Քրիստոնյայի առանձնահատուկ հագուստը

Սովորաբար բժիշկը կամ զինվորը առանձնանում է հասարակության մյուս անդամներից իրեն հատուկ համապատասխան հագուստով, այդպես է նաև քրիստոնյայի պարագայում: Առանձնահատուկ է քրիստոնյայի հագուստը, այն առաքինություններից բարձրագույնը համարվող սերն է: Քրիստոս ասաց. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:35):

Երբ ապրում ենք և գործում սիրով, ապա թույլ ենք տալիս, որ Աստված մեր մեջ գործի, քանի որ Աստված սեր է (Ա Հովհաննես 4:16): Սերը, ինչպես Ս. Հովհաննես առաքյալն է ասում, Աստծո պարգևն է, և ով սիրում է, նա ծնված է Աստծուց և ճանաչում է Աստծուն (Ա Հովհաննես 4:7):

Հոգին թուլանում է սիրո բացակայությունից և հակառակը՝ սիրո առկայությամբ ամրանում է՝ իր մեջ հաստատելով բոլոր առաքինությունները: Ով ձեռք է բերել սերը, նա ունի ամեն ինչ և կարիք չունի այլ բան փնտրելու, քանի որ, սեր ունենալով, նա Աստծուն ունի: Աստվածհաճության ճանապարհն անցնում է միայն սիրո ճանապարհով, իսկ միմյանց սիրող մարդիկ այդ ճանապարհին հոգ են տանում միմյանց՝ բարին արարելով:

Աստվածհաճության ճանապարհին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հերթական անգամ աջակից եղավ ևս մեկ կարիքավոր ընտանիքի: Մայիսի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Վարվառային (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վարվառան իր հոր և չափահաս երկու տղաների հետ բնակվում է Նոր Խարբերդի 21 փողոցի 2/4 հասցեում: Հարությունյան ընտանիքը կարիքի մեջ է հայտնվել, քանի որ յոթ տարի առաջ Վարվառայի ամուսինը մահացել է սրտամկանի ինֆարկտից, նրա հայրն առողջական խնդրի պատճառով ի վիճակի չէ աշխատելու, իսկ ինքն էլ մշտական աշխատանք չունի: Վարվառան ևս առողջական խնդիր ունի. տարիներ առաջ նրա մոտ հայտնաբերել են էնդոմետրիոզ, երկու վիրահատություն է ունեցել և բուժում ստացել: Վարվառան իր շնորհակալությունը հայտնեց համայնքին, հոգևոր հովվին և աջակից անձին` ցուցաբերած ուշադրության և հոգածության համար:

 

Կարինե Սուգիկյան

05.05.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․