Սաղմոս Ճ

Սաղմոս Դավթի: Ովսեան բարեսեր և աստվածասեր թագավոր էր, որի շնորհիվ գտավ երկրորդ օրենքը հաստատուն՝ Քեզկեա քահանայապետի միջոցով, որ մաքրեց Երուսաղեմը և Իսրայելի ամբողջ երկիրը կռապաշտությունից, և երգերն ու սաղմոսները՝ դիվային երգերի հետ խառնված, և նավակատիք արեց, ինչն էլ տեսնելով Սուրբ Հոգու շնորհիվ, Դավիթը երգեց: Ոմանք ասում են, թե ասված է ի դեմս Ասափի որդի Հովաք դպրի հիշատակի:

1. Յողորմութիւն և յիրաւունս օրհնեցից զքեզ, Տէր, սաղմոս ասացից,

2. և ի միտ առից:

Ողորմությանդ և արդարությանդ համար պիտի օրհնեմ քեզ, Տե՛ր, սաղմոս պիտի երգեմ, և ի մտի պիտի ունենամ:

Սրանով է օրհնվում Աստված, սակայն այլ է ողորմությունը և այլ՝ արդարությունը: Տերը ողորմությամբ քավեց մեզ և արդարությամբ ազատեց սատանայից: Օրհնում ենք նրան, որ ողորմություն արեց մեզ աղքատների միջոցով, և արդարությամբ ճշմարիտ հավատով պաշտում ենք նրան: Սաղմոս պիտի երգեմ, և ի մտի պիտի ունենամ. Բերանով ասենք և մտքով իմանանք, այս է ճաշակելը:

Ճանապարհ ամբիծ մինչև եկեսցէ առ իս, զի գնայի ես յամբծութեան սրտի իմոյ ի մէջ տան իմոյ:

Անբիծ ճանապարհով ընթանալ, մինչև որ նա գա ինձ մոտ, քանզի ես իմ տան մեջ սրտիս անարատությամբ էի ընթանում:

Ճանապարհն անբիծ պիտի պահեմ, ասում է, մինչև որ ինձ մոտ գա անբիծ ճանապարհը՝ Հիսուս, և վերցնի ինձ, քանզի իմ տան մեջ ընթանում էի ես ոչ թե միայն գործով, այլև՝ սրտով, ինչպես Աստծու և նրա խորանի առաջ:

3. Ո՛չ եդի առաջի աչաց իմոց իրս անիրաւութեան, ոյք առնէին զուրացութիւն՝ ատեցի:

Աչքերիս առջև անիրավ բան չդրի, և ուրացություն անողներին ատեցի:

Անիրավ բաների մասին չմտածեցի, և ուրացություն անողներին ատեցի, սրտումս դրեցի անբիծ վարքը, և այլոց ուրացության մեջ տեսնելով՝ ատեցի, որոնք մեղանչում էին, ուրանում և չէին խոստովանում:

4. Ո՛չ մերձեցաւ առ իս, որ թիւրն էր սրտիւ. խոտորեալ յինէն անզգամին, և ես ոչ ինչ փոյթ առնէի:

Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմոտեցավ. անզգամն ինձնից խոտորվեց, բայց ես հոգ չարեցի:

Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմոտեցավ՝  հեռու էի պահում արքունիքից: Անզգամն ինձնից խոտորվեց, բայց ես հոգ չարեցի. ազգականներս, որ հեռացան ինձնից, հոգ չարեցի:

5. Որ խօսէր գաղտ զընկերէ իւրմէ, զնա բացէ ի բաց հալածէի:

Ով ծածուկ խոսեց իր ընկերոջ դեմ, նրան բացեիբաց հալածեցի:

Առաջին անգամ ճանաչելով այլևս չտեսա, այլ՝ հալածեցի:

Որ ամբարտաւան էր աչօք, և ագահ սրտիւ, ընդ նմա և հաց ո՛չ ուտէի:

Ով ամբարտավան էր աչքով և ագահ՝ սրտով, նրա հետ հաց իսկ չկերա:

Ամբարտավանին աչքերից ճանաչում էի՝ խեթ նայվածքից և այլն: Եվ սրտով ագահները, որ կաշառք էին վերցնում, եթե մեծ մեկն էր, հաց չէի ուտում նրա հետ, նաև, որ սրտումս շարժում էր ախտը, չէի ներում, այլ հալածում էի:

6. Աչք իմ ի հաւատացեալս երկրի, զի նստցին նոքա ընդ իս:

Աչքերս սևեռված էին երկրի հավատացյալներին, որպեսզի նրանք ինձ հետ նստեն:

Որտեղ լսում էի, թե Աստծուն և օրենքին հավատացողներ կան, բերում նստեցնում էի իմ կողքին, քանզի նա, ով օրենքը չի պահում, հավատացյալ չէ:

Որ գնայր ի ճանապարհ ամբիծ, նա՛ պաշտեր զիս:

Ով գնում էր անբիծ ճանապարհով, նա՛ էր ինձ ծառայում:

Նրանք էին իշխանները և թագավորության մասին հոգ տանողները:

7. Ո՛չ բնակէր ի մէջ տան իմոյ, որ առնէր զամբարտաւանութիւն, որ խօսէր զանիրաւութիւն, չէր յաջողեալ նմա առաջի աչաց իմոց:

Ամբարտավանություն անողն իմ տան մեջ չէր բնակվում, անիրավություն խոսողն աչքերիս առջև հաջողություն չուներ:

Գործով ամբարտավանը չէր բնակվում, կամ անիրավություն խոսողը հաջողություն չուներ: Ովսիան Տիրոջ պատկերն ուներ, որի առաջ հաջողություն չունեցավ, և ոչ մի անիրավ հաջողություն չի ունենա, ինչպես Հուդան, և բոլոր նրանք, ովքեր հեռացան աշակերտությունից, և սատանան հաջողություն չի ունենա նրա ամենատես աստվածության առաջ:

8. Ընդ առաւօտս սպանանէի զամենայն մեղաւորս երկրի, սատակեցից ի քաղաքի Տեառն զամենեսեան, որ գործեն զանօրէնութիւն:

Առավոտյան սպանում էի երկրի բոլոր մեղավորներին, Տիրոջ քաղաքից պիտի վերացնեմ բոլոր նրանց, ովքեր անօրինություն են գործում:

Երկյուղած թագավորի մասին է ասում, որ առավոտյան դատաստանով էր զբաղվում, վերակացուներ կարգում և որսում չարագործներին, և գիշերը, որ բռնում էին, առավոտյան սպանում էր ըստ օրենքի: Վերացնում էի քաղաքից բոլոր այն մարդկանց, ովքեր անօրինություն էին գործում, հատկապես՝ Երուսաղեմից, որ կոչվում էր Աստծու անվամբ: Առավոտը Տերն է, որ նրա ծագմամբ նահանջում են բոլոր չարերը, առավել ևս՝ եկեղեցուց, որն Աստծու քաղաքն է, որից արտաքսվում են ամեն տեսակ պղծություն չ,արություն, և անօրինության գործեր՝ քրիստոնյաների միջից: Յուրաքանչյուրի համար անձը քաղաք է, իսկ միտքը՝ թագավոր, վերանում են ամեն տեսակ մեղավոր խորհուրդներ և մտքեր, որոնք դևերի սերմանմամբ գործում են մեր մեջ, Քրիստոսի կամքին հակառակ գործեր, որոնք Քրիստոսի միջոցով սպանում ենք և չենք կենդանացնում:

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

15.07.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․