26 Նոյեմբեր, Գշ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրն այս տարի նշեց հոկտեմբերի 13-ին: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երեկոյան ժամերգություն և զինվորների պահպանությանն ուղղված աղոթք կատարվեց, իսկ ժամը 22.00-ին, Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ միասին ուխտավորներն արարողության ընթացքում Ս. Անանիայի շիրիմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով Հայոց և Արցախ աշխարհների խաղաղության, հայրենյաց պաշտպան զինվորների և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար: Այնուհետև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ողջ գիշեր Խաղաղական, Հանգստյան, Գիշերային, Առավոտյան, Արևագալի ժամերգություններ անցկացվեցին և զինվորների պահպանությանն ուղղված միասնական աղոթք առաքվեց առ Տեր: Ողջ գիշեր ուխտավորներն ամեն ժամերգությունից հետո մասնակից եղան նաև սաղմոսերգությանը, որ դարեր շարունակ հայ քրիստոնյայի կյանքի ուղեկիցն է եղել. սաղմոսները երգվել ու արտասանվել են ռազմի դաշտերում, պանդխտության մեջ, արտերում և այգիներում, եկեղեցիներում և վանքերում, նեղության և ուրախության մեջ:
Ուխտի օրհնաբեր օրն իր շարունակությունն ունեցավ, երբ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Հանդիսավոր թափորը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Ապա Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն ու բազմաթիվ ուխտավորներ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի մատուցմամբ: Քարոզին Տեր Հայրն, իր հորդորն ուղղելով ներկաներին, մասնավորաբար ասաց. «Եկեք այսօր խնդրենք Տիրոջը, որ մեր հոգու և սրտի աչքերը բացվեն, և մենք կարող լինենք հետևելու Քրիստոսի լույսին, ունենանք անաղարտ հավատք և անշեղորեն ընթանանք առ Աստված: Չմոռանանք, որ քրիստոնեական լույսի և սիրո կրողները պետք է լինենք և Սուրբ Անանիայի նման սեր և բժշկություն դառնանք մեզ շրջապատողների համար: Սուրբ Անանիայի նման ամեն մարդ բժշկության շնորհ կարող է չունենալ, բայց ամեն մարդ սեր ու մխիթարություն կարող է պարգևել իր նմաններին»:
Մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Ս. Անանիայի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից եղան նրա մասնատուփ-աջի օրհնությանն ու զորությանը: Սրբերը, հոգևոր պայքարում քաջություն դրսևորելով, հոգևոր մեծ հաղթանակներ ունեցան՝ հոգևոր բարձունքներ նվաճելով: Կատարելության ձգտող սրբերը Տիրոջ օրհնությանն արժանացան, Տերը նրանց մահից հետո էլ օրհնեց նրանց սուրբ մասունքները, որոնք քրիստոնյաների համար անգնահատելի պարգև են՝ փրկության ուղին քաջաբար անցնելու և հավատի մեջ ամրապնդվելու համար: Ուստի սրբի մասունքին դիպչող քրիստոնյան հավատում է, որ սրբի բարեխոսությամբ կարժանանա աստվածային բուժիչ ու զորացնող օրհնությանը:
Կարինե Սուգիկյան