13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Դուստր՝ հաւատք քո կեցուցին զքեզ. երթ ի խաղաղութիւն և եղիջիր ողջ ի տանջանաց քոց»:
«Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և քո տանջանքներից բժշկվա՛ծ եղիր» (Մարկոս 5:34):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն է: Մովսես Տաթևացին իր սրբակեցությամբ վաստակել է բարի անուն և բարի գործեր: Իր ջանադրությամբ նա կարողացել է բեղուն գործունեություն ծավալել այն բոլոր տեղերում, որտեղ որ ի պաշտոնե եղել է: Հատկապես անմոռաց և հիշարժան են նրա կատարած գործերը կաթողիկոս եղած ժամանակ: Նրա կենսագրությունը վկայում է, որ ամեն րոպե վկայել է իր քրիստոնեական հավատքը գործերով ու քարոզչությամբ:
Արդեն մի քանի տարի նրա մահվան հիշատակության օրը՝ մայիսի 14-ին, Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվում Զորավոր Ավետարանը, որի անվամբ պայմանավորված՝ մեր եկեղեցին ժողովրդի կողմից ստացել է իր Զորավոր անվանումը: Այս Ավետարանը, ինչպես բոլորիդ հայտնի է, բժշկարար է, խնդրակատար և հրաշագործ: Բազում են նրա հետ կապված հրաշագործություններն ու բժշկությունները: Զորավոր Ավետարանը նշանավոր է ոչ թե իր գեղագիտական արժեքով, այլ նախ և առաջ ավետարան լինելով և իր հրաշագործ զորությամբ: Այն շնորհաշատ մի պարգև է մեզ՝ մահկանացուներիս, որպեսզի Աստծո օրհնությանը հաղորդակից լինենք: Անհրաժեշտ է հավատալ Աստծո զորությանը և հավատքով, ակնածանքով ու երկյուղածությամբ մոտենալ ոչ միայն Ավետարանին ու Սուրբ Հաղորդությանը, այլ նաև մեր սուրբ եկեղեցիներին, խաչերին, սուրբ մյուռոնին ու սուրբերի մասունքներին: Դրանք մեր փրկության, բժշկության, մաքրության, մեր աջակցման և զորացման համար են տրվում, և դրանցով մենք երկնային օրհնություն ենք ստանում: Այդ նյութեղեն իրերի միջոցով Աստված մեզ արժանի է դարձնում Իր մեծ ողորմությանն ու սիրուն. «Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու», – ասում է օրվա Ավետարանը (Ղուկաս 9:56):
Իսկ դրա համար միայն հավատք է պետք: Հիշենք, որ Հիսուս Քրիստոս իրենից բժշկություն հայցողների մեջ միմիայն հավատք էր ցանկանում տեսնել: Ովքեր որ մոտեցան Նրան անվերապահ հավատքով, վարձատրվեցին թե՛ հոգու և թե՛ մարմնի բժշկությամբ ու ազատագրումով: Տեռատես կինը բարձրաձայն չհայտարարեց, թե ինչ է իրեն անհրաժեշտ, այլ ընդամենը աներկբա հավատքով մոտեցավ Մարմնացյալ Աստծուն, և բժշկվեց իր երկարամյա հիվանդությունից (Մարկոս 5:25-34): Բժշկվեց նաև այն հիվանդը, որին բարեկամները, տան տանիքը քանդելով, իջեցրին Քրիստոսի մոտ (Մատթեոս 9:1-8): Քրիստոսի գթությանը արժանացավ և բժշկվեց նաև երեսունութ տարի շարունակ Ոչխարների ավազանի մոտ պառկած հիվանդը, որը բարեկամներ չուներ, որ բժշկվելու համար ջրերը խառնվելու ժամանակ նրան իջեցնեին ավազանի մեջ (Հովհաննես 5:1-18): Հիսուս բժշկեց Իրենից բժշկություն հայցող տասը բորոտներին, չնայած այն բանին, որ միայն մեկը հետ վերադարձավ՝ փառք տալու Աստծուն (Ղուկաս 17: 11-19): Նա բժշկեց մարդկանց շաբաթ օրով նույնպես, քանի որ մարդուն վեր դասեց ամեն ինչից (Ղուկաս 6:6-11): Երբ փյունիկեցի կինը եկավ և Հիսուսից խնդրեց դևին հանել իր աղջկա միջից, Տերն ասաց նրան. «Թո՛ւյլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լավ չէ մանուկների հացը առնել և շների առաջը գցել»: Իսկ կինը պատասխանեց Տիրոջը. «Տե՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրվում»: Եվ Նա ասաց նրան. «Այդ խոսքիդ համար գնա՛, դևը քո աղջկանից դուրս ելավ» (Մարկոս 7:24-30): Նրա բժշկության շնորհը տարածվեց անգամ Իր վրա սրով եկած քահանայապետի ծառայի վրա, որի ականջը կտրեց աշակերտներից մեկը (Ղուկաս 22:47-53): Նա բժշկություն պարգևեց բոլոր հիվանդներին. համրերը խոսեցին, խուլերը լսեցին, չար ոգուց տառապողները ազատվեցին չարի կապանքներից, միայն թվացյալ օրենսգետներն ու փարիսեցիները մնացին իրենց հոգու կուրության մեջ:
Սիրելինե՛ր, անտեսելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ավետարանը, մենք անհաղորդ ենք մնում Լույսին և ինքնակամ նախընտրում ենք խավարը, ինչպես հրեա ժողովուրդը. «Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, – ասում է Հովհաննես Ավետարանիչը, – որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով եղավ, սակայն աշխարհը Նրան չճանաչեց: Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին: Իսկ ովքեր Նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք Իր Անվանը կհավատան» (Հովհաննես 1:9-12):
Ավետարանը լուսավորություն և բժշկություն է մարդկության համար: Երբ Աստծո խոսքերը կյանքի են կոչվում, կյանքը գեղեցկանում և լուսավորվում է, որովհետև ավետարանական ոչ մի միտք և խոսք ի վնաս մարդու չեն, այլ նպատակ են հետապնդում մարդուն փրկություն պարգևել, ազատագրել մեղքերից, մարդկանց միջից վերացնել թշնամական խորհուրդները և սեր տարածել մարդկանց միջև: Ավետարանը կարող է բժշկություն պարգևել մարդկանց հոգիներին թե՛ անհատապես և թե՛ միասնաբար: Ընդամենը անհրաժեշտ է, որ Աստծո խոսքը իր սիրո գերակայությամբ ներթափանցի մեր սրտերից ու մտքերից ներս: Եվ Քրիստոսի լույսով ու սիրով ամեն ինչ նոր շունչ կստանա, մենք կսկսենք առաջնորդվել ոչ թե մեր սխալական և մարդկային տկար ըմբռնումներով ու պատկերացումներով, այլ Աստծո կենարար պատվիրաններով: Ավետարանը մեզ համար կյանքը բացահայտում է սիրո տեսանկյունից, որ սպանում է մեր մեջ եսասիրությունը: Ավետարանը սիրո, լույսի, հույսի, հավատքի մի անկրկնելի դասագիրք է: Այն իր մեջ է ներառում Աստվածային ճշմարտությունները, որոնք անհրաժեշտ են մեզ:
Հետևաբար՝ տանը թանկարժեք ավետարաններ ունենալով՝ ի ցույց մարդկանց չդնենք իբրև զարդ աչքի զարնող մասերում, այլ փորձենք ընթերցել դրանք, իմանալ Աստծո պատվիրանները և Քրիստոսի լույսը ընդունել մեր մեջ: Եկեք այսօր Աստծուց խնդրենք ոչ միայն ֆիզիկական առողջություն, այլև առաջին հերթին հոգու լուսավորություն, որովհետև ֆիզիկական կուրությունից առավել վատ է հոգու կուրությունը: Միասնաբար աղոթենք մեր հոգիների համար, որպեսզի փարիսեցիների նման Քրիստոսի ներկայությամբ կույր չմնանք, այլ ճանաչենք Ճշմարիտ Աստծուն:
Մաղթանքս է, որ Տերը բժշկի մեզ մեր հոգևոր և մարմնական զանազան ախտերից ու հիվանդություններից և Իր օրհնությանն արժանացնի Զորավոր Ավետարանի միջոցով:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան