23 Նոյեմբեր, Շբ
Սուրբ Բաբելասը Անտիոքի եպիսկոպոսն է եղել: Նա կայսեր չար գործերի և վարքի համար քաջությամբ արգելեց նրան եկեղեցի մտնել: Այդ իսկ պատճառով իր երեք աշակերտների հետ միասին գլխատվեց Դեկոս կայսեր հրամանով: Նման միջադեպ եղել է նաև Հուսիկ Կաթողիկոսի և Տիրան թագավորի միջև: 1957 թ. Երուսաղեմում հրատարակված «Հայաստանյայց Եկեղեցու սրբերը և տոները» գրքի հեղինակ Թորգոմ Պատրիարք Գուշակյանը գրում է. «Մեր եկեղեցական պատմության մեջ Հուսիկը ներկայացնում է քաղաքական իշխանությանը դիմադրող կրոնական իշխանության գիտակից ուժը»: Երբեմն զարմանալի է թվում, թե ինչպես են մարգարեները կամ եկեղեցականները քաջությամբ հանդիմանել թագավորներին սխալների համար: Ընդհանրապես ազատությունը կայանում է սահմանափակության մեջ: Եթե մի ոլորտ իր գործունեության շրջանակներից դուրս գա և իր իշխանությունը տարածի նաև մեկ այլ ոլորտի վրա, ապա կստացվի մեկի ազատության բռնություն մեկ ուրիշի սահմանների ընդլայնման հաշվին: Այսինքն` յուրաքանչյուրն ազատ է իր սահմանների ներսում: Սահմաններից դուրս գալը նշանակում է ուրիշի սահմանների խախտում և ուրիշի ազատության բռնի սահմանափակում: Այս ամենը շատ ճիշտ է հաստատությունների կամ գործունեության ոլորտների պարագային: Սակայն այս սահմանումը երբեք չի կարող ճշմարտացի լինել քրիստոնեության համար: Մի հեղինակ, դիպուկ դիտարկում անելով, ասել է. «Պահանջել, որ քրիստոնեությունը սահմանափակվի միայն եկեղեցական ոլորտով, նշանակում է պահանջել, որ քրիստոնեությունը ինքնասպանություն գործի»: Հետևաբար, քրիստոնեությունը տարածվում է բոլոր ոլորտների վրա անխտիր` յուրաքանչյուրից պահանջելով Աստծուց մեզ ցույց տրված կյանքի և վարվելաձևի համապատասխան դրսևորում: Հոգևորականն այս երկրի վրա կարգված է որպես դետ (Եզեկ. 3.17), որպես զգուշացնող, և եթե ոմանք իրենց արված զգուշացումներից վատ են զգում կամ նախկինում վիրավորվում էին և զգուշացնողներին սպանում, ապա նշանակում է, որ մեղքերի բազմապատկմանը համապատասխան բազմապատկվելու են նաև դժոխային տանջանքները ոմանց համար ոչ միայն այն կյանքում, այլև այս կյանքից սկսած:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից