝ փորձությունների միջոցով է դաստիարակում նրանց: Նա՝ դա սիրուց մղված և աստվածային բարությունից է անում, այլ ոչ թե՝ չարությունից կամ աշխարհիկ օրենքների վրա հիմնված արդարությունից ելնելով: Այսինքն, կամենալով փրկել Իր արարածներին, կամենալով, որպեսզի նրանք Իր Երկնային Արքայությունը ժառանգեն՝ Աստված փորձություններ է թույլ տալիս: Նա թույլ է տալիս փորձություններ պատահեն, որպեսզի մարդը պայքարի, սխրանք գործի և քննություն հանձնի՝ ցավի մեջ համբերելու համար, այնպես, որպեսզի սատանան չկարողանա ասել. «Ինչի՞ համար ես վարձատրում նրան կամ ինչպե՞ս ես փրկում նրան: Չէ՞ որ նա ջանք չի թափել»: Երկրային կյանքն Աստծուն չի հետաքրքրում, Նրան ապագա կյանքն է հետաքրքրում: Նախ և առաջ, Նա հոգ է տանում մեր ապագա կյանքի մասին և հետո միայն՝ երկրայինի:
- Հա՛յր, Աստված ինչո՞ւ է որոշ մարդկանց շատ փորձություններ ուղարկում, իսկ մյուսներին ընդհանրապես չի ուղարկում:
- Սուրբ Գիրքն ի՞նչ է ասում: «Քանզի Տերը ում սիրում՝ նրան խրատում է…» (Առակ. 3:12): Օրինակ՝ մեկը ութ երեխա ունի: Հինգը հոր հետ են ապրում, իսկ երեքը հեռանում են տնից ու մոռանում հորը: Եթե հոր հետ ապրող երեխաներն ինչ-որ սխալ գործեն, ապա հայրը կարող է նրանց ականջները ձգել, կամ ծոծրակին հասցնել, կամ էլ փաղաքշել նրանց և շոկոլադ տալ, եթե ողջամիտ են: Իսկ նրանք, որոնք հորից հեռու են ապրում՝ ո՛չ քնքշանք ունեն, ո՛չ էլ՝ ծոծրակին հարված: Այդպես էլ Աստված է վարվում: Իր հետ ապրող կամ դեպի բարին շարժվող մարդկանց «ծոծրակին հասցված հարվածով» է Աստված պատժում, եթե մեղք են գործում և այդ կերպ վճարում են իրենց մեղքերի համար: Կամ էլ, եթե նրանց շատ հարվածներ է տալիս, ապա իրենց համար երկնային վարձք են կուտակում: Իսկ նրանց, ովքեր իրենից հեռու են ապրում՝ երկար տարիների կյանք է տալիս, որպեսզի դարձի գան: Այդ պատճառով էլ տեսնում ենք, որ աշխարհիկ մարդիկ լուրջ մեղքեր են գործում և չնայած դրան՝ ապահովված են նյութական բարիքներով և առանց վշտերի ապրում են երկար տարիներ: Դա Աստծո նախախնամությամբ է կատարվում, որպեսզի այդ մարդիկ ապաշխարեն: Եթե չապաշխարեն, ապա մյուս կյանքում արդարանալու բան չեն ունենա:
* Առակ. 3:12
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի