Սաղմոս ՃԺԶ

Ալելուիա. սա նաև օրհնություն է ի դեմս առաքելական ճանապարհի, որ Տերն ասաց. «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին» (Մատթ. 28:19), քանզի մարգարեներից

ոչինչ ծածուկ չմնաց, որ կատարվելու էր վերջին օրերին:

1. Օրհնեցէ՛ք զՏէր ամենայն ազինք. գովեսցէք զնա ամենայն ժողովուրդ:

Օրհնեցե՛ք Տիրոջը, բոլո՛ր ազգեր, գովեցե՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ:

Բոլոր ազգեր. այսինքն՝ հեթանոսներ, իսկ բոլոր ժողովուրդները հրեաներն են, և նրանցից շատերը մինչ օրս չեն օրհնում: Նաև երեք մանուկները ոչ ոքի՝ ո՛չ շնչավոր և ո՛չ անշունչ, չթողեցին առանց Տիրոջն օրհնության կանչելու: Հայտնի է, որ դեռ գալու է ժամանակը, որը դատաստանի օրն է, երբ ոմանք հավիտենական կյանք են գնալու, իսկ կեսը՝ հավիտենական տանջանք, և այնտեղ գովաբանելու են Տիրոջը. արդարները՝ պսակի համար, իսկ մեղավորները՝ արդար վճռի, իսկ արարածները՝ ապականության ծառայությունից ազատվելու համար:

2. Զօրասցի ողորմութիւն նորա ի վերայ մեր. ճշմարտութիւն Տեառն մնասցէ յաւիտեան:

Թող նրա ողորմությունը զորանա մեզ վրա, Տիրոջ ճշմարտությունը հավիտյան թող մնա:

Հեթանոսներն այն կյանքի համար ողորմություն են հայցում, այլ ոչ թե ըստ չար գործերի հատուցում, քանզի հեթանոսները, ինչպես Պողոսն է ասում. «Փառավորում են Աստծուն նրա ողորմության համար» (Հռոմ. 15:9): Տիրոջ ճշմարտությունը հավիտյան թող մնա. սա հրեաներին է վայել, նրանք այսպես են ասում ըստ խոստացված ուխտի, որպեսզի ճշմարիտ լինի օրհնության զավակը, որից օրհնվելու են բոլոր ազգերը: Եվ հավիտյան թող մնա, և կատարվի դա ըստ Պողոսի. «Մինչև մյուս ժողովուրդների ամբողջությունը փրկվի, և ապա ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմ. 11:25-26):

 

Վարդան ԱրևելցիՄեկնութիւն Սաղմոսացն ԴաւթիԷջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

11.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․