Քար չնետենք մեր ուրախության վրա

Սեր, ուրախություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. սբ. Պողոս առաքյալը Սուրբ Հոգու պտուղներից երկրորդը նշում է ուրախությունը:

Ուրախությունն Աստծու համար հաճելի է և ցանկալի. «Աստծու Արքայությունն ուտելիք կամ ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն՝ Սուրբ Հոգուց տրված»,- ասում է առաքյալը (Հռոմեացիներ 14:17):

Ուրախ լինելու պատգամի մասին կարդում ենք. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից ասում եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպպեցիներ 4:4): Աստվածաշունչը լի է ուրախությամբ ապրելու կոչերով: Եվ, բնականաբար, խոսքը հոգևոր անսպառ ուրախության մասին է, քանի որ արհեստականորեն ուրախություն ստեղծելու բոլոր միջոցները կարճաժամկետ են, որոնց անմիջապես հետևում է դատարկության զգացումը:

Հողագործն ակնթարթորեն հասուն հասկ չի կարող ստանալ, քանի որ մինչ այդ նա սերմանում է, քաղհանում մոլախոտերը: Ուրախությունն էլ պահանջում է համբերություն, համառություն․ այն պետք է աճեցնել ինչպես բույսը, թույլ տալ, որ կյանք ունենա, այլ ոչ թե սպանել: Հարց է առաջանում, իսկ կա՞ մեկը, որ փորձում է սպանել իր ուրախությունը, չէ՞ որ յուրաքանչյուր անձ ձգտում է ուրախության և երջանկության: Հոգևոր տեսանկյունից դիտելով, տեսնում ենք հետևյալ պատկերը՝ շատ անգամ երջանկության և ուրախության ձգտողն իր գործերով քար է գցում իր իսկ երջանկության և ուրախության վրա՝ վիրավորելով կամ սպանելով այն: Այդ քարերը ուրախությունը սպանող մեղքերն են։ Վառ օրինակը ալկոհոլ և թմրադեղ գործածողներն են, որ իրենց կարծեցյալ ուրախությունից հետո ապրում են առավել մեծ և խոր անկում: Մարդիկ, որ խորհուրդ են տալիս ցավը խեղդել խմիչքով, սխալվում են, որովհետև մեծաթիվ ինքնասպանություններ մարդիկ գործում են խմիչքի ազդեցության տակ: Խմիչքը միայն խորացնում է տրտմությունը՝ տանելով հուսահատության: Եվ դա այդպես է բոլոր մեղքերի պարագայում։ Մարդ կարծում է, որ կգտնի ուրախություն, այնինչ հետո պարզում է, որ սխալվել էր:

Շատ հաճախ էլ կարելի է լսել, որ իբր քրիստոնեությունը պահանջում է հրաժարվել «կյանքի ուրախություններից»: Այնինչ հակառակը՝ քրիստոնեությունը պահանջում է հրաժարվել այն ամենից, ինչը սպանում է ուրախությունը:

Մեղքերից մեկը, որ դանդաղ և անմիջականորեն է սպանում ուրախությունը, տրտունջն է: «Ինչ որ անում եք, արե՛ք առանց տրտունջի և առարկության, որպեսզի լինեք անմեղադրելի և անարատ, Աստծու իրական որդիներ, որոնք անբիծ վարքով ապրում են ապականված և այլասերված մի հասարակության մեջ» (Փիլիպպեցիներ 2:14-15): Տրտնջացողը դժգոհ է ամեն ինչից, նա պահանջներ ունի Աստծուց, մարդկանցից, հանգամանքներից՝ ամեն անգամ մեծացնելով իր մեջ վիրավորվածության զգացումը: Պարադոքսն այն է, որ նա տրտնջում է այն պատճառով, որ երջանիկ չէ, բայց և չի էլ կարող երջանիկ լինել, քանի որ տրտնջում է:

Հնարավոր չէ հասնել ուրախության առանց խոնարհ և շնորհակալ սրտի, ինչպես ասում է սբ. Պողոս առաքյալը. «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16-18):

Ուրախությունը սպանող մեղքերից է նաև բարկությունն ու մարդկանց դատելը:

Այսպիսով, մարդ ամեն անգամ իր ուրախության վրա քար գցելով, մահացու վիրավորում է և սպանում այն, բայց այս վիճակից դուրս գալու ելք կա. Աստծու ողորմությունն այստեղ էլ է գործում. մարդ կարող է վերագտնել ուրախությունը, եթե զղջա և ապաշխարի իր մեղքերը: Ուրիշի մեղքերը մատնանշելով և բարկանալով՝ անձն առավել մեծ հուսահատության մեջ է ընկնում, այնինչ սեփական մեղքերի գիտակցումով և ապաշխարությամբ ուրախություն է ապրում: Ուրախությունը կապված է գոհունակության և հույսի հետ: Քրիստոս Իր առաքյալներին ասաց, որ ուրախ լինեն այն բանի համար, որ նրանց անունները գրված են Երկնքում (Ղուկաս 10:20): Աստվածապարգև ուրախության և հույսի շնորհիվ հաղթահարվում են առօրյա փորձությունների արհավիրքները, քանի որ Աստված սեր է, Նրա սերը հաղթել է աշխարհին, Նրա նախախնամությունը տանում է մեզ դեպի Արքայություն: Երկրի վրա մարդ նախազգում է այդ երկնային ուրախությունը, որ, ըստ Սուրբ Գրքի և եկեղեցու հայրերի, անպատմելի է: Այնտեղ՝ այդ ուրախության մեջ, չկա հիվանդություն, տխրություն և եթե մարդ մի փոքր անգամ պատկերացներ այդ անպատմելի ուրախությունը, ապա այս ժամանակավոր կյանքի փորձությունները, դժվարություները, զրկանքներն ու զրպարտությունները ոչինչ համարելով՝ գոհունակությամբ կտաներ:

Երեխան, երբ գիտի, որ ծնողներն իրեն դասերից հետո տանելու են ծովափ, արդեն մտովի հայտնվում է այնտեղ և ուրախություն ապրում: Նույն է նաև այս դեպքում, երբ քրիստոնյան իր առաքինի կյանքով Երկնքի Արքայության հույսն ունի, ապա մտովի այնտեղ լինելով՝ ուրախություն է ապրում:

«Ապաշխարությունը վերադարձ է հակաբնական վիճակից՝ բնականի, սատանայից Աստծուն» (Հովհաննես Սանդուղք): Արդ ապաշխարությամբ վերադառնանք մեր բնական վիճակին, մեր ուրախության աղբյուրին՝ Աստծուն, Ով մարդ դարձավ, ոպեսզի փրկի մեզ՝ հոգ տանելով մեր հավիտենական ուրախության մասին:

 

Կարինե Սուգիկյան

10.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․