Արարչաստեղծ մարդու կարևորագույն կոչումներից է սիրո ծառայությունը: Առաքյալներից Հովհաննեսը կոչվել է սիրո առաքյալ. նա կարողացավ գործով մարմնավորել պատվիրաններից մեծագույնը՝ սիրո պատվիրանը՝ մեծագույն սեր ցուցաբերելով Աստծու և մերձավորների հանդեպ: Քրիստոնյայի համար կարևորը ոչ թե լինելն է, այլ քրիստոնեաբար ապրելը: Հավատքով, աղոթքով և սիրո ծառայությամբ ճշմարիտ քրիստոնյան գործածում է իրեն շնորհված քանքարները՝ պարգևները, չնմանվելով ավետարանական առակներից մեկում (Մատթ.25:14-30) ներկայացված այն անձին, որ թաքցրեց իր քանքարը: Քրիստոնյան՝ որպես տնտես, կոչված է Տիրոջ կողմից շնորհված պարգևներն ու բարիքները հանուն մերձավորի գործածելու: «Ձեզնից յուրաքանչյուրը՝ որպես Աստծու բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին»,- ասել է Պետրոս առաքյալը (Ա Պետր. 4:10): Սիրո ծառայության կոչված անձը նաև երախտագետ սիրտ ունի: Հուլիսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վրդ․ Սարգսյանի միջնորդությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Հայրապետյան Հրանուշին (42 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարինե Ավագյանը: Հրանուշն իր ամուսնու, սկեսուրի, տղայի և աղջկա հետ բնակվում է Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ծակքար գյուղի 2-րդ փակուղի, 5-րդ փ., 6-րդ տ. հասցեում: Հրանուշի որդին՝ Ղուկասյան Կոմիտասը՝ որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և զոհվել հոկտեմբերի 10-ին, Ջրականի շրջանում: Զոհված հերոսի մայրն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:
Կարինե Սուգիկյան