Քրիստոսահիմն եկեղեցին կատարելության է հասնում իր բոլոր անդամներով

Եթե յուրաքանչյուր ոք ապրի միմիայն իր հետաքրքրություններով, ապա չի աճի ու զորանա Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, որն իր սուրբ ավազանից ծնվածներին Ս. Հաղորդությամբ միավորում է Քրիստոսին: Երանելի Թեոփիլակտոս Բուլղարացին ասել է. «Ինչպես մարմնի մեջ հոգին ամեն ինչ կապող և համախմբող սկիզբ է, թեպետ անդամները տարբեր են, այնպես և հավատացյալների մեջ կա Սուրբ Հոգին, Որը միավորում է ամենքին, թեպետ մենք տարբերվում ենք միմյանցից ծագումով, բարքերով և զբաղումներով»:

Եկեղեցական կյանքում տարբեր հոգևոր շնորհներ ունեցող մարդկանց սիրո միաբանության շնորհիվ հնարավոր է դառնում սեր ու ուրախություն սերմանել և կյանքն օր-օրի նորացնել: Հոկտեմբերի 9-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Նալբանդյան Կարինեին (42 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արփի Դալլաքյանը: Կարինեն միայնակ է խնամում իր չորսամյա որդուն՝ Արսենին, որը Դաունի համախտանիշ ունի: Երեխայի ծնունդից հետո ամուսինը լքել է ընտանիքը, և Կարինեն որդու հետ տեղափոխվել է իր մայրիկի բնակարան, որը գտնվում է Սիսակյան 2/411 հասցեում: Ընտանիքը ֆինանսական խնդրի առջև է կանգնել: Երեխայի խնամքով զբաղված լինելու պատճառով Կարինեն չի աշխատում, իսկ իրենց հասանելիք ընտանեկան նպաստի, իր մայրիկին ու երեխային տրամադրվող գումարներով կարողանում են միայն իրենց նվազագույն կարիքները հոգալ: Նա իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

Քրիստոսահիմն եկեղեցին կատարելության է հասնում իր բոլոր անդամներով, աճում և զորանում է սիրո մեջ, եթե, ինչպես Ս. Պողոս առաքյալն է ասում, Քրիստոսի մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր մաս գործում է ինչպես որ պետք է (Եփես. 4:16):

 

Կարինե Սուգիկյան

09.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․