Քրիստոսի մարդեղությամբ սկսվում է և նորա աստվածմարդկային կյանքն, և որովհետև նա աստվածության ու մարդկության միություն է, ուստիև թե՛ մարմնանալն ու թե՛ ծնունդը հրաշալիք է և միանգամայն մարդկային: Հրաշալիք է և մարդկային այն պատճառով, որ Քրիստոս նորա մարդկության նախամարդն է, որի մեջ պետք է անհետացած լինի ու նորա հիշատակն, և միևնույն ժամանակ մարդկությունը պետք է նորա մեջ ներկայանար, և ուրեմն Քրիստոս պետք է մարդկային ծնունդ լիներ և ոչ թե մի նորաստեղծ մարմին առներ[1]: Հայտ է, որ նա մի նորություն պետք է լիներ մարդկային սերունդի մեջ և միանգամայն մարդկային սերունդից` Դավթի ցեղից (Եբր., Է 3. Հովհ., Է 42. Հռ., Ա 3): Այս նշանակում է, որ մեղանչական մարդկությունն յուր կամքով ու գործունեությամբ չպետք է մասնակցեր Քրիստոսի մարդեղության խորհրդին, այլ միայն ընդունող պետք է լիներ աստվածային այդ մեծ շնորհաց ի դեմս խոնարհ սուրբ Կույսին: Այդ պատճառով Քրիստոս, ինչպես տեսանք, ծնվում է ո՛չ մարդու և ո՛չ մարմնական կամքով, այլ` Ս. Հոգվով, աստվածային տնօրինական կամքով, որպես դավանում ենք Հավատամքում: Ըստ որում` ընտրյալ ազգից ընտրվում է Մարիամ Ս. Կույսը, վասնզի Աստուծո փրկությունը ընդունելու համար ընտրվեց այդ ազգն և նախապատրաստվեց, այնպես որ նորա նախապատրաստության կատարումն եղավ Մարիամ Ս. Կույսը: Տիրամայրը ամբողջ մարդկության համար օրինակելի պատրաստակամությամբ և լիովին անձնվիրությամբ ընդունարան դարձավ Աստվածորդուն: Նորա մեջ ներկայանում է Իսրայելի և ամբողջ մարդկության հավատքն ու փրկության ակնկալությունն Աստուծո առաջ և նորանով Աստվածորդին մտնում է մարմնավոր կյանքի մեջ` յուր շնորհները տալու համար: Այսպես Քրիստոս դառնում է Նոր-Ադամ նոր մարդկության համար և կատարյալ աստվածամարդ է հակառակ կարծական և Եբիոնյան աղանդներին, որոնց մեկի մեջ տիրապետող է աստվածային կամքը, հրաշքն, իսկ մյուսի մեջ` մարդկային մեղանչական կամքը:
Այսպիսի ծննդյան հետևանքն էլ այն է, որ Քրիստոս կատարելապես ազատ է մեղքից (Հովհ., Ը 46. Եբր., Դ 15), վասնզի եթե մեղք ունենար` կտուժեր նորա աստվածային սրբությունը, մինչդեռ մեղք չունենալով` ներկայացնում է այն կատարելության տիպարն[2], որ նա իսկական միջնորդ է Աստուծո և մարդու մեջ և իսկական կատարելատիպ է մարդու համար: Եվ եթե համեմատենք ընկած մարդուն Քրիստոսի հետ, կտեսնենք, որ մեղանչական մարդու մեջ տիրում է աշխարհայինն և աշխարհային գիտակցությունը սրբության, աստվածաճանաչության և ինքնաճանաչության վրա, իսկ Քրիստոսի մեջ աշխարհայինն և աշխարհային գիտակցությունը անկարող են ինքնուրույնության հասնելու,[3] այնպես որ Քրիստոս կատարյալ միություն է պահում Հոր Աստուծո հետ: Աշխարհում լինելով և աշխարհին գիտակցելով` ոչ թե ենթարկվում է աշխարհին, այլ մի լինելով Հոր հետ` գիտե, որ ինքն աշխարհի Փրկիչն է: Ուստիև մեղքն, որ աշխարհի գերիշխանության և աշխարհային գիտակցության հետևանքն է և կանոնավոր ընթացքի ու զարգացման խանգարիչ, միշտ օտար էր Քրիստոսից: Քրիստոսի աճումը յուր ամբողջ կյանքում սուրբ էր և կանոնավոր. աշխարհային ոչ մի միակողմանի ազդեցություն չէր կարող նորա ինքնագիտակցության և աստվածային կոչման վրա շեղիչ կամ խանգարիչ ներգործություն ունենալ (Ղուկ., Բ 52. Ա 80): Այս առանձնապես շեշտում է Ավետարանիչն` ասելով. «Մանուկն աճէր և զօրանայր Հոգւով»: Եվ այդ ինքնագիտակցությունն ու սրբությունը կենդանի էր նորա մեջ ամեն ժամանակ, ինչպես տեսնում ենք նորա տասներկու տարեկան հասակիցն իսկ (Ղուկ., Բ 40, 46-49)` ընտրյալ շրջանում պայծառացած: Կատարյալ լինելով իբրև Աստված` բնական կատարելության համար աճում էր իբրև մարդ (Եբր., Ե 8), զի մեր մարմնին կցորդ էր յուր մարմնի նմանությամբ նաև մարմնավոր կատարելությամբ անշուշտ (Հռ., Ը 3. Եբր., Բ 14. Սաղմ., ԽԴ 3): Մեղքը նորա վրա չկարողացավ տիրել, վասնզի նա հաղթող եղավ աշխարհի փորձանաց մեջ հակառակ ադամային փորձանաց պարտության (Ես., ԽԲ 1-4. Եբր., Դ 15): Նորա փորձությունը մասնավոր փորձություն չէր, այլ հիմնական` սատանայի փորձություն ու կեղծ մեսիականությամբ, ուրեմն Քրիստոս լիակատար չարիքի դեմ պետք է հաղթող դուրս գար (Մատթ., Դ 1-11): Եվ Քրիստոս միշտ հաղթող էր յուր երկրավոր կյանքի ընթացքում շարունակ փորձիչ հակառակորդի վրա (Ղուկ., Դ 13): Այս փորձության սկզբունքն էլ այն է, որ Քրիստոս, ըստ մեզ, աշխարհային փորձանաց կյանքն ուներ, կռվում էր ամենայն թշնամանքի դեմ և յուր Փրկչական ինքնագիտակցությունը չէր կորցնում. այլև ըստ մարդկային և աստվածային ազատ կամաց ընտրում է և ճշմարիտն և ոչ հրապուրիչը: Ըստ այսմ` Քրիստոս, սիրո կատարյալ միություն պահելով մարդկության հետ, իրագործում է, հակառակ բոլոր թշնամությանց, յուր բարձր կոչումը, այն է` Աստուծո և մարդու միջի միջնորդությունը: Ամենամեծն էր նորա մաքառումը և ամենափառավոր նորա հաղթությունը, վասնզի նա ոչ թե իբրև Աստված կռվեց խավարի զորացող իշխանության դեմ, այլ իբրև աստվածամարդ աճելով, չարչարանքներին հնազանդելով ու յուր դեմ վառվող թշնամությանց հաղթության կատարումը անմեղությամբ խաչի վրա միայնակ պսակելով (Եբր., Ե 8-9)[4]: Այս մի սքանչելի խորհուրդ է, որ մարդկային ազատության ընթացքով Քրիստոսի միացած կամքը մարդկապես հաղթող է հանդիսանում և ոչ թե ըստ երկակամյայց` մարդկային կամքով, բայց աստվածային կամքի բռնությամբ18*:
Արդ, ուրեմն Քրիստոս յուր երկրավոր կյանքի միջոցին խոնարհության մեջ է եղել (Մատթ., ԺԹ 17), բայց առանց մեղքի, թեև Հոր հետ էապես մեկ էր, սակայն նորա կյանքը պատմական էր և կռվում էր հակառակության դեմ: Նա պատմական կյանքով խոնարհության մեջ էր, որի կատարմամբ ու հաղթությամբ փառքի բարձրացավ` նստելով Հոր աջ կողմն իբրև գլուխ յուր եկեղեցու (Փիլ., Բ 8-9): Եվ նորան յուր իսկական փառքի մեջ տեսնելու ենք նորա երկրորդ գալստյամբ (Ա Հովհ., Գ 2. Ընդհ., 176): Սակայն նորա կյանքի խոնարհությունն ևս մարդկային չէ, այլ աստվածմարդկային. նա խոնարհ էր` ինչպես մարդ, բայց հրաշք էր գործում` ինչպես Աստված. շրջում էր` ինչպես մարդ, պայծառակերպեցավ սարի վրա` ինչպես Աստված, նա հակառակության էր պատահում` ինչպես մարդ, մեկ խոսքով` հիվանդ էր առողջացնում` ինչպես Աստված: Քաղցում էր` ինչպես մարդ, բյուրերին կերակրում` ինչպես Աստված. ննջեց նավի վրա` որպես մարդ, սաստեց ծովն` ինչպես Աստված. քացախ ճաշակեց` ինչպես մարդ, ջուրը գինի դարձրեց` որպես Աստված. ծաղրվեց խաչի վրա ու մեռավ` որպես մարդ, Ղազարոսին և այլոց հարություն տվավ` որպես Աստված[5] (հմմտ. Ընդհ., 173-175): Սակայն թե՛ մարդկային և թե՛ աստվածային բոլոր գործերը նա կատարեց խոնարհությամբ և ոչ աստվածային բարձրությամբ, ուստիև մարդկանց ընտրության առաջ ոմանց ի գոլորումն և ոմանց ի կանգնումն եղավ (Մարկ., Զ, 3. Ղուկ., Բ 34): Մարդուն է մնում ազատապես հավատալ նորան ու փրկվիլ: Նա ոչ թե բռնությամբ գործեց, այլ քաղցրությամբ ու հեզությամբ, ուստիև յուր ճշմարտությունն ու փրկությունը տալիս է մարդկանց ոչ թե ուժով ու սաստով, այլ միայն հավատքով: Փառքն ու խոնարհությունն էլ իրար դիմաց պետք է լինին, որ մարդու հավատքն ունենա յուր արժեքը և ազատ ընտրությամբ յուրացնե փրկությունը: Ըստ այսմ` մեկը գայթակղվում է Քրիստոսի արտասուքով, իսկ մյուսը հավատքով զորանում է, երբ տեսնում է, որ նույն Քրիստոսը, հարություն տալով Ղազարոսին, սրբում է նորա քույրերի արտասուքն ու մխիթարում: Այսպիսի հակադրության դրոշմ է կրում Քրիստոսի կյանքի ամեն մի ընթացքը մինչև խաչի վրա վերջին վայրկյանն, երբ համբերությամբ ու սրբությամբ ամեն տնօրինություն իրագործելուց հետո բացականչեց. «Ամենայն ինչ կատարյալ է», և նույնիսկ այդ վայրկյանում չարչարանաց մեջ կատարած հրաշալիքներով ցույց տվավ, որ ինքը տեր է բնության վրա: Եվ ապա հառնելով ու համբառնալով բարձրացրեց յուր հետ յուր մարդկությունն աստվածային փառաց մեջ, որով վերստին պետք է իշխանաբար գա աշխարհը դատելու համար (Ղուկ., ԻԱ 27):
Այսպես Քրիստոս իբրև աստվածամարդ ծնվեց, իբրև աստվածամարդ աճեց ու զարգացավ, իբրև աստվածամարդ կատարեց աստվածային տնօրինությունք և իբրև աստուծամարդ մեռավ ու հարյավ. նա իբրև աստվածամարդ պետք է գա երկրորդ անգամ: Նորա մարդկությամբ խոնարհվել է աստվածությունն, և աստվածությամբ բարձրացել է մարդկությունը. ըստ որում` նորա մարդկությամբ գայթակղվողը կընկնի, իսկ աստվածության հավատացողը կբարձրանա (Ղուկ., Բ 34): Քրիստոնեության հիմքն ու էությունը կազմում է այս ճշմարտությունն, որ Քրիստոս է Աստուծո մարդացյալ Որդին: Առանց այս հավատքին չի կարող քրիստոնեական եկեղեցի լինել, և եթե մի համայնք կարծում է քրիստոնյա լինել` ճանաչելով Քրիստոսին լոկ մեծ հանճար, նա աղանդ է և ոչ եկեղեցի: Առանց այս հավատքին չի կարող և մարդ քրիստոնյա լինել և Աստուծո կենդանի տաճար դառնալ, և եթե մեկը, մարմնական դատողությանց ենթարկվելով, կարծում է նաև առանց այդ հիմնական հավատքին քրիստոնյա համարված լինել, սխալվում է, նա աղանդավոր է և ոչ քրիստոնյա: Չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ ճշմարիտ հաղորդակցություն Աստուծո հետ և ո՛չ ճշմարիտ բարոյականություն առանց այդ հավատքին, որ Քրիստոս է աստվածամարդ (Մատթ., ԺԶ 16. Հովհ., Թ 28): Ուստիև առաքյալն ասում է դիպողապես. «Որ ոք ոչ խոստովանի զՅիսուս Քրիստոս եկեալ մարմնով, նա մոլորեցուցիչ է եւ Նեռն» (Բ. Հովհ., Ա 7. Ա Հովհ., Դ 2-3. Գաղ., Դ 4): Ըստ որում և Պողոս առաքյալը գրում է. «Ոչ ոք կարէ ասել Տէր զՅիսուս, եթէ ոչ Հոգւովն Սրբով» (Ա Կոր., ԺԲ 3. Հռ., Ը 16. Ա Հովհ. Դ 13. Ե 6): Այս է, որ Քրիստոս էլ ասում է. «Ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ իցէ տուեալ ի Հօրէ իմմէ» (Հովհ., Զ 65. ԺԵ 26): Հետևաբար այդպիսյաց համար դեռևս անհրաժեշտ է նախապատրաստություն (հմմտ. վերը, գլ. ԺԷ), հոգու տեսողության ու լսողության բացումն և մղվիլ դեպի Աստված` լիապես լուսավորվելու համար (Սաղմ., ՃԽԴ 18. Գործք, ԺԷ 27. Ես., ԾԵ 6):
[1] «Մերակերպ բնութեանս ընդ արարչութեան միաւորութիւն երեւելապէս հանդիպեցաք տեսակի»: Մամբրե Վերծ., 59:
[2] «Ի սկզբանէն յորժամ առնէր Աստուած զարարածս, յետուստ արար զմարդն` յերեւոյթ եւ յաներեւոյթ իւրոյ զօրութեանցն ի միեւնոյն ժողովեալ. եւ այսպէս զամենայն ի նոյն պնդեալ ձուլեաց զարարածս, զոր եւ ըստ նմանութեան պատկերի կերպարանաց իւրոց արար եւ եդ զնա իշխան անձնիշխան իւրոց կամաց: Վասնորոյ նախանձու սատանայի ապականեալք հնացան ի բանսարկութիւն խարդախութեան պատրանացն: Իսկ Տէր եկն յայց ելեալ կորստականին, ծնաւ ի կուսէն ի մարդկան կերպարանս, զի արասցէ խաղաղութիւն յերկինս եւ յերկրի, եւ ածցէ զիւր Հայրն ծնօղ ի հաշտութիւն ընդ արարածս իւր` մարդակերպ պատկերաւն, զի յանդիման լիցին ամենայն մերժեալք արարածքն աներեւոյթն Աստուծոյ»: Ս. Ներս. Մեծն, անդ 70:
[3] Մատթ., ԺԱ 29. Հովհ., ԺԳ 15. Ա Պետր., Բ 31:
[4] «Մարդկան` ի մեռելոյ ·այ հոտ նեխոյ, իսկ Աստուծոյ` ի մեղաւորէ. ամենայն աշխարհ առհասարակ նեխեալ էր, (Քրիստոս) ոչ ·արշեցաւ եւ ոչ դարձոյց զերեսս իւր յումեքէ, այլ յիւր անուշահոտութիւնն համեմեաց զամենեսեան: Մշակին ոչ ·ոյ հոտ նեխոյ ի նեխեալ սերմանէ, այլ լի են միտք իւր խնդութեամբ, եթէ պարարին միտք ի հոտոյ անդաստանաց»: Մամբ. Վերծ., 27:
[5] «Արդ հասարակաբար նստաւ Միածինն յերկինս ի վերայ քերովբէից եւ յերկրի` ի նուս կենդանեաց. անդ` արարչաբար եւ համապատուապէս, աստ` մերունական աստուածացեալ կերպիւ եւ անանջատելի ի Հօրէ, բոլոր յԵրրորդութենէն, ·ոլով եւ անորոշ յերկրէ». Անդ իմանալի տեսութեամբ եւ բոլոր աստուածութեամբ սերովբէիցն երեւի. աստ զ·ալի բնութեամբ շօշափելի եւ է ամենայն յամենայնի եւ լնու զամենայն պարս ոլորապէս, որոյ երկին թզաւ եւ երկիր քլաւ»: Մամբ. Վերծ., 63, 71:
Արշակ Տեր Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից