22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հովակիմն ու Աննան Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողներն են: Քանի որ նրանց մասին Նոր Կտակարանում գրված չէ, ուստի նրանց մասին տեղեկություններ գիտենք եկեղեցու սրբազան ավանդությունից, որը հիմնականում ներկայացված է «Հակոբոսի նախավետարան» կոչվող պարականոն գրվածքում: Հովակիմը Դավթի ցեղից բարեպաշտ և մեծահարուստ մարդ էր, իսկ Աննան՝ քահանայական տնից, համեստ ու երկյուղած կին: Այս երկու արդար հոգիները բարեպաշտ, արդար, աստվածավախ ամուսիններ էին, ապրում էին Նազարեթ քաղաքում և զավակ չունեին, քանի որ Աննան ամուլ էր: Այն ժամանակ անզավակությունը մեծ նախատինք էր համարվում: Ուստի մի անգամ, երբ մի տոնի առիթով Հովակիմը նվեր է մատուցում տաճարում, քահանան նրան ասում է, որ նա պետք է ամենավերջում ընծան մատուցի, քանի որ զավակ չունի: Հովակիմը, խիստ վշտանալով, գնում է լեռ և այնտեղ տրվում աղոթքի և պահեցողության: Անդադրում, արցունքոտ լի աչքերով աղերսում է Աստծուն հանել իրենից անզավակության այդ անպատվելի վիճակից: Աղոթքը իր համար կերակուր էր, իսկ արցունքը՝ ըմպելիք: Աննան, տաճարում պատահածի մասին տեղեկանալով, լալագին արտասվում է և տրվում աղոթքի՝ Տիրոջ բարեգթությունը խնդրելով: Նա ուխտ է անում, որ եթե իրեն զավակ տրվի, կնվիրի Աստծուն:
Ամուսինները Գաբրիել հրեշտակապետի կողմից արժանանում են Աստծո նույն պատասխանին: Աննան հղիանում է և ծնում Մարիամին, որ նշանակում է լուսավորյալ, քանի որ նորածինը լույսի պես աղջիկ էր, «որով օրհնվեցին բոլոր ազգերը»: Ծնողները իրենց աստվածընծա մանկանը երեք տարի պահելուց հետո, ընծայում են Երուսաղեմի տաճարին: Մի քանի տարի հետո վախճանվում է Հովակիմը, ով արդեն ալեզարդ ծերունի էր և նրանից երկու տարի հետո կինը՝ Աննան: Իսկ, ըստ մեկ այլ ավանդության, Աննան ապրում է այնքան, մինչև տեսնում է իր թոռանը՝ Հիսուս Մանկանը:
Հովակիմի և Աննայի հիշատակը Հայ եկեղեցին տոնում է Յուղաբեր կանանց հետ, Վերափոխման իննօրյակին անմիջապես հաջորդող երեքշաբթի օրը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը