Նոյեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պայծառ Քիրազյանին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (40 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Վան Աշուղաթոյանը: Տիկին Պայծառը ամուսնու և երեք զավակների հետ չորս տարի է, ինչ Սիրիայից Հայաստան է եկել և վարձակալությամբ է բնավում Կոմիտաս 28/30 հասցեում: «Ամուսինս երկու ամիս առաջ մահացավ սրտամկանի ինֆարկտից: Փոքր տղաս 1-ին խմբի հաշմանդամ է, պետությունն իրեն երկու ամիսը մեկ անվճար դեղորայք է տրամադրում, սակայն քանի որ նա մշտական խնամքի կարիք ունի՝ ես չեմ կարող աշխատել: Այժմ ֆինանսական դժվարությունների առջև ենք կանգնած, քանի որ մյուս զավակներս մշտական աշխատանք չունեն, իսկ նրանց վաստակածը և տղայիս հաշմանդամության գումարը չի բավարարում, որ հոգանք մեր նվազագույն կարիքները: Տան վարձի վճարման հարցում ժամանակ առ ժամանակ մեզ օգնում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ տարվա մեջ մի քանի անգամ մասամբ վճարելով տան վարձը»,- ասաց տիկին Պայծառը՝ շնորհակալություն հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձին:
«Տերը օրհնում և զորացնում է այն միջավայրը, ուր կա քրիստոնեական առաքինություններով հարստանալու ձգտում, աշխատանք և ջանք, ուր աստվածահաճո ընթացք որդեգրած յուրաքանչյուր մի անձ ջանում է իր սրտում մեծագույն երախտագիտությամբ ու երկյուղածությամբ պահպանել և փայփայել Աստծո անգին Պարգևները՝ Սուրբ Հոգու պտուղները. «…սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5:22-23)»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան