3 Դեկտեմբեր, Գշ
Քրիստոսի փորձությունը անապատում նկարագրում են Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները (Մատթեոս 4:1-11; Մարկոս 1:12-13; Ղուկաս 4:1-13): Մկրտությունից անմիջապես հետո Հիսուսը Սուրբ Հոգու կողմից տարվեց անապատ: Նա այնտեղ քառասուն օր ու գիշեր ծոմ պահելուց հետո սատանայի կողմից ենթարկվեց երեք փորձությունների: Անապատում Աստվածորդու երեք փորձություններն իրենց արտացոլումն են գտել հայ և համաշխարհային արվեստում:
Քանի որ Քրիստոս մկրտությունից հետո փորձվեց սատանայից, ուստի ձեռագրերում փորձություններին նախորդում է Հիսուսի մկրտությունը: Այդ կերպ է պատկերված «Ութ մանրանկարիչների ավետարանում» (12-13-րդ դդ.) և 1648 թ-ին Նիկողայոս Մելանավորի ընդօրինակած ձեռագրում: Էջի վերին մասում մկրտության ավետարանական պատմությունն է, կից լուսանցքում պատկերված է Սուրբ Հոգու էջքը Քրիստոսի վրա: Էջի ներքևում անապատ տարվելու պատմությունն է, որը սկսվում է առաջին փորձության պատկերով: Այս ձեռագրում առաջին փորձության պատկերում Փրկչի հեռավոր և ամայի վայրում լինելն ընդգծվում է Երուսաղեմի տաճարի և քաղաքի պարիսպների հեռավոր պլաններով: Նկարի ձախ կողմում սատանան է, որը ձեռքով բերանն է ցույց տալիս, իսկ նրա դիմաց Հիսուսն է՝ սատանայի գայթակղությունը մերժող պատասխանով: Ձեռագրի հաջորդ էջին պատկերված են մյուս երկու փորձությունները: Ավետարանական տողերին կից ոսկու և տարբեր վառ գույների զուգակցմամբ պատկերված է Երուսաղեմի տաճարը: Վերևում՝ աշտարակին, Հիսուսի առջև նենգ կեցվածքով սատանան է, որ դեպի վար է ցույց տալիս: Երրորդ փորձության պատկերում մանրանկարիչն աշխարհի թագավորությունները ներկայացրել է քաղաքների, նրանց շուրջը տարածվող դաշտերի, լեռների, գետերի և կենդանիների պատկերներով: Աշխարհի և Հիսուսի միջև սատանան է, մի ձեռքով ցույց է տալիս աշխարհի հարստությունը, մյուս ձեռքով Հիսուսին հրավիրում է երկրպագության: Ավագ ծաղկողի 1337թ-ին նկարազարդած ձեռագրում Քրիստոս համակ լույս է, իսկ սատանան՝ սև և խավար:
Ղուկաս ավետարանիչը Հորդանանում մկրտությունից հետո նախ ներկայացնում է Հիսուսի ազգաբանությունը, ապա նոր՝ անապատում փորձությունը: Նկարազարդ մի շարք ավետարաններում համանման ձևով նախ ներկայացվում է Հիսուսի ազգաբանությունը ետադարձ ընթացքով մինչև Ադամ, ապա՝ փորձությունները:
Հայկական ձեռագրերից մեկում Մատթեոսի ավետարանում երեք փորձությունները պատկերված են մի պատկերի երկայնքով՝ որպես մի պատմության երեք դրվագներ՝ հացի մասին սատանայի խոսքերը, Հիսուսին աշտարակի վրա բարձրացնելը և լեռան վրա աշխարհի հարստությունները խոստանալը:
Հեթում Բ արքայի Ճաշոցում Քրիստոսի երեք փորձությունները ներկայացված են լուսանցային երեք մանրանկարներով, Հինավուրցից ներքև: Փրկչի առջև սատանայի անզորությունն ընդգծելու համար մանրանկարիչը նախ պատկերում է Քրիստոսի ծննդաբանությունը, ապա նոր՝ փորձությունները: Առաջին փորձության պատկերը լավ չի պահպանված, հատկապես տուժել է Քրիստոսի դեմքը: Աստվածային զորության կողքին սատանայի անզորությունը շեշտելու համար, ինչպես այստեղ, այնպես էլ փորձության հաջորդ երկու պատկերներում, փորձիչը նկարված է կարմիր գծային փետրագծով: Նա ձեռքով ցույց է տալիս քարը՝ այն հաց դարձնելու հրավերով: Ավելի ներքև, նույնպես լուսանցքում, Քրիստոսի երկրորդ փորձությունն է լեռան վրա (այն ևս վնասված է, բայց փոքր-ինչ ավելի լավ վիճակում է, քան նախորդը): Երկրորդ փորձության պատկերում աշխարհից սկսվող և վեր բարձրացող լեռան վրա Քրիստոս է, իսկ ներքևում՝ աշխարհի թագավորությունը: Քրիստոսի գլխավերևում գրված է՝ «Քրիստոս է», իսկ փորձչի գլխավերևում՝ «սատանա է», պատկերի ներքևում՝ «լյառն է»: Երրորդ փորձությունը ներկայացնող պատկերում Քրիստոս տաճարի աշտարակին է, իսկ նրա դիմաց՝ խորտակվող սատանան: Այս տեսարանն էլ է վատ պահպանված, և ցավալին այն է, որ շատ բարձր թմբուկով ու սյունաշարով արտասովոր և հետաքրքիր տաճարը, որի մի թևին կանգնած է Քրիստոսը, դժվարությամբ է դիտվում: Մյուս կողմից գունաշերտի վատ պահպանվածությունը թույլ է տալիս հետևել նկարչի աշխատանքին, թափված ներկաշերտի տակից լավ երևում են Քրիստոսի ֆիգուրի նախնական ուրվագծերը:
Սարգիս Պիծակի լուսանցանկարներում թափանցում են երանգավորումներ, որոնք բխում են երկրի սոցիալ-քաղաքական կացությունից: Քրիստոս ավելի խիստ ու վշտահար է «Արքունական ավետարանի» լուսանցանկարում: Կիլիկիայում եղած այդ տարվա ողբերգական անցքերը կարծես իրենց դրոշմն են դրել Նրա դեմքին: Դրան նպաստում են նաև միմյանցից խիստ տարանջատվող տունիկայի ուլտրամարինը, պալիումի ոսկին, դեմքի ու լանջի փղոսկրյա երանգը և սև-շագանակագույն շեշտված մազերը, հոնքերը, քիթը, բերանը: 1335-ի և 1336-ի «Արքունական» ավետարանների համապատասխան էջերում վարպետը Քրիստոսին պատկերում է այն պահին, երբ նա սատանայից փորձվելով և լցված «զօրութեամբ հոգւոյն», դառնում է Գալիլեա, ապա Նազարեթի ժողովարանում մեկնում Եսայի մարգարեի գիրքը: «…Հոգի Տեառն ի վերայ իմ,- ասված է ավետարանում,- վասն որոյ եւ օծ իսկ զիս. աւետարանել աղքատաց առաքեաց զիս, բժշկել զբեկեալս սրտիւ, քարոզել գերեաց զթողութիւն եւ կուրաց տեսանել, արձակել զվիրավորս ի թողութիւն…» (Ղուկ. 4:18-19):
Նկարիչները, ստեղծելով այս թեմայի պատկերագրությունը, լուսանցապատկերները խորհրդաբանորեն կապում էին ավետարանական բնագրի բովանդակության հետ: Օրինակ մանրանկարիչ Հովհաննես Խիզանցու նկարազարդած Մատենադարանի № 3717 Ավետարանում «Սուրբ Հոգին» խորհրդաբանում է «Հիսուսի փորձությունը անապատում» բնագրային հատվածը:
Նոր Ջուղայում նկարազարդված ավետարանում (1628թ.) փորձություններից երկուսը մի պատկերով են ներկայացված, իսկ երրորդը՝ շարադրանքի դիմացի լուսանցքում: Առաջին փորձության պատկերում սատանան անապատական կրոնավորի տեսքով է և հացի նման իրար վրա շարված քարեր է մեկնում Հիսուսին: Վերևում երկրորդ փորձության նկարագրությունն է, սատանան լեռան վրա Փրկչին ցույց է տալիս ներքևում տարածվող աշխարհի թագավորությունները: Հաջորդ էջին Քրիստոս Հովհաննես Մկրտչի նման անապատականի հանդերձներով է և խռիվ մազերով, իսկ պարտված սատանայի ոչնչությունը ընդգծում է նրա փոքր չափերն ու խեղկատակի տեսքը:
Եվրոպական արվեստում ևս տարածված է այս երեք փորձությունները մեկ պատկերաշարով ներկայացնելը: Այդպիսին է, օրինակ, իտալական նախավերածնության շրջանի մեծ վարպետներից Դուչիոյի աշխատանքը: Բարձր լեռան, Երուսաղեմի տաճարի և աշխարհի թագավորության պատկերներով նա ներկայացրել է Հիսուսի երեք փորձությունները: Այս նկարում Քրիստոս-սատանա հակադրությունն ընդգծել է գույների հակադրության և սատանային ներքևում պատկերելու միջոցով: Մատթեոսի ավետարանում գրված է, թե ինչպես Քրիստոսին երեք անգամ փորձելուց հետո «սատանան նրան թողեց, և ահա հրեշտակները մոտեցան և ծառայում էին Նրան» (Մատթ. 4:11): Այս խոսքի հետևողությամբ Քրիստոսի թիկունքում պատկերվում են սպասավորող հրեշտակներ: Վերածնության շրջանի իտալական նկարիչներից Սանդրո Բոտիչելլին նույնպես երեք փորձությունները մի նկարում է պատկերել:
«Քրիստոսի փորձությունը անապատում» տեսարանը իր գեղարվեստական բարձրակետին է հասել Դորիի նշանավոր փորագրանկարում: Բարձր լեռան գագաթին Քրիստոս է, իսկ նրա առջև սատանան ցույց է տալիս ներքևում տարածվող աշխարհը: Տիրոջ հանդարտ ու լուսաճառագ դեմքն ուղղված է դեպի երկինք: Անհաղորդ աշխարհի փառքին՝ Քրիստոս պատրաստվում է ելնել անապատից՝ տարածելու նոր վարդապետությունը և մարդկության հետ կնքելու փրկագործության նոր ուխտը: Քրիստոսի ներանձնացման այս պահն է ներկայացված 19-րդ դարի ռուս նկարիչ Իվան Կրամսկոյի 1872 թ-ին վրձնած «Քրիստոսն անապատում» կտավում: Նուրբ գուներանգներով նկարիչը պատկերել է ավարտվող գիշերն ու սկսվող արշալույսը, որը խորհրդանշում է Քրիստոսի քարոզչությամբ մարդկության համար բացվող նոր օր:
Կազմեց Գայանե Սուգիկյանը