22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Այսօր նշվում է սուրբ Սիմեոն ծերունու, Աննա մարգարեուհու և Հովհաննես Մկրտչի մոր՝ Եղիսաբեթի հիշատակությունը: Իսկ ի՞նչ խորհուրդ ունի այս օրը․ այս օրը միևնույն խորհուրդն ունի, ինչ Տեառնընդառաջը և Սուրբ Աստվածածնի վերափոխումը ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի:
Արարչագործության հինգերորդ օրն Աստված հրամայեց ջրերին ծնել երկու տեսակ կենդանիներ, ոմանց՝ ջրերում լողալու, և ոմանց՝ օդում սավառնելու համար: Եվ հինգերորդ դարում Աստված հրամայեց Մովսեսին ավազան և քահանաների համար՝ լվացարան պատրաստել՝ մարմնի սրբության համար, ու նախ ժողովրդին ծովի միջով անցկացրեց, ինչը որ նախօրինակն էր մկրտության։ Իսկ երբ մեզ հասան Նոր Ուխտի շնորհները, Քրիստոսի Մկրտությամբ և Սուրբ Հոգու շնորհներով նոր օրենքների մաքրությու՛նը պայծառացավ մեր մեջ, որպեսզի Քրիստոսի Հարությունից հետո, աստվածաստեղծ թևեր առած, բարձրանանք երկինք՝ Տիրոջն ընդառաջ: Նաև հայտնի է, որ աղավնիների ու տատրակների հետ սողուններ և զեռուններ էլ առաջացան, ինչպես և աղավնիների՝ սուրբ Առաքյալների երամում` Հուդան, Նիկողայոսը և Ալեքսանդրոսը:
Ըստ այսմ, այս տոնախմբության հինգերորդ օրը սահմանված է «լեռների և բարձունքների» օրհներգության համար, քանի որ առաջին կույսի պատճառով ցածրացավ մարդկային բնությունն ու թշնամու ոտքի կոխան դարձավ, և մենք, մեղանչելով՝ մեռանք հինգ զգայարաններով ու մեր և մեր որդիների վրա առանք սատանայի չարությունը։ Եվ, ըստ այն խոսքի, թե «Ո՞վ ես, մեծ լեռ, որ կանգնել ես ընդդեմ Զորաբաբելի», մեր Տերը մերժեց հակառակը՝ հակադիրով, և սուրբ Կույսի միջոցով առաջնորդեց մեր բնությունը՝ ոտնակոխ անելու մեր բնությունը ոտնահարողին, ինչպես և Տերն ասաց. «Ահա տվեցի ձեզ իշխանություն ոտնակոխ անել օձերին և կարիճներին և թշնամու ամեն զորությունը»:
Իսկ այսօրվա սաղմոսն է ասում է. «Մեծարե՛նք մեր Տեր Աստծուն և երկրպագե՛նք նրան Սուրբ լեռան վրա»: Եվ Պողոսն էլ ասում է, որ մոտեցել ենք ո՛չ թե շոշափելի լեռանը, այլ հոգևոր «Սիոն լեռին»: Նաև Ավետարանն է ասում. «Մարիամը վեր կացավ ու շտապով գնաց դեպի լեռնակողմը»: Իսկ Սողոմոնն ասում է. «Իմ եղբորորդին լեռների վրա խունկ մատուցեց»: Ուստիև մենք ոչ թե Մովսեսի հետ շոշափելի լեռը բարձրացանք, այլ իմանալի լեռը՝ Քրիստոսի հետ: Եվ այս հինգերորդ օրը Քրիստոս նորոգեց մեր հինգ մեռյալ զգայարաններն Իր Մկրտության շնորհներով, քանի որ Աստծո՝ Հորդանանի ջրերի մեջ իջմամբ ջրերը զորացան և այլևս ծնում են ո´չ թե օդում թռչող թռչունների, այլ, վերստին ծննդյամբ, մարդկանց մտավոր և բանական բնությունները, որոնք, Սուրբ Հոգուց տրված թևերով բարձրանում և խառնվում են հրեշտակների գնդերին:
Այդ պատճառով էլ այսօր սահմանված է լեռների և բարձունքների օրհներգությունը, քանի որ, առավել քան երբևէ, վսեմացանք հինգ զգայարաններով: Եվ ինչպես ջուրը չի կարող վնասել իր մեջ ապրողներին, այլ, ընդհակառակը, օգնում է նրանց, այդպես էլ փորձությունները չեն կարող վնասել հավատացյալներին: Ու ինչպես որ օդը չի արգելում թռչուններին սլանալ իրենում, այլ առավել օժանդակում է նրանց, այսպես և օդային չար դևերը չեն կարող արգելել Քրիստոսին հավատացողներին բարձրանալ ու մտնել Երկինք՝ Քրիստոսի մոտ: Հայտնի է նաև, որ այս տոնախմբության հինգերորդ օրը հիշեցնում է մեզ սուրբ Աստվածածնի Ավետման, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության, Տեառնընդառաջի և սուրբ Աստվածածնի վերափոխման տոները, ինչի մասին վկայությունները, կարծում եմ՝ դյուրությամբ, կարելի է գտնել շարականներում։
Որդի՛ Աստծո, Քո ամենապայծառ Հայտնության շնորհիվ լուսավորի´ր այս գիրը կարդացողի հոգին: Ամեն։
Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը