22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հայ քրիստոնյայի հավատի զորացման աղբյուրներից են ուխտի ճանապարհները, որոնք ուխտի օրերին հարստանում և իմաստավորվում են ուխտավորների աղոթական շնչով: Այս տարի, ի ուրախություն հայ ուխտավորների, ուխտի օրերը համալրվեցին ևս մեկով՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օրով: Վարագա Սուրբ խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվեց որպես Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Հերթական ուխտի զորավոր ուղին բազում ուխտավորների էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ կամարներից ներս՝ մասնակիցը դառնալու ուխտի Ս. Պատարագին, որ մատուցում էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հընթացս Սուրբ Պատարագի, Տեր Հայրը քարոզին մասնավորաբար ասաց. «Սիրող Հոր անհատնում ողորմածության շնորհիվ մեր եկեղեցին այս տարի մի անգին պարգև ստացավ՝ Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը, որի համար մեր անսահման գոհությունն ենք հայտնում Երկնավոր Հորն ու մեծ երախտագիտությունը՝ մեր եկեղեցու բարերար Գեղամ Ղուկասյանին, որն էլ այդ անգին գանձի նվիրատուն է: Ի սրտե շնորհավորում եմ բոլոր ներկաներին այս կրկնակի տոնի կապակցությամբ և Տիրոջ Սուրբ նշանի բազում օրհնությունները մաղթում ամենքիդ: Մեր Տերը Երկնքից երկիր իջավ խաչի կամուրջով, որպեսզի մենք էլ այդ միակ կամուրջով Իր գիրկը բարձրանանք: Նա արիությամբ կրեց բոլոր չարչարանքներն ու ի վերջո հաղթանակած դուրս եկավ այդ ամենից հարության միջոցով, որպեսզի երբ Իր հետևորդները կքեն իրենց խաչի ծանրությունից և նրանց ուժասպառ ոտքերն այլևս ի վիճակի չլինեն առաջ շարժվելու, իրենց սրտի հայացքն ուղղեն խաչյալ Քրիստոսին, որպեսզի Նա Իր աստվածային սիրո լույսով նոր զորություն հաղորդի և վեր բարձրացնի նրանց հակված գլուխները»:
Ողջ եկեղեցին հոգեպարար ուրախության մեջ էր՝ շարականագրի հետևյալ խոսքի համաձայն. «Ուրախ լեր, Սուրբ եկեղեցի, քանզի Քրիստոս արքայն երկնից այսօր պսակեաց զքեզ խաչիւն իւրով»:
Մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Սուրբ Խաչի զորությանը ապավինելով, հաղորդակից եղան Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի օրհնությանն ու զորությանը՝ այն մեծ վստահությունն ու հավատքն ունենալով, որ Խաչյալի զորությունը այսօր էլ Խաչի վրա է, քանի որ այն ներկվեց և լվացվեց Քրիստոսի արյունով: Մեր Տերն Ինքն Իրեն զոհաբերեց հանուն մարդկության, սրբագործեց Խաչը, և Խաչն ու Խաչյալը նույնացան:
Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը փառավորվեց Քրիստոսի Խաչը. «Եվ երբ խաչելության հիշատակով փառավորվում է Խաչը, խաչված Փրկիչն է, որ պաշտվում է» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական»):
Կարինե Սուգիկյան