Ամանորի նախաշեմին քրիստոնյան իր կյանքի ուղին վերաիմաստավորվում է յուրահատուկ մի ճամփորդությամբ՝ Ս. Ծննդյան տոնին նախորդող շաբաթապահքով: Յուրահատուկ այս ճամփորդության ընթացքը հնարավորություն է տալիս ճամփորդներին տեսնելու և արմատախիլ անելու արդեն գուցե սովորական դարձած իրենց մեղքերն ու վատ սովորությունները և օրեցօր բարու մեջ հաստատվելով՝ դեպի Աստված ընթանալու: «Պետք է փորձենք առավելագույնս օգուտ քաղել ապաշխարության այս շրջանից և մարմնական կերակուրներից հրաժարվելով՝ ամրացնենք և վերստին նորոգենք մեր հոգևոր մարմինը: Մտքով, խոսքով ու գործով, Աստծու և մերձավորի հանդեպ ցուցաբերած իսկական սիրո արտահայտությամբ ջանանք արժանանալ դրախտի լիիրավ ժառանգորդները լինելու իրավունքին»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Եկեղեցական համայնքային կյանքից ներս իրագործվող սոցիալական ծրագրերը աստվածահաճո ընթացքի կարևորագույն մասն են համարվում: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակում, Ս. Ծննդյան տոնին ընդառաջ համայնքի տարեց և միայնակ անդամներին ու անապահով ընտանիքներին տրամադրեց երկու տոննա սնունդ, որից 1500 կգ-ը «От Мартина» ընկերության տնօրեն Անդրանիկ Բաբոյանի կողմից էր, 500 կգ-ը՝ համայնքի կողմից:
Քրիստոնյան իմաստավորում է իր ընթացքը, երբ փորձում է իր վրա կրել Քրիստոսի նշանը: «Մեծ իմաստուն է նա, որ սեր է գոյացնում: Արդ, ինչպես առաքյալները քարոզով, մարգարեները՝ սովորեցնելով, նույնպես և դուք Աստծուց մեծ պարգև կստանաք, եթե ճշմարիտ սիրով սիրելիներ բազմացնեք: Ինչպես որ թագն ու ծիրանին ցույց են տալիս, թե ով է թագավորը, իսկ առանց նրանց, եթե նույնիսկ ոսկյա հագուստ էլ ունենաս, միևնույն է թագավոր լինելդ չի իմացվի, նմանապես, եթե ամեն տեսակի առաքինություններ ունենաս և եթե նույնիսկ կարողանաս հրաշքներ գործել, սակայն սեր չունենաս, չի իմացվի, թե արդյո՞ք դու պատկանում ես Քրիստոսին: Սա է կնիքը, այսինքն՝ Քրիստոսի նշանը, Տիրոջ խոսքի համաձայն, թե՝ «Իմ աշակերտներն եք, եթե իրար սիրեք» (Հովհ. 13:35)»,- ասել է Բարսեղ վարդապետ Մաշկևորցին:
Կարինե Սուգիկյան