26 Նոյեմբեր, Գշ
Մեծ պահքի շրջանն ավարտվում է մեծ և փրկարար խորհուրդ ունեցող Ավագ շաբաթով, որ քրիստոնյաներին առաջնորդում է դեպի զատկական ուրախություն: Քրիստոսի հարությունը շրջադարձային կերպով վերափոխեց աշխարհը և դարձավ քրիստոնեական կյանքի հենասյունը: Քրիստոսի հարությունից ի վեր մարդու առջև բացվեց իրական երջանկության նոր աշխարհ, որին հաղորդ է դառնում յուրաքանչյուր քրիստոնյա՝ աստվածահաճո կյանքով ապրելով: Իսկ աստվածահաճո կյանքն անհնար է առանց սիրո և զոհողության, առանց այս առաքինությունների մարդը չի կարող երջանկանալ և երջանկացնել, առանց այս առաքինությունների չի հաղթահարվի իրական երջանկությունը խաթարող անտարբերությունը:
Ապրիլի 10-ին՝ Ս. Զատկի տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակում, երևանաբնակ յոթանասուն և Տավուշի թեմի Բերդ քաղաքում բնակվող հիսուն ընտանիքների բաշխեց սննդի փաթեթներ, որ տրամադրել էր եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ս. Զատկի տոնին ընդառաջ՝ տոնի ուրախությանը հաղորդ դարձան տասնյակ ընտանիքներ, քանի որ հերթական անգամ կյանքի կոչվեց սեր ու երջանկություն բաշխող առաքինությունը: «Քրիստոսի հարությամբ հաղթեց կյանքը, իսկ ի՞նչ է կյանքը, եթե ոչ սեր ու բարի գործեր: Եթե պատկերացնենք մի պահ, որ մեր կյանքից անհետանան սերը, բարությունը կամ ինքնազոհաբերումը, ապա մարդկությունը չի կարող գոյություն ունենալ, քանի որ չարը մահվան է տանում: Սուրբ Հարության տոնի հաղթական ու փրկչական լույսը թող դառնա մեղքի խավարում հույս պարգևող փարոս, զորացնի քրիստոնյաներին փորձության ժամին, օգնի չխոտորվել ու չնահանջել Քրիստոսի մատնանշած ուղուց և անսասան պահի ճշմարիտ հավատքի ու բարի ընթացքի մեջ»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան