«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»

Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս | Qristos Tsnav Ev Haytnecav: Mez Ev Dzez Mets Avetis

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Լուսաշող խնդությամբ լի սրտով շնորհավորում եմ ամենքիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան լուսապայծառ տոնի կապակցությամբ և բերում ձեզ այս սքանչելի տոնի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»

Այսօր ցնծում է Երկինքն ու երկիրը և ես էլ, սիրելինե՛ր, փառաբանությունս եմ բերում մեր Տեր Աստծուն, որ կրկին անգամ հնարավորություն ունեմ զգալու յուրաքանչյուրիս համար անչափ կարևոր այս տոնի լուսաբեր ոգին, հնարավորություն ունեմ ցնծությամբ ավետելու, որ մեր Փրկիչը ծնվել է, Աստծո Միածին Որդին աշխարհ է եկել, որպեսզի փրկագնի մեզ մեղքի խավարից: Լույսն է ծնվել, որպեսզի խավարը մահանա, սիրելինե՛ր: Աստծո կենսատու Արևն է ծնվել, որպեսզի ազատի մեզ մահաբեր խավարի քողից: Այս տոնը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, որ Աստծո խոստացած Փրկիչը ծնվել է, Նա՝ ում սպասում էր Հին Ուխտի ժողովուրդը և Նա՝ ում մասին մարգարեներն էին պատմում իրենց մարգարեություններում:

Արդ ցնծացե՛ք, մարդի՛կ, քանզի այս տոնը համայն մարդկությանն է վերաբերվում: Քրիստոս ծնվեց բոլորի համար, որպեսզի Նրան հավատացողն է՛լ ավելի ամրանա իր հավատքի մեջ, իսկ անհավատը դարձի գա ու փրկության հույսն ունենա: Մաղթում եմ, որպեսզի ամենքիս սրտերն Աստվածային լույսով լցվեն ու բոցավառվեն այս տոնի խնդությամբ: Թող Փրկչի ծնունդը սքանչելի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար: Թող մեր գիտակցության մեջ հավերժ դրոշմվի այն փաստը, որ Երկնային Թագավորը մսուրում ծնվեց, ամենապայծառ Լույսը մսուրից ծագեց՝ խոնարհության առաքինության կարևորագույն դաս տալով ամենքիս: Նա արդեն իսկ Իր ծնունդով սովորեցրեց մեզ մարդու հոգևոր հարստությունը կարևորել՝ անկախ նրանից, թե որտեղ է ծնվել կամ ապրում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ամենքիս, սիրելի՛ հավատացյալներ, և ավետում, որ համայն մարդկության Մխիթարիչն է ծնվել, Կենաց Ծառն է ծնվել, Ով ամեն պահի մեր կողքին է ու Իր հովանու տակ է կանչում բոլոր կարոտյալներին, Իր անսահման սերն ու կենսատու ջերմությունն է առաջարկում նրանց նեղություններն ու վշտերը փարատելու համար: Միասին ցնծանք, սիրելինե՛ր, մեր գովաբանությունն ու փառաբանությունն ուղղենք առ Աստված, քանզի Տերն՝ Իր ծնունդով, մեզ  փրկության, Աստծո Արքայությունը ժառանգելու հույսը պարգևեց, որից առավել նվեր չկա և չի էլ կարող լինել:

Թող Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլորիդ տներում ու զարդարի սքանչելի ավետիսով՝

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»

 

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևոր հովիվ

 

05.01.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․