12 Հոկտեմբեր, Շբ
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»
Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Մեր օրհնությունն ենք բերում ձեզ՝ Տիրոջ հրաշափառ Սուրբ Ծննդյան և Ամանորի հոգենորոգ տոների առթիվ:
Հիսուսի Քրիստոսի Սուրբ Ծնունդով վերստին ականատեսն ենք մարդեղության խորին խորհրդին և ուխտավորներն ենք Բեթղեհեմյան աստղալույսով օծուն սուրբ մսուրի, «յորմէ ծագեաց լոյս կենդանի ի փրկութիւն տիեզերաց»: Այս օրերին ողջ քրիստոնյա աշխարհը հոգեզվարթ շարականներով ու սաղմոսներով գովերգում է՝ ասելով. «Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս»:
Մեր աղոթքն է, որ Խաղաղության Իշխանը զորացնի և Իր Ամենաօրհնյալ Աջի հովանու ներքո պահի մեր ժողովրդին՝ պարգևելով խաղաղ ու օրհնաբեր օրեր: Թող առատ լույսով լցվեն ամենքիս հոգիները, և թող մեր տաճարների զանգերի հաղթական ղողանջները ավետեն ի լուր աշխարհի՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, նմա փառք յաւիտեանս. ամէն»:
Սուրբ Ծննդյան բերկրալից ավետիսով՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ