13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ Հոր արքայության մեջ» (Մտթ. 26:26-30):
Սիրելինե՛ր,
Աստծո առատ ողորմածության և գորովալից հայացքի ներքո Մեծի պահոց շրջանի զղջման և ապաշխարության շավիղները հասցրեցին մեզ մինչ Ավագ շաբաթ, երբ արդեն բոլորովին մոտ ենք Մեծ պահքի հրաշալի հանգուցալուծմանը՝ Սուրբ Հարության փառապանծ տոնին: Եվ այսօր՝ Ավագ հինգշաբթի օրը, երբ Եկեղեցին հիշատակում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը, միասին պետք է խոսենք Սրբության Սրբոցի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի մասին:
Ինչպես ավետարանական ընթերցվածքում արդեն լսեցիք, սիրելի՛ հավատացյալներ, Քրիստոսի մատնության գիշերը, հենց Իր՝ Տիրոջ կողմից հաստատվեց Սուրբ Պատարագի և Սուրբ Հաղորդության խորհուրդը, որ Հայ Առաքելական Եկեղեցին սրբորեն կատարում է արդեն երկու հազարամյակ: Տերն այդ գիշեր Իր սուրբ մարմինն ու արյունը խորհրդանշող բաղարջ հացն ու կարմիր գինին օրհնելով, տվեց Իր աշակերտներին՝ ի նշան այն ինքնակամ զոհաբերության, որ հաջորդ օրն արդեն իսկ պիտի կատարվեր: Մարդացյալ Աստված պիտի չարչարվեր և խաչը բարձրանալով, Իր սուրբ արյունը հեղեր և անմեղ մարմինը տար՝ ի փրկություն մահվան դատապարտված մեղավոր մարդկանց: Ահա հենց այդ պահին, այդ որոշիչ կետում, երբ տկար միտքդ ու հոգիդ սարսռում են կատարվածի անհունության գիտակցումից, երբ հրեշտակները ծածկում են իրենց երեսներն այդ սահմռկեցուցիչ տեսարանից, երբ երկիրն է դողում և արևը խավարում, որպեսզի չտեսնի իր Արարչի կրած անարգ մահը, խաչի վրա ծնվում է փրկությունը՝ ողջ լիարժեքությամբ բացահայտելով Աստծո անսահման սերն Իր մեղավոր արարածի նկատմամբ: Երկնավոր Հայրը զոհաբերում է ամենաթանկագինը՝ Իր Միածին Որդուն՝ մեզ փրկագնելու համար: Բայց ինչո՞ւ: Ինչի՞ համար էր պետք այդ անգին Զոհը: Ինչո՞ւ հենց Տեր Աստվածն Ինքը պետք է ինքնակամ խաչը բարձրանար, որպեսզի մենք կարողանայինք փրկվել: Մենք ակնթարթ անգամ չենք կարող մեր զավակին պատկերացնել զոհի դերում… Ուրեմն, վստահաբար, չափազանց ծանրակշիռ պատճառ պիտի լիներ նման զոհողության համար:
Զոհաբերության գաղափարն ու սովորությունն առաջացան մարդկության ակունքներում և մինչ օրս էլ տարածված են տարբեր ազգերի ու մշակույթների մեջ: Սուրբ Գրքում զոհաբերության առաջին հիշատակումը Ադամի որդիների՝ Աբելի և Կայենի հետ է կապված (Ծննդ. 4:3, 4), այնուհետև Նոյի (Ծննդ. 8:20), Աբրահամի (Ծննդ. 22:1-14) և այլն: Մարդիկ զոհ էին մատուցում Աստծուն՝ ի նշան երախտագիտության, որ ստացել են այն, ինչ խնդրել են կամ փրկվել են որևէ աղետից կամ էլի որևէ կարևոր պատճառով: Սակայն պարզ զոհի միջոցով վերագտնել այն անգինն, ինչ կորցրել էին նախամարդիկ՝ անհնար էր: Քանզի Ադամը կորցրել էր Աստծո պարգևած անգին գանձը՝ անմեղությունն ու անմահությունը: Տիրոջն անհնազանդ գտնվելու պատճառով արգելված պտղից ուտելով՝ խմել էր թույնի բաժակը, մահվան դատապարտվել և իր հետ դատապարտել նաև մարդկային հաջորդ սերունդները: Ուստի, կատարյալ մարդու կողմից կատարված ծանրագույն հանցանքի դիմաց անհրաժեշտ էր հավասարազոր, կատարյալ զոհ, որն ի զորու կլիներ փրկագնելու և մաքրելու նրա գործած մեղքը: Եվ Աստծո կատարյալ Որդին էր, որ եկավ և որպես Անմեղ Գառն Աստծո խաչի վրա պատարագվեց՝ ինձ և քեզ ադամական մեղքից սրբելու, Աստծո հետ հաշտեցնելու և կորսված հավիտենական կյանքի դռները մեր առջև կրկին բաց անելու համար: «Հետևյալ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծո, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29):
Մինչ Հիսուս Քրիստոսի մարդեղացումը՝ մարդկությունը նման էր այն անհույս հիվանդին, ով գիտեր իր մահացու հիվանդության մասին և առանց որևէ հույսի՝ սպասում էր մահվան ժամին, քանզի գիտեր նաև, որ դեռևս չի գտնվել իր հիվանդությունը բուժող դեղամիջոցը: Եվ Քրիստոս ահա՛ դարձավ այն միակ սպեղանին, այն հզոր հակաթույնը, որն ընդունելով մեր մեջ՝ մեր երակներում նոր կյանքն ենք ընդունում, որն էլ տարածվելով ողջ օրգանիզմում՝ մաքրում և բժշկում է մեզ մեղքի մահացու ախտից և հավիտենական կյանքի կենարար լույսով է ողողում՝ դարձնելով մեզ նոր արարածներ: Մի ճգնավոր հոր մասին պատմում են, որ մի օր նա տեսիլքով մի հրե ծով է տեսնում, որի ալիքները եռ էին գալիս ու վեր խոյանում՝ սարսափազդու տեսարան ներկայացնելով: Հակառակ ափին մի սքանչելի պարտեզ կար, որտեղից թռչունների դայլայլ էր լսվում, և ծաղիկների անուշաբույր տարածվում: Եվ ճգնավորը մի ձայն է լսում, որն ասում էր. «Անցի՛ր այդ ծովի վրայով»: Սակայն անհնար էր: Ճգնավորը երկար կանգնած է մնում ափին՝ մտածելով, թե ինչպես անցնի մյուս կողմը, երբ կրկին լսում է ձայնը. «Վերցրու այն երկու թևերը, որ Սուրբ Հաղորդությունը տվեց՝ մեկը Քրիստոսի աստվածային Մարմինը, երկրորդը՝ Նրա կենարար Արյունը: Որքան էլ որ մեծ լինի սխրանքը՝ առանց նրանց անհնար է Երկնային Արքայությանը հասնել»:
Ահա այդ կյանք պարգևող, սրբազան, անարյուն զոհն է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է եկեղեցիների սուրբ խորաններում, Սուրբ Պատարագի խորհրդի ժամանակ և յուրաքանչյուր բարեպաշտ հավատացյալ անգին հնարավորություն ունի մաքրությամբ և մեծագույն երկյուղածությամբ հաղորդակից լինելու Տիրոջ սուրբ Մարմնին և Արյանը: Քանզի մենք հավատում ենք, որ հացն ու գինին Ամենակարող Աստծո կողմից փոխակերպվում են Քրիստոսի իսկական Մարմնի և Արյան:
Պատկերացրեք միայն Բարեգութ Հոր կողմից մեզ պարգևված շնորհի մեծությունը, սիրելինե՛ր. յուրաքանչյուր Պատարագի ժամանակ մահկանացու մեղավոր մարդը հնարավորություն ունի ուղղակիորեն միանալու Իր Արարչին: «Նա, ով իմ Մարմինն է ուտում և իմ Արյունն է խմում, իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ» (Հովհ. 6:57),- ասում է Տերը: Աստվածապարգև այս անգին զոհն է, որ սրբում է մեզ ամեն մեղքից (Ա Հովհ. 1:7), արժանացնում հավիտենական կյանքին (Հովհ. 6:58) և մեռելներից հարությանը (Հովհ. 6:54): Այն զորություն է պարգևում մեր մարմնին և հոգուն՝ դիմակայելու չարի փորձություններին ու գայթակղություններին, լցնում է աստվածային սիրով ու կենդանարար շնորհներով, միավորում է մեզ Աստծո և միմյանց հետ: Մարդացյալ Քրիստոս շարունակում է զոհաբերվել յուրաքանչյուր կիրակի և Իր մարմինը բաշխել Իր հավատարիմ հետևորդներին: Այս զարմանահրաշ խորհրդի գիտակցումը զգոնացնում և արթնության ու խորը երկյուղածության է մղում մեզ: Զգուշացնում է հանդգնությամբ և անտարբերությամբ, առանց աղոթքի, զղջման, մեղքերի խոստովանության և ապաշխարության այդ սրբությանը մոտենալուց, քանի որ իրավամբ կարելի է հաստատել, որ Սուրբ Հաղորդությունն աշխարհի վրա գոյություն ունեցող գերագույն սրբությունն է, քանի որ կենդանի Աստծո Մարմինն է ու քավչարար Արյունը: Հենց այս մասին է խոսում Պողոս առաքյալը, երբ ասում է. «Որովհետև, ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը» (Ա. Կորնթ. 11:29):
Եկեղեցու հայրերն էլ սովորեցնում են, որ քրիստոնյան միշտ պետք է պատրաստ լինի և՛ Հաղորդությանը, և՛ մահվանը: Իսկ դա հնարավոր է մշտական, անտրտունջ հոգևոր աշխատանքի միջոցով, երբ կարողանում ես սիրտդ Աստծո հետ ապրեցնել՝ թե՛ մտքերով, թե՛ խոսքերով և թե՛ գործերով: Դու մեղքի ապականությունից սրբվում և Տիրոջ ողորմածության շնորհիվ արժանանում ես Սուրբ Հաղորդությանն այն ժամանակ, երբ սրտիդ խոնարհության շնորհիվ տեսնում ես բոլոր մեղքերդ և գիտակցում մեղավորությանդ աստիճանը: Երբ հոգիդ ցավում ու լալիս է գործածդ մեղքերի համար և ձգտում փոխվել: Երբ մերժում ես այլևս մեղքերի միգուցե հաճելի, բայց կործանարար ճահիճը, որում խեղդվում ես և օգնության աղերսով ձեռքդ դեպի Փրկիչն ես երկարում:
Արդ, այսօր հորդորում եմ ամենքիդ, սիրելի՛ հավատացյալ զավակներ, որ հոգու լալագին հառաչով և մեծագույն երկյուղածությամբ կերակրվեք Սուրբ Հաղորդությամբ, որ դեպի փրկություն տանող երկնային դարպասների բանալին է: Աղաչում եմ նաև սրտերի գիտակ ամենազոր Տիրոջը, որպեսզի տեսնելով ձեր անկեղծ զղջումն ու հաստատուն ապաշխարությունը՝ Իր անսահման ողորմածությամբ ների ձեզ և արժանացնի Սուրբ խորհրդին: Եվ ի լրումն այս խոսքերի՝ մեջբերեմ սուրբ Բարսեղ Մեծի խրատից մի հատված՝ Սուրբ Հաղորդությանը մոտեցող հավատացյալների համար. «Արդ, նրանք, ովքեր արժանաբար են հաղորդվում` զարդարված բարի գործերով, Պետրոսի և մյուս սուրբ առաքյալների հետ պսակվում են մեր Աստծուց` Քրիստոսից. և ովքեր ըմբոստությամբ են հաղորդվում, կրկին խաչ են հանում Աստծո Որդուն. և ովքեր լիրբ երեսով ու անարժանությամբ են հաղորդվում, մատնիչ Հուդայի և խաչողների մասն ու բաժինն են ստանում: Ձեր օգուտը դուք գիտեք:
Այլ Սուրբ Հոգին, որ սրբերի բնակարան է և ամենայն բարիքների աղբյուր, թող մաքրի ձեր հոգիներն ու մարմինները և փրկական խորհրդի հաղորդությունը թող ձեզ համար մեղքերի թողության վերածի:
Որին Հոր և մեր Տիրոջ` Միածին Որդի Հիսուս Քրիստոսի հետ փառք հավիտյանս. Ամեն»:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան