21 Դեկտեմբեր, Շբ
Անթիմոս, Ղևոնդիոս, Եվպրեպիոս, Կոզմա և Դամիանոս. հինգ եղբայրներ էին Արաբիայից, որոնք ապրել են 3-րդ դարի վերջում: Նրանց խնամել և դաստիարակել է առաքինի և քրիստոնյա մայրը՝ Թեոդոտիան (Աստվածապարգև): Ամուսնու մահից հետո նա ջանադրորեն ծառայել է Աստծուն՝ ապրելով աստվածահաճո կյանքով: Թեոդոտիան այնպիսին էր, ինչպիսին այն այրին, ում գովաբանում է Ս. Պողոս առաքյալը. «Իսկական այրին նա է, ով ոչ ոք չունի, իր հույսը դրել է միայն Աստծո վրա և գիշեր-ցերեկ իր ժամանակն անց է կացնում աղոթքով և խնդրանքով» (Ա Տիմոթեոս 5:5): Աստվածահաճո կյանքով ապրելով՝ նա նույնը և սովորեցրել է իր զավակներին՝ դաստիարակելով նրանց Ս. Գրքի համաձայն:
Եղբայրներից երկուսը՝ Կոզման և Դամիանոսը, երկվորյակ էին: Նրանք տիրապետում էին բժշկական արվեստին: Իրենց գիտության վրա Աստված ավելացրեց բժշկության շնորհը: Եղբայրներն, իրենց մոր հորդորով, ձրիաբար էին բուժում հիվանդներին՝ առաջնորդվելով ավետարանական հետևյալ պատգամով. «Բժշկեցե՛ք հիվանդներին, մաքրեցե՛ք բորոտներին, հանե՛ք չար ոգիներին. ձրի առաք, ձրի էլ տվե՛ք» (Մատթեոս 10:8): Ինչ որ անում էին իրենք, անում էին ոչ թե հանուն ոսկու և արծաթի, կամ հանուն իրենց փառքի, այլ ի փառս Տիրոջ՝ ցանկանալով մերձավորի հանդեպ սիրո միջոցով արտահայտել իրենց սերը Ամենակալի հանդեպ: Կոզման և Դամիանոսը շրջում էին քաղաքից քաղաք, Տիրոջ ողորմածությամբ կույրերին տեսողություն էին տալիս, կաղերին քայլեցնում, հաշմանդամներին առողջացնում, դևերին հալածում էին և ամեն տեղ ուրախություն, առողջություն և խաղաղություն տարածում:
Նրանք երբեք իրենց կատարած բժշկության դիմաց գումար չէին վերցնում: Եվ քանի որ այս ամենն առանց վարձքի էին կատարում, այդ պատճառով հավատացյալների կողմից նրանք ստացան «անարծաթ» բժիշկներ անվանումը:
Երկու եղբայրները քաջալերում էին հիվանդներին ապավինել Հիսուս Քրիստոսին, որպեսզի Տիրոջ հավատով բուժվեն: Նրանք միայն մարդկանց չէ, որ բուժում էին, այլ նաև կենդանիներին: Եղբայրների համար Աստծո բոլոր արարածները կարևոր էին: Կոզման ու Դամանիոսը բավականին հարստություն էին ժառանգել ծնողներից: Նրանք մարդկանց անվճար բուժելուց բացի, աղքատներին գումար էին բաշխում:
Այդ օրերին մյուս քրիստոնյաների նման Կոզմաjին և Դամիանոսին ձերբակալեցին և շղթայված բերեցին Գալերիոս կայսեր առջև: Նրանց սպառնացին ուրանալ քրիստոնեական հավատը, սակայն եղբայրները մնացին անսասան ու անհողդողդ: Նրանք ոչ միայն մերժեցին երկրպագել կուռքերին, այլ նաև դիմեցին կայսրին՝ ասելով. «Եթե վարպետները չքանդակեին քո կուռքերը, դուք պաշտելու այլ բան չէիք ունենա»: Կայսրը տեսնելով Կոզմաjի և Դամիանոսի քաջությունը՝ հրամայեց ազատ արձակել նրանց և ինքն էլ դարձավ քրիստոնյա: Քանի որ համոզվեց, որ միայն ճշմարիտ Աստված կկարողանար եղբայրներին այդպիսի զորություն և մյուսներին սիրելու շնորհ պարգևել:
Կոզման և Դամիանոսը շարունակեցին բուժել հիվանդներին և օգնել աղքատներին: Նրանք հորդորում էին բոլորին ապավինել Աստծուն և սիրել Նրան ամեն բանից վեր: Նրանց հռչակը տարածվեց ամբողջ երկրում, և մարդիկ երախտապարտ էին նրանց, քանի որ պատրաստակամորեն բժշկում էին ամենքին:
Մեկը, որ ժամանակին եղել էր նրանց ուսուցիչը, սկսում է նախանձել եղբայրներին: Նախանձը հետզհետե փոխվում է ատելության: Մի օր նա հրավիրում է նրանց բարձրանալ մոտակա սարերը՝ դեղաբույսեր և օգտակար արմատներ հավաքելու: Լեռների հանդարտ մենության մեջ նա սպանում է եղբայրներին:
Կոզմա և Դամիանոս եղբայրները մահացան իբրև ճշմարիտ քրիստոնյաներ, ովքեր բուժում և հույս էին ներշնչում բոլոր կարիքավորներին: Նրանց մարմիններն ամփոփել են Ֆերեման քաղաքում, ուր և նրանց անունով եկեղեցի է կառուցվել: Տարբեր երկրներից այդ եկեղեցի ուխտի եկած հիվանդները սրբերի բարեխոսությամբ բժշկություն են ստացել Տիրոջից:
Հռչակավոր իտալացի նկարիչներ Ջոտտո դի Բոնդոնեի և Ֆռա Անջելիկոյի ստեղծագործությունների հերոսներից են նաև Ս. Կոզմա և Ս. Դամիանոս անարծաթ բժիշկ-եղբայրները:
Կազմեց Գայանե Սուգիկյանը