25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի բարեպաշտ և հավատավոր ժողովուրդ,
Ամեն տարի այս օրը, այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսի լուսաշող Ծննդյան ութերորդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում՝ ի պատիվ Տիրոջ Անվանակոչության տոնի:
Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը տեղի է ունեցել Նրա ծննդյան ութերորդ օրը, թլպատության հետ միասին, որ ընդունված ավանդույթ էր Իսրայելում: Այս ավանդույթի ակունքները մեզ տանում են Քրիստոսի Ծնունդից հազարավոր տարիներ առաջ, մինչև նախահայր Աբրահամի ժամանակները: Սա այն ժամանակներն էին, երբ մարդիկ հեռացել էին Կենդանի Աստծուց ու հեթանոսներ էին դարձել: Եվ այդժամ, մտահոգված այդ մոլորված ժողովրդի փրկությամբ, Հայր Աստված որոշեց մի ժողովուրդ ընտրել նրանց միջից, որն Իր ընտրյալ ժողովուրդը կհամարվեր և որից էլ հետագայում կծնվեր համայն մարդկության Փրկիչը: Այդ առաքելության համար Նա ընտրեց նախահայր Աբրահամին, ով այդ ժամանակ իննսունինը տարեկան էր, սակայն դեռևս զավակ չուներ ու խոստացավ նրան, որ անթիվ սերունդներ կժառանգի, որոնց մեջ նաև թագավորներ պիտի ծնվեն և Ինքը նրանց Աստվածը պիտի լինի և ի նշան այդ ուխտի՝ պատգամեց նրա ազգատոհմի յուրաքանչյուր արու զավակի ծննդյան ութ օրերը լրանալուն պես թլպատել նրան (Ծննդ. 17:12):
Սիրելինե՛ր, վստահաբար գիտենք, որ Աստծո Միածին Որդին աշխարհ եկավ Նոր Ուխտը հաստատելու համար, որի նշանն այլևս մկրտությունը պիտի լիներ, բայց նախքան Նորի հաստատումը, պետք է արժանին մատուցվեր Հնին, քանի որ դա Հայր Աստծո պատգամն էր և Որդին խոնարհաբար Իր հնազանդությունը պետք է բերեր Հոր կամքին: Եվ ի հաստատումն այս ամենի Նա հետագայում ասելու էր. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մտթ. 5:17), ուստի բարեշնորհ Սուրբ Հովսեփն ու Մարիամ Աստվածածինը, հավատարիմ մնալով Աստծուց ստացած պատգամին, Մանկան ութ օրերը լրանալուն պես տաճար շտապեցին Հին Ուխտի կարգը կատարելու և ըստ Գաբրիել հրեշտակապետի բերած պատգամի Նրան Հիսուս կոչելու:
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, երբ իմանում ենք, որ մի նոր փոքրիկ է լույս աշխարհ եկել, ապա առաջին հարցը, որ տալիս ենք այն է, թե ինչ են նրան անվանել: Մեր օրերում, սակայն, մարդիկ երկար չեն մտածում, թե ինչ անունով կոչեն իրենց զավակին, չեն խորհում այդ անվան նշանակության մասին, այլ սովորաբար անվանում են իրենց ծնողների, պապերի կամ որևէ սիրելի մարդու անունով, և այն անունով, որն ուղղակի հաճելի է իրենց ականջին: Բոլորս էլ գիտենք այս մասին, բայց միևնույն է հարցնում ենք փոքրիկի անունն ու մի պահ կանգ առնում՝ փորձելով միգուցե դրա իմաստը հասկանալ և ըստ այդմ պատկերացում կազմել, թե ինչպիսի մարդ է մեծանալու: Եվ սա ամենևին էլ պատահական չէ, սիրելինե՛ր, քանի որ հնում մարդիկ իմաստավորված անուններ էին տալիս իրենց զավակներին և դրա ապացույցը կարող ենք գտնել ինչպես հնագույն ազգերի պատմություններում, այնպես էլ՝ Աստվածաշնչում (Ելք 2:22, Ծննդ. 35:18, Ա Թագ. 25:25): Կամ էլ իրենց սիրասուն զավակներին սրբերի անուններով էին կոչում՝ հայցելով նրանց մշտական բարեխոսությունը երեխաների համար:
Սիրելի՛ հավատակիցներ, այսօր հենց այն օրն է, երբ հարց ենք տալիս մեզ, թե ինչո՞ւ է Եկեղեցին և մենք՝ նրա զավակները, այդքան սիրում ու սրբացնում Տիրոջ անունը: Վստահաբար կարող եմ յուրաքանչյուրիս համար վկայել, որ Հիսուս Քրիստոս անունն ամենաքաղցր անունն է, թե՛ մեր լսելիքի և թե՛ մեր շուրթերի համար: Երբ այսօր դուրս գաք եկեղեցուց, ճանապարհին կամ տանը արտասանեք այդ անունը միայն և ուշադրությամբ ունկնդրեք ձեր հոգուն ու սրտին: Ուրիշ ոչինչ մի ասեք, այլ լռության մեջ նայեք, թե ինչ է կատարվում ձեր ներսում այս անունն արտասանելիս: Զգացե՛ք այն մաքրամաքուր սերն ու մաքրագործող լույսը, որ Հիսուս Քրիստոս անունն է պարգևում: Հոգու աչքերով տեսե՛ք այն ցնծությունը, որ այն է արթնացնում ձեր մեջ ու դրա պարգևած ուժով լցվեք, սիրելինե՛ր: Այս անունն Իր Որդուն Հայրը տվեց, նախքան Սուրբ Կույսի հղացումը Նրանով և բնականաբար այս անունը պիտի ցույց տար մարդկանց, թե Ով է աշխարհ եկել: Երկնքի ու երկրի Արարիչը, Ամենազորն ու Տիեզերքի Տիրակալը մարդանալու և աշխարհ գալու կարիքը չուներ ամենևին, սակայն այն անսահման սերը, որ զգում էր Իր արարածի նկատմամբ պատճառ եղավ, որպեսզի ցած իջնի Իր երկնային գահից ու Իր զավակների Փրկիչը դառնա: Այո՛, սիրելինե՛ր, Հիսուս անունը եբրայական Եէշուա կամ Հեսու անվան հունական տարբերակն է, որ նշանակում է «Աստված փրկում է» կամ «Աստված փրկություն է»: Ահա այս պատճառով ենք մենք, քրիստոնյաներս, այսքան պաշտում ու սրբացնում այս անունը, քանի որ այդ անվան մեջ ենք տեսնում Աստծուն ու միայն Նրա մեջ ենք գտնում մեր ախտահարված հոգու բալասանը, մեր կյանքն ու փրկությունը: Պողոս առաքյալն ասում է. «Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու» (Փիլ. 2:9-11)։ Իսկ Քրիստոս անվանումը եբրայերեն մեսիա բառի հունական թարգմանությունն է, որ օծյալ է նշանակում:
Մեր Տերը կրում է մի սքանչելի անուն ևս, սիրելինե՛ր, որն է Էմմանուել: Այս անունը ևս հրաշալիորեն բնորոշում է Մարդացյալ Աստծուն, որովհետև եբրայերենից թարգմանաբար այն նշանակում է «Աստված մեզ հետ է» (Մտթ. 1:23): Քանզի Աստված իսկապես երկիր եկավ, բնակվեց, ուսուցանեց ու գործեց մեր մեջ: Եվ բոլոր ժամանակներում էլ ու ամեն պահի շարունակում է Իր սրբագույն անվանն ապավինողի կողքին մնալ:
Նոր Կտակարանը, սրբերի վարքերն ու ընդհանրապես հոգևոր կյանքի մասին խոսող գրականությունը լի է բազում օրինակներով, երբ առաքյալները, սրբերն ու հոգևորականներն Աստծո անունով բժշկումներ են արել, դևեր հալածել, վայրի գազաններ սանձահարել ու բազմաթիվ հրաշքներ գործել: Վստահ եմ, յուրաքանչյուրդ էլ գոնե մեկ դեպք հիշում եք ձեր կյանքից, երբ միգուցե փորձության կամ դժվարության պահին Հիսուս Քրիստոսի անունով դուրս եք եկել դժվարին կացությունից, կամ հոգևոր խաղաղություն և ուժ եք ստացել պայքարը շարունակելու, չվհատվելու համար և Փա՜ռք Ամենազոր Տիրոջն Իրեն հավատացողներին ու ապավինողներին պաշտպանելու և մշտապես օգնության ձեռք մեկնելու համար: Սակայն, ինչպես ամեն պարագայում, այս դեպքում առավել ևս զգույշ և ուշադիր պետք է լինենք, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, որ Տիրոջ անունն եք կրում՝ քրիստոնյա անվանվելով: Ես զգոնության կոչ եմ անում ամենքիս, որպեսզի սուրբ պահենք Աստծո անունն ու զուր տեղը չարտասանենք այն: Երբ Աստվածորդին սովորեցրեց մեզ Տերունական աղոթքը, ապա դրա առաջին տողում արտասանեց. «Սուրբ եղիցի անուն Քո»: Եվ հայ նշանավոր մատենագիր, աստվածաբան, Սյունյաց եպիսկոպոս Ստեփանոս Սյունեցին իր «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» գրքում հարց է տալիս, թե ինչ է նշանակում «սուրբ թող լինի Տիրոջ անունը», մի՞թե այն միշտ սուրբ չէ: Եվ պատասխանում է. «Այո՛, միշտ սուրբ է, բայց մեր անարժան գործերի պատճառով, ասվում է, որ պղծվում է Տիրոջ սուրբ անունը, ինպես ասաց մարգարեն. «Դուք պղծում եք իմ անունը այն ազգերի մեջ, որոնց մեջ մտաք» (Եզզեկ. 36:22): Իսկ երբ կատարում ենք բարի գործեր, ասվում է, որ դրանից նրա անունը սուրբ է լինում: Ուրեմն սուրբ պահել Աստծո անունը նշանակում է. «Թող սուրբ լինեն մեր գործերը, և Տիրոջ առաջ արդար լինենք»:
Արդ, սիրելի՛ քրիստոնյաներ, այս հրաշալի տոնական օրը ցանկանում եմ, որպեսզի հոգևոր խորը գիտակցություն ու մոտեցում ունենանք Տիրոջ սուրբ անվան նկատմամբ: Այն սուրբ պահենք մեր սրտերում ու շուրթերի վրա, որպեսզի սրբասուրբ այս անունն իր մեջ պարունակող հզոր ուժն ու աստվածային կենսատու լույսը մեզ վրա էլ սփռի, զորացնի մեզ մեր հավատքի մեջ, ուժ տա բարին գործելու և հոգևոր բարձունքների հասնելու: Արդ, միասնական փառաբանությամբ մեր երախտագիտությունը հայտնենք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան