23 Նոյեմբեր, Շբ
Կիսակառույց շենքի վեցերորդ հարկում աշխատող վարպետը ցանկացավ առաջին հարկում աշխատող բանվորին կանչել, սակայն շինարարության աղմուկի պատճառով վերջինս նրան չէր լսում: Բանվորի ուշադրությունը գրավելու համար վարպետը որոշեց մեկ ռուբլիանոց մետաղադրամ գցել, որն ուղիղ բանվորի ոտքերի տակ ընկավ: Վարպետը սպասում էր, որ բանվորը գոնե վերև կնայի, որպեսզի տեսնի, թե փողը որտեղից ընկավ, բայց նա այն լուռ գրպանը դրեց և շարունակեց աշխատել: Իսկ քանի որ վարպետին շատ էր անհրաժեշտ նրա ուշադրությունը գրավել, ապա նա շարունակեց փող նետել ներքև: Նախ տասը ռուբլի նետեց, հետո՝ հարյուր, բայց ամեն անգամ բանվորը գումարը գրպանն էր դնում և շարունակում աշխատել: Վարպետը բարկացավ ու մի փոքր քար նետեց ցած, որն էլ ուղիղ բանվորի գլխին ընկավ, և այդ ժամանակ նա վերջապես գլուխը բարձրացրեց ու տեսավ վարպետին…
Այս պատմությունը յուրաքանչյուրիս մասին է: Տերը ցանկանում է, որ հայացքներս դեպի վեր ուղղենք, իսկ մենք անդադար զանազան աշխարհիկ գործերով ենք զբաղված: Եվ երբ Նա փոքրիկ նվերներ է անում մեզ, ասում ենք, որ այդ մենք ենք հաջողակ՝ չտեսնելով դրանք ուղարկողին: Իսկ երբ մի փոքրիկ քար է թռչում դեպի մեզ, որը մենք խնդիր ենք անվանում, այդժամ սկսում ենք Աստծուն դիմել: Ամեն անգամ, երբ որևէ նվեր ենք ստանում, պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն, այլ ոչ թե սպասենք, թե երբ է քարը գալու, որ դիմենք Նրան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի