25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Իսկ Հիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: Եվ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում Նրա հետևից. նաև Հրեաստանից, Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաև Տյուրոսի և Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թե Նա ինչքան բան է անում, գալիս էր Նրա մոտ: Եվ Նա Իր աշակերտներին ասաց, որ Իր համար մի նավակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպեսզի Իրեն չնեղեն: Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամեն տեսակ հիվանդություններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնվում Նրա շուրջը, որպեսզի դիպչեն Նրան: Եվ պիղծ ոգիները, երբ տեսնում էին Նրան, ընկնում էին Նրա առաջ, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծու Որդի ես»: Իսկ Նա խստիվ պատվիրում էր նրանց, որ Իր ինքնությունը չհայտնեն» (Մարկ. 3.7-12):
Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, եկել էր աշխարհ մարդկությունը փրկելու և Ինքը Լույսն էր, ի սկզբանե Լույսը: Եվ ինչպես Պողոս առաքյալն է ասում` «Նրա մեջ է բնակվում Աստվածության ամբողջ լիությունը մարմնապես» (Կող. 2:9): Եվ այդ Լույսն ու զորությունը չէր կարող չբխել, չտարածվել, չէր կարող մարդկանց հիվանդություններն ու ցավերը չբժշկել: Եվ յուրաքանչյուր մարդու մեջ էլ լույս կա և այդ լույսով էր մարդը ճանաչում Քրիստոսի Լույսը, որովհետև ի սկզբանե այսպիսի Լույս չէր եղել, որ կարողանար մարդկանց ամբողջովին բժշկել: Մարդիկ տարիներ, դարեր շարունակ փափագել էին այս Լույսը, բայց չէին գտել, իսկ երբ տեսան Քրիստոսի Լույսը, անմիջապես ճանաչեցին այն: Հիսուս Քրիստոս մեկ ուրիշ տեղ Ավետարանում ասում է. «Երբ Ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի Ինձ կձգեմ» (Հովհ. 12:32): Քրիստոս աստվածային սիրո ձգողության ուժն ուներ և դրանով ձգում էր բոլորին: Եվ սերն էր, որ կանչում և բոլորին միավորում էր մեր Տիրոջ շուրջը: Երբ գալիս էին Տիրոջ մոտ, մոռանում էին ամեն ինչ` իրենց հոգսերը, ցավերը, մտահոգություններն ու մտատանջությունները և կարծես մտնում էին Երկնքի Արքայության երանության ու խաղաղության մեջ: Բայց նաև դևերն էին հալածվում մեր Տիրոջ ներկայությունից, դուրս էին գալիս դիվահարներից, աղաղակում և ասում. «Դու Աստծու Որդի ես» (Մարկ. 3:12): Եվ Քրիստոս սաստում էր նրանց, որպեսզի լռեն և ոչ ոքի չասեն: Ճիշտ նույն իրականությունն է այսօր: Մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք փնտրում ենք Լույսը, փափագում Տիրոջ զորությունը, որպեսզի խաղաղվենք, ազատվենք աշխարհի հոգսերից, մտահոգություններից և մտատանջություններից: Երբ Աստված ողորմում է` մենք գտնում ենք Լույսը, և խտացած, ամբողջական Լույսը Աստծո տաճարում է. սուրբ եկեղեցիներում Լույս է բխում և սա միակ վայրն է, որտեղ գալիս ենք և խաղաղվում: Կարծես երկինքը բացվել է այստեղ. մի աստիճան է դրվել և երկնքից հրեշտակներն ու զորություններն են իջնում այս վայրը, և Լույս է սփռվում եկեղեցուց ամբողջ աշխարհի վրա: Այսօր մենք էլ, ինչպես անդամալույծները, կաղերն ու կույրերն էին գալիս Քրիստոսի մոտ, եկել ենք եկեղեցի: Թեպետ մենք մարմնով անդամալույծ չենք, բայց հոգով ենք անդամալույծ: Թեպետ մենք աչքերով կույր չենք, բայց մեր հոգիներն են կուրացել մեղքերից, և գալիս ենք ու աղաչում, պաղատում արտասուքներով և ասում. «Տեր, բացի՛ր մեր աչքի կուրությունը, բժշկիր մեր հոգու անդամալուծությունը»: Երբ Քրիստոս ողորմում է, սաստում է մեր մեջ բնակված դևերին, չարերին (որ մենք մեղքին ենք ծառայել) և հանում մեր միջից, ապա անմիջապես խոստովանում ենք և ասում. «Դու ես Հիսուս Քրիստոսը, Աստծո Որդին»: Եվ գիտեք, երբ մարդը մեկ անգամ ճաշակում է աստվածային զորությունը, խաղաղությունը, երջանկությունը, սրբությունը, ներդաշնակությունը, ապա հրաժեշտ է տալիս աշխարհին, իրեն այլևս ոչինչ չի հետաքրքրում այս աշխարհում, ուզում է առանձնանալ, գնալ այն վայրերը, որտեղ խաղաղություն կգտնի, որովհետև այլ է հոգու խաղաղությունը, և այլ է այս աշխարհի շփոթը: Աշխարհը մեզ մշտապես շփոթմունքի ու ալեկոծության մեջ է պահում, մեզ անընդհատ ծառայեցնում է իրեն և ստիպում, որ մենք աշխարհի հոգսերի մեջ անընդհատ վազենք: Բայց Քրիստոս այսպիսի բան չի ասում, այլ պետք է թողնել ամեն ինչ, մտնել մեր սենյակը, բացել մեր հոգու աչքերը, աղոթել Տիրոջը, գտնել սրբություն, նրբություն, գտնել Երկնքի Արքայության խաղաղությունը: Եվ այդ զորությունը այլևս ոչ ոք չի կարող խլել մեզանից: Մենք ի՞նչ պետք է մշտապես փափագենք. եկեղեցի գալ և այստեղ գտնել խաղաղություն: Եվ Վարդան Այգեկցին ասում է. «Ով գեթ մի անգամ կարողանա լսել հրեշտակային երգեցողությունը, այլևս չի ուզենա այս աշխարհում ապրել, կավանդի իր հոգին և կգնա հրեշտակների հետ ապրելու», որովհետև Երկնքում, հրեշտակային երգեցողության մեջ անսահման խաղաղություն կա, այնպիսի գեղեցկություն, ներդաշնակություն կա, որ այս աշխարհում երբեք չես գտնի: Ուստի մենք պետք է փափագենք այդ Երկնային ուրախությունը, երանությունն ու երջանկությունը: Աստված մեր հոգու խորքում դրել է այդ բոլորը. պետք է ավելի խորը մտնենք մեր սիրտը, մեր հոգին, և այնտեղ կգտնենք այդ բոլորը: Եվ Երկինքը կարծես կբացվի մեր մեջ, որովհետև յուրաքանչյուր մարդ Աստծո բնակարան է, Աստված է Սուրբ Հոգով բնակվում մեր մեջ: Եվ մաղթում եմ, որ Երկնքի Արքայության խաղաղությունն ու երջանկությունը բացվի մեր սրտերում, մեր հոգիներում, և մենք ապրենք անհոգ, ապրենք խաղաղ, ուրախ և երջանիկ: Ամեն:
Տեր Միքայել վարդապետ Գևորգյան