Քրիստոնյայի համար ամեն ինչի լրումը սերն է

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը դեպի հավիտենություն առաջնորդող սիրո գիտակցումով կյանքի է կոչում սոցիալական իր ծրագրերը՝ աստվածասիրությամբ և եղբայրասիրությամբ համեմելով իր համայնքային կյանքը: «Ով սիրում է, նա ծնված է Աստծուց և ճանաչում է Աստծուն: Ով չի սիրում, նա չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է»,- ասել է սիրո առաքյալ Հովհաննեսը (Ա Հովհ. 4:7-8): Քրիստոնյայի համար ամեն ինչի լրումը սերն է, որտեղ սեր չկա, այնտեղ խավար է:

Հոկտեմբերի 31-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Սուքիասյան ընտանիքին, որ բնակվում է Բաբաջանյան 98/8 4 բն. հասցեում: Ընտանիքի մայրը՝ Ղազարյան Արմինեն (40 տ), ասաց, որ ամուսինը 1-ին խմբի հաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու, միայն ինքն է աշխատում և ապրում են իր նվազագույն աշխատավարձի, ընտանեկան նպաստի և ամուսնու հաշմանդամության գումարներով:

«Փոքր տղաս՝ Արմանը (11 տ.), ի ծնե աչքի և ողնաշարի խնդիրներ ունի, աչքը մեկ անգամ արդեն վիրահատել են, այժմ երկրորդ վիրահատության կարիքը կա, բայց ֆինանսական խնդրի պատճառով այն ուշացնում ենք: Արմանը նաև ալերգիկ դերմատիտ ունի, չեմ կարողանում նրա բուժման համար անհրաժեշտ դեղորայքը գնեմ: Նա տարին մեկ անգամ հիվանդանոցում ստացիոնար բուժում է անցնում: Մեծ տղաս էլ՝ Հովհաննեսը (16 տ.), նյարդերի հետ կապված խնդիր ունի»,- ասաց Արմինեն:

Արմանը և Հովհաննեսը սովորում են Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցում, հաճախում են փողային նվագախմբի դասարան, շեփոր են նվագում: Արմանը նաև դաշնամուր է նվագում, բացի երաժշտական նախասիրություններից նա սիրում է նկարել, ֆուտբոլ խաղալ: Նա մեծ ոգևորությամբ Տեր Գրիգորին ցույց էր տալիս իր նկարները, պատմում էր, թե եղբայրը ինչ մրցանակների է արժանացել: Շեփոր և դաշնամուր ունենալու պարագայում՝ Արմանը մեծ սիրով նաև կնվագեր:

Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (60 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել: Ընտանիքի մայրն անչափ շնորհակալ էր աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

Ըստ եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու՝ սիրո աստիճանները երեքն են. անկատարը, կատարյալը և գերակատարը: Անկատարը՝ մարմնավոր սերն է, կատարյալը` հոգևորն է, գերակատարն՝ առ Աստված սերն է: Անկատար սիրով սիրում ենք ինքներս մեզ, կատարյալ սիրով՝ ընկերոջը, և կատարելագույն սիրով՝ Աստծուն:

 

Կարինե Սուգիկյան

31.10.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․