Քրիստոսի ծնունդը

«Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ բան է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց (Ղուկ. 2։15)։

«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև Նրա աստղը տեսանք երկնքում և եկանք Նրան երկրպագելու» (Մատթ. 2։2)։

Երբ Աստված Իր ողորմությամբ մի ընտանիքի զավակ է պարգևում, այդ ո՞ր մի մայրն է, որ իր քնքուշ նորածին մանկան առաջին սքանչելի ժպիտի, նրա պայծառ հայացքի, նրա ձայնի ելևէջների մեջ չի ցանկանում տեսնել իր զավակի փառավոր ապագան: Եթե մեկն ասի, որ այդ զավակը մեծ մարդ է դառնալու, այդ ո՞ր մի մայրը չպիտի հրճվի ու բերկրանք զգա այդ խոսքերից, և մի՞թե չպիտի ցանկանար իր սրտի հատոր մանկան փայլուն ճակատը զարդարված տեսնել լուսապսակով ու հաղթական դափնիով:

Ուրեմն կարո՞ղ եք պատկերացնել այն ուրախությունը, որը ցայտում էր Սուրբ Կույս Մարիամի սրտից, երբ Բեթղեհեմի կիսաքանդ քարայրի մի անկյունում՝ մսուրի մեջ իր հրաշագեղ մանկանը պատսպարած, իսկույն շրջապատվեց անմեղ հովիվների ու Արևելքի մոգերի կողմից, որոնք իրենց մատուցած նվերներով հիացում ու գուրգուրանք էին ցուցաբերում օծյալ մանկան ծննդյան կապակցությամբ:

Հակառակ այն բանին, որ բարի հովիվներին ուղղորդել էին «բարձունքի փառքը» ավետող հրեշտակային ձայները, և չնայած որ հազարավոր կիլոմետրեր ձգվող հեռուներից եկած մոգերն առաջնորդվել էին երկնային անծանոթ լույսի կողմից, նրանք բոլորը հարցրին հետևյալը. «Ո՞ւր է հրեաների նորածին թագավորը»: Ո՞ւր է Նա, Ում համար ուրախությամբ պիտի լցվեին Աբրահամի ու Հին Ուխտի բոլոր սրբերի սրտերը: Ո՞ւր է Նա, Ում մասին վեց դար առաջ Եսային մարգարեական շնչով վկայեց. «Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի. նա պիտի կոչվի Սքանչելի Խորհրդակից, Աստված հզոր, հավիտենականության Հայր, խաղաղության Իշխան» (Ես. 9.6):

Եվ անշուշտ, երբ հովիվներն ու մոգերը գտան այս աղքատիկ, փոքրիկ ու սքանչելի մանկանը՝ մսուրի մեջ ծվարած, մեծագույն հրճվանք զգացին:   Ի՜նչ փույթ, որ աղտեղի իջևանատնից էլ ավելի անշուք մի անկյունում գտան Նրան, ի՜նչ փույթ, որ նրանք մտան մի տեղ, ուր պերճանքի ոչ մի նշան չկար. նրանք անպատում ուրախություն էին զգում՝ դարերի ակնկալության մարմնացումը տեսնելով:

Սակայն դրան հակառակ, ահա տեսե՛ք, հրեա ժողովուրդը, չնայած 600 տարիներ շարունակ հաղթական Մեսիայի մասին երազելու, այդպես էլ չկարողացավ գիտակցել, որ իր երազած ազատարարը արտաքին զարդարանքով ու աշխարհային զորությամբ չէր գալու: Հրեա ժողովուրդը չկարողացավ պատկերացնել, որ իր ազատարարը կարող էր մի մռայլ խորշում ծնվել, որ հազիվ կարող էր մի կարկատուն խանձարուր ունենալ իր մերկությունը ծածկելու համար և որ նրա օրորոցը միայն մսուրը կարող էր եղած լինել:

«Աստծու ճանապարհը նման չէ մարդկանց ճանապարհներին». Սուրբ Գրքի այս խոսքը հրեա ժողովուրդը քանի՜ անգամ էր կարդացել ու երգել, սակայն չէր կարողացել տեսնել աստվածային այն արտասովոր նշանը, որը գտնվում էր Բեթղեհեմի մսուրում:

Թեպետ օրինապաշտ հրեան չտեսավ, բայց Հիսուսի ճշմարիտ ժողովուրդը ճանաչեց Նրան: Ահավասիկ, հրեա ժողովրդի ծոցից, ինչպես նաև հեթանոսների միջից են ելնում աշխարհի Փրկչի առաջին երկրպագուները: Ճամփորդների այդ երկու խմբերը գալիս-հանդիպում են Բեթղեհեմի մսուրի առջև:

Ըստ երևույթին ամեն բան նրանց բաժանում էր, քանի որ մոգերի խումբը, որպես հարուստների և իմաստունների խումբ և Արևելքի հնագույն ու հարգված դասակարգ, որևէ առնչություն չուներ մյուս խմբի՝ խղճուկ, տգետ ու պարզասիրտ հովիվների հետ:

Ուրեմն որտեղի՞ց էր գալիս այն ուրախությունը, որը նրանց միացնում էր միևնույն բերկրանքով և մղում էր երախտագիտությամբ երկրպագելու երկնային փառքերից մեծագույնը Կրողի առջև: Ահա՛ բուն խնդիրը, որի շուրջ մտամփոփ խորհրդածության առիթ է տալիս այսօրվա Ավետարանը:

Ուսումնասիրենք այն երկու ճանապարհները, որոնցով ընթացան մոգերն ու հովիվները՝ նախքան Փրկչի օրորոցի առջև միմյանց հանդիպելը: Թերևս այդպիսով կարողանանք ըմբռնել, թե ինչպես աստվածային շնորհի ազդեցությամբ մոգերի իմաստությունն ու հովիվների անմեղությունը նրանց ուղղակիորեն առաջնորդեցին դեպի Հիսուս:   

Գուցե նաև այդպիսով կարողանանք ուսանել, թե ինչպես է, որ այդ երկու իրարից տարբեր ճանապարհները տակավին այսօր էլ կարող են անկեղծ և ուղղամիտ հոգիներին առաջնորդել դեպի աշխարհի Փրկիչը:

Թերևս ոմանք հարցնեն. «Այդ ինչպե՞ս, մի՞թե գիտությունը կարող է առաջնորդել դեպի Հիսուս Քրիստոս: Ինչպե՞ս թե,- պիտի ասեն սկեպտիկները,- ինչպե՞ս կարելի է ընդունել մի Ավետարան, որի Սկզբնաղբյուրի գահը մսուրն է, իսկ վախճանը՝ խաչը: Մի՞թե կարելի է հավատալ մի կրոնի,- կասեին թերահավատները,- որն իր քարոզությունը սկսում է իր հետևորդներից հավատք պահանջելով»:

Ճիշտ է, որ կան այնպիսի «գիտուններ», որոնք, առանց հիմնովին ուսումնասիրելու իրողությունները, հայտարարում են, որ հավատքը ցնորք է: Այդպիսիք ցանկանում են մարդու գիտակցությունից ու սրտից ջնջել աստվածային բնազդը, ճշմարիտ Աստծու գոյության անհրաժեշտության գիտակցումը:

Նրանք չեն կամենում ջանք թափել՝ ուսումնասիրելու այն ամենը, ինչը նրանց իմացության սահմաններից դուրս է: Մի մեծն մտածող այդպիսի «գիտուններին» կոչում է «աշխարհի պատուհասներ»: Այս պատուհասները սկսել են ավելանալ ինչպես ուրիշ երկրներում, այդպես էլ մեր ժողովրդի մեջ: Այդպիսիք կարծում են, թե գիտեն, և չեն կամենում հետամուտ լինել սովորելու:

Սակայն կա մի ճշմարիտ գիտություն, որը իրերի բնական ծագումից անդին անցնելով ու անկողմնակալորեն քննելով իրողությունները, միաժամանակ լույս է շնորհում և խոնարհություն է ներշնչում: Ավետարանը բնավ երկյուղ չունի ճշմարիտ գիտությունից: Այն մինչև իսկ թույլատրում է, որ ամենամանրակրկիտ քննության ենթարկեն Սուրբ Գիրքը. «Քննեցե՛ք Գրքերը»:

Աստվածաշունչը ենթարկվել և տակավին ենթարկվում է ամենախիստ քննության քուրային, և ահա այն միակն է կրոնական բոլոր գրքերի մեջ, որը հոտնկայս կանգնած է՝ ասես ի լուր աշխարհի հռչակելու, որ ինքն իսկ է ճշմարտությունը:

Ահավասիկ տեսե՛ք, աստղագետներ, երկրաբաններ, լեզվաբաններ ու հոգեբաններ գալիս են իրենց գիտության լույսով քննելու Սուրբ Գիրքը, և նրանք բոլորն էլ, ի վերջո, մեկը մյուսի հետևից գլուխ են խոնարհում աստվածային ճշմարտության առջև:

Նայեցե՛ք աստղագետներին՝ գիտության փառքի գահին բազմած այդ մարդկանց, որոնք Արևելքի մոգերի նման փորձում են խորաչափել երկնային խորհուրդները, և ահա Նյուտոնների, Կոպեռնիկոսների ու Քեփլերների շուրթերից լսվում է պաշտամունքի աղաղակը: Այս մեծանուն գիտնականների գյուտերից յուրաքանչյուրն այն հրաշալի աստղի նման նրանց առաջնորդում է Արարիչ Աստծու ոտքերի առջև:

Հետևե՛ք երկրաբանների հարատևող պեղումներին, և դուք, որ կարծում էիք, թե նրանց հայտնագործությունները պիտի քարուքանդ անեին Սուրբ Գրքի պատմության հեղինակությունը, որի հետ նաև՝ Ավետարանի կրոնը, ահավասիկ տեսե՛ք, ծովեզրերի, երկրի ընդերքի, լեռնային հանածոների պեղումները հրաշալիորեն համաձայնում են Մովսեսի հնագույն պատմությանը և նրա իսկ ձեռքով գրի առնված արարչագործության շրջանները բովանդակով իրադարձությունների:

Հարցրե՛ք լեզվաբաններին, որոնք գիտական վերլուծությունների միջոցով գտել են բոլոր լեզուներին կապող ներքին ընդհանրությունը և հայտնաբերել են, որ բոլոր լեզուները ծագում են մեկ նախնական լեզվից, ինչն էլ գալիս է հաստատելու այն իրողությունը, որը մեզ վկայում է Սուրբ Գիրքը:

Եվ վերջապես, հարցրե՛ք այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են կրոնների համեմատական ուսումնասիրությանը: Նրանք հաղթական շեշտադրումով պիտի ծանուցեն, որ կրոնների մեջ որքան նախապաշարումներ, ավելորդապաշտություններ և հրաշապատումներ էլ որ լինեն, միևնույն է, այդ ամենը գալիս են ապացուցելու, որ անհնարին է՝ մարդկությունը կյանք ունենա առանց կրոնական զգացումի:

Կրոնների համեմատական ուսումնասիրության ոլորտում հեղինակություն ունեցող մեկն ասել է. «Մարդ այն ժամանակ է դադարում կրոնական զգացում ունենալուց, երբ դադարում է մարդ լինել» (Մաքս Մյուլլեր):

Ահա այսպես նրանք, ովքեր ցանկանում էին վերացնել կրոնը՝ այն տգիտության արգասիք համարելով, բախվում են գիտական հիմնավորումների, որոնք սահմանել են ուսումնասիրողները՝ լույսի և առաջադիմության անունից վկայելով, որ կրոնը չի կարող վերանալ, քանի դեռ մարդկությունն ապրում է աշխարհիս վրա, իսկ նրանք, ովքեր հանդգնում են ասել, որ կրոնը ցնորք է, այդպիսով ապացուցում են իրենց տխրահռչակ ու աններելի տգիտությունը:

Այո՛, իմացե՛ք, որ ինչպես Արևելքի մոգերը առաջնորդվեցին Հիսուսի մոտ, այդպես էլ թե՛ այժմ և թե՛ մշտապես գիտությունը պիտի առաջնորդի դեպի Ավետարանը, դեպի Փրկիչը, դեպի սիրո Աստված:

Ահավասիկ, ուրեմն, ձեր առջև բաց է ճանապարհներից առաջինը, որով դուք էլ ձեր հերթին կարող եք հասնել ճշմարտության լույսին: Դուք, որ տակավին տարակուսում եք, դուք, որ ձեզ շատ տկար եք զգում ձեր հավատքի մեջ, դժգույն՝ ձեր սրբության մեջ, խռովյալ՝ ձեր սրտում, մոտեցե՛ք ու հարցրե՛ք Հիսուսին նույնիսկ ձեր երերուն տարակուսանքներով. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք» (Ղուկ. 7.20): Այդժամ դուք պիտի զգաք Փրկչի՝ ձեզ մոտենալը, ինչը ձեր հոգուն կպարգևի այն անպատում ուրախությունը, որը զգացին մոգերը, երբ գտան Փրկչին:

Այն, որ Ավետարանը կարողանում է պատասխանել բարձրագույն գիտության հարցադրումներին, այն, որ գիտության ձեռքբերումներին ի պատասխան կարողանում է զորությամբ վստահաբար ապացուցել իր ճշմարտացիությունը, դա դեռ չի նշանակում, սակայն, որ միայն գիտություն ձեռք բերելով հնարավոր է Հիսուս Քրիստոսին ընդունել որպես Փրկիչ:

Կա մեկ ուրիշ ճանապարհ ևս՝ ավելի ուղիղ և պարզ ճանապարհ աստվածային ճշմարտությունը գտնելու համար: Դա հավատքի ճանապարհն է: Դուք ձեր առջև ունեք մի ուշագրավ օրինակ՝ հանձինս անմեղ ու բարի հովիվների: Երբ նրանք Բեթղեհեմի դաշտավայրում հսկում էին իրենց հոտը, ինչպես հովիվ Դավիթ թագավորը, որը ևս զբաղվում էր իր հոտի պահպանությամբ, հավանաբար գիշերվա աստղազարդ երկնակամարին նայելով կրկնում էին նույն Դավթի երգած «երկինքը պատմում է Աստծու փառքը» սաղմոսը, կամ էլ օրհնաբանում էին այս սաղմոսով՝ «տեսնեմ երկինքը՝ Քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք Դու հաստատեցիր: Մարդն ի՞նչ է, որ հիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան» (Սաղմ. 8.4-5):

Եվ ահա հովիվները պատասխան են ստանում՝ լսելով «փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, երկրի վրա՝ խաղաղություն, և հաճություն մարդկանց մեջ» երկնային երգը, որով և նրանք առաջինն են արժանանում լսելու այն բարի լուրը, որը պիտի երջանկություն պարգևեր աշխարհին:

Եթե Հիսուս պալատի մեջ ծնված լիներ, այս միամիտ հովիվները չէին համարձակվի գնալ Նրան երկրպագելու, այլ կխորհեին, որ կարող էին պալատից վտարվել: Մինչդեռ ախոռում կամ մսուրի առջև նրանք ասես իրենց տանը լինեին, և պիտի գիտակցեին, որ մինչև իրենց կարգավիճակը խոնարհվող Հիսուս աշխարհի ճշմարիտ Փրկիչն էր, Որի կարիքը նրանք այդքա՜ն զգում էին:

Քրիստոնեական կրոնի պարզությունը քրիստոնեության ամենասքանչելի տիտղոսներից մեկն է՝ անշուշտ առանց ուրանալու այս կրոնի աստվածային վսեմության հանգամանքը: Այնպես որ քրիստոնեությունը ոչ միայն գիտունների ու իմաստունների համար է, այլև հավասարապես տգետների և խոնարհների համար սահմանված մի կրոն է:

Գիտեմ, Ավետարանի պարզությունը նույնիսկ մեղադրանքների տեղիք է տվել՝ սկսած առաջին հակառակամարտներ Լուկիանոսներից, Կելսոսներից ու Պորփյուրներից, որոնք չեն դադարել հեգնել ու ծաղրել այն Ավետարանի ժողովրդական այն ողջ նկարագիրը, որն իր պարզությամբ, սակայն, խորունկ կերպով կարող է ազդել մարդկանց սրտերին:

Հիսուսից առաջ կրոնական ճշմարտություններով զբաղվում էին միայն իմաստասերները, և միայն նրանց էր վերապահված կրոնի վսեմ ճշմարտություններն ուսուցանել փոքր թվով աշակերտների խմբերի: Նույնիսկ կար արգելք ժողովրդին կրոնի էական կետերն ուսուցանելու հարցում:

Հիսուսից առաջ Աթենքում աղքատ մարդն ո՞ւմ էր պետք: Սյունազարդ սրահներում մի Սոկրատ կամ մի Պլատոն հազիվ փորձում էր բացատրել անմահության մարդկային նախազգացումը: Տգետը կամ աղքատը չէր կարող լուսավորվել գալիքի վերաբերյալ պատկերացումներով ու արիանալ մահվան արհավիրքի առջև: 

Հիսուսով, սակայն, ամեն բան փոխվեց: Ավետարանական կրոնը քարոզվեց աշխարհի ամենապարզ լեզվով ու մարդկանց համար ամենահարազատ պատկերների միջոցով, այնպես որ նույնիսկ մանուկն իր հրեշտականման անմեղությամբ կարող էր իսկույն հասկանալ Հիսուսի խոսքերը և կրկնել Նրա հրաշալի աղոթքը՝ օրհնաբանելով Երկնավոր Հորը:

Մոգերի, ինչպես և հովիվների մեջ նկատվում է զոհաբերության միևնույն ոգին: Մոգերը Հիսուսին տալիս են ոսկի, կնդրուկ և զմուռս՝ նվերներ, որոնք Արևելքում մատուցում էին միայն թագավորներին: Հովիվներն էլ մատուցեցին իրենց խղճուկ, բայց և անմեղ նվերները:

Թե՛ մոգերի և թե՛ հովիվների վարմունքի մեջ հայտնապես երևում է մաքուր սրտին հատուկ խոնարհությունն ու ջերմեռանդությունը, որով նրանք վկայում են, որ ցանկանում են մշտապես ապրել իրենց Փրկչի հետ: Ահա՛ այն հատկանիշը, որը նրանց զանազանում է Երուսաղեմի անտարբեր ամբոխից, որը թեև մի պահ խռովվում է մոգերի ժամանման առթիվ, սակայն շուտով դարձյալ անցնում է իր գործերին ու հաճույքներին:

Ահա՛ այն հատկանիշը, որը հովիվներին ու մոգերին զանազանում է դպիրներից ու օրենսգետներից, որոնք հավակնություն ունեին մեկնաբանելու Աստծու պատգամները, որոնք թեև մեծ վստահություն ունեին Սուրբ Գիրքը կարդացած լինելու պատճառով և նույնիսկ կարող էին ուսուցանել, թե Մեսիան որտեղ պետք է ծնվեր, թեև կարող էին Աստվածաշնչյան գրքերի գիտության բանալին իրենց ափի մեջ պահելով՝ ասել, որ «Իսրայելի ժողովրդին հովվելու համար լույս աշխարհ եկող մանուկը պետք է ծնվի Բեթղեհեմում», սակայն նրանք իրենց ունայն գիտությամբ դալկացած՝ մթին վարանումների մեջ թաղվեցին և իրենց իսկ նախապաշարումներից կուրացած՝ չկարողացան նույնիսկ մեկ քայլ կատարել դեպի սրբության ճաճանչը: Իմացե՛ք, որ ոչ ոք չի կարող մոտենալ Հիսուսին, եթե իր հոգում զոհողության ոգի չունի:

Մոգերի և հովիվների երկրպագությունը չի դադարել՝ հակառակ որ 20 դարեր են անցել: Փառաբանության ու երախտագիտության երգը տակավին շարունակում է հնչել և թնդացնել դարերի կամարները: Ամեն տեղ, ուր ներթափանցել է Փրկչի Ավետարանը, այնտեղ երբևէ չի դադարել անպատում ուրախությունը: Արդյո՞ք այդ ուրախության կրողն ենք նաև մենք: Արդյո՞ք զգում ենք այն երջանկությունը, որը զգացին մոգերը և հովիվները:

Այսօր, երբ սուրբ Եկեղեցին իր խորանը վերածել է Հիսուսի մսուրի, Բեթղեհեմի կիսաքանդ քարայրի, արդյո՞ք մենք զոհողության ոգով ենք մոտենում այդ ամենին: Եթե չունեք զոհողության այդ ոգին, չեք կարողանա տեսնել Նրա հոգևոր ներկայությունը երկնքի նմանությամբ գեղազարդարված այս կամարի տակ, չեք կարողանա Սուրբ Ծննդյան տոնի երգերի ու փառաբանությունների միջից լսել Նրա աստվածային ձայնը:

Ձեզնից ոմանք թերևս վշտակիրներ են. ո՞վ սուգ չունի, ո՞վ չունի սիրելիների կորստյան ցավ: Ուրեմն եկե՛ք այս աստվածային Մանկանը, Որի ողջ կյանքը լեցուն էր ցավերով ու տրտմություններով: Նա նույնիսկ աղաղակեց. «Հոգիս տրտմած է»: Իր ցավագին հառաչանքների մեջ նույնիսկ բարբառեց. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ», բայց այդ ցավերի մեջ իսկ կարողացավ համբերությամբ տանել Իր լսածը և Ինքն էլ անհուն գոհունակություն զգաց, երբ վշտակիրներին հոգևոր հանգիստ մաղթեց՝ ասելով. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և Ես կհանգստացնեմ ձեզ» (Մատթ. 11.28):

Ուրեմն եկե՛ք, ո՜վ վշտացյալներ, շրջապատե՛ք զոհողության այս մարմնացմանը և իմացե՛ք, որ ո՛չ արցունքներն ու ո՛չ սուգը չեն կարող մեղմել ձեր վիշտը: Վշտի թեթևացման միակ միջոցն այն անձնվիրությունն է, որով դուք պատրաստ եք նվիրվելու ուրիշների վշտերն ամոքելուն:

Ձեզնից ոմանք հարուստ են. դո՛ւք էլ մոտեցեք, ո՜վ ազնիվ և բարի հարուստներ, մոտեցե՛ք զոհողության այս մարմնացմանը, փույթ չէ, որ Նա շքեղազարդ չի ներկայանում ձեզ: Նա եղավ մեկը, ով ամենից շատն հարգեց հարուստներին: Նա զանազանություն չդրեց աղքատի և հարուստի միջև, այլ միայն դեմ դուրս ելավ ագահ հարուստին:

Հիսուս հարստությունը համարեց մարդու իմաստության պսակը: Նա Ինքը օրորոցից մինչև գերեզման շրջապատված էր հարուստներով: Չէ՞ որ մոգերը հարուստ մարդիկ էին, իսկ Նրա գերեզմանն էլ մի հարուստ մարդու կողմից տրամադրվեց: Ուրեմն եկե՛ք ու շրջապատե՛ք Նրան, Ով երկնքի բոլոր հարստությունները զոհեց երկրի փրկությունն ապահովելու համար:

Ուրեմն ամենքս էլ մոտենա՛նք արդարության այս Արեգակին, մարմին առած Իմաստությանը, լույսերի Լույսին, և գիտենա՛նք, որ միայն զոհողությամբ կարելի է նմանվել Նրա անմեղությանը, ըմբռնել քրիստոնեական կրոնի նշանակությունը և ապահովել մեր երանավետությունը:

Եկեք մոտենանք ու ծնրադիր շրջապատենք Նրան այնպես, ինչպես ծնրադիր շրջապատեցին պարզ միտք ու սուրբ հավատք ունեցող հովիվները և աստվածային իմաստության լույսն ունեցող մոգերը, և Նրանի՛ց ուսանենք իրական ու տևական խաղաղության պայմանները:

Խանձարուրի մեջ գուցե աղքատ վիճակում գտնեք Հիսուսին, սակայն Կրեսոսներից ավելի հարուստ է Նա: Թերևս Նրան անշուք տեսնեք, բայց Հուլիանոսներից և Օգոստինոսներից ավելի շքեղ և փառավոր է Նա: Թերևս Նրան տկար կարծեք, սակայն Ալեքսանդրներից ու Նապոլեոններից ավելի զորավոր է Հիսուս:

Թերևս Նրան ռամիկ կարծեք, բայց Պլատոններն ու Արիստոտելները պետք է դարերով աշակերտեն Հիսուսին: Նա մեր կյանքի Արեգակն է, Նա հոգու արդարության Արուսյակն է: Քրիստոս մեր փրկության Ճանապարհն է, Նա մեր Կյանքն ու Հավիտենականությունն է, և Նրան վայելում է փառք, պատիվ և երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

04.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․