23 Դեկտեմբեր, Բշ
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի:
Սա Բաբելոնից վերադարձածների օրհնությունն է վերադարձի և տաճարի շինության համար, և մեր Տիրոջ տնօրինության մասին է ասում.
1. Օրհնեցէ՛ք զՏէր, զի բարի են սաղմոսք, Աստուծոյ մերում քաղցր եղիցի օրհնութիւն:
Օրհնեցե՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնությունը մեր Աստծուն:
Ահա իմացաք «ալելուիա»-ի թարգմանությունը, որը կոչվում է օրհնեցե՛ք Տիրոջը, կամ քաղցր է սաղմոսը, կամ գովեցե՛ք նրան, որ Էն է: Սիմաքոսը սա չթարգմանված է թողել, իսկ յոթանասունից թարգմանության մեջ՝ «օրհնեցե՛ք Աստծուն» է թարգմանվել, Ակյուղոսը՝ քաղցր է սաղմոսը, Թեոդիտոն՝ գովեցե՛ք նրան, որ Էն է: Հաճելի է օրհնությունը մեր Աստծուն՝ գործը, օրհնության հետ միավորված, քաղցրանում է, ինչպես որ ասում է. «Տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16):
2. Շինէ զԵրուսաղէմ Տէր, և զցրուեալսն Իսրայէլի ժողովէ:
Տերը կառուցում է Երուսաղեմը, և հավաքում Իսրայելի ցրվածներին:
Այսինքն՝ եկեղեցին, և, ինչպես Հովհաննես Ավետարանիչն է ասում, Աստծու ցրված որդիներին ի մի հավաքեց (տե՛ս Հովհ. 11:52):
3. Բժշկէ զբեկեալ սիրտս, և պատէ զամենայն վէրս նոցա:
Բժշկում է բեկյալ սրտերը, և կապում բոլոր վերքերը նրանց:
[Այնտեղ]՝ գերուն, իսկ այստեղ՝ հեթանոսներին՝ հավատքի եկածներին հավատով բժշկեց՝ տալով նշաններ տեսնելու հավատ, և ավազանով կապեց մեղքերի բոլոր վերքերը:
4. Ո թուէ զբազմութիւն աստեղաց. և զամենեսեան զնոսա յանուանէ կոչէ:
Նա հաշվում է աստղերի բազմությունը, և կոչում բոլորին իրենց անուններով:
Հաշվել ասելով ցույց է տալիս ստույգ իմանալը և իրենց անուններով կոչելը՝ առանձին կարգելը և դասելը, և վայելչությունն ու պայծառությունը: Նաև՝ հավաքում Իսրայելի ցրվածներին. նրանց է ասում, որոնց մասին Աբրահամին ասաց, թե իր որդիներն աստղերի պես կլինեն, ցույց տալով Աստծու գիտությունը և ազգերին անսխալ անվանապես կոչելը, ուր էլ որ լինեն: Դարձյալ եկեղեցու որդիները լուսո և ցերեկվա որդիներն են, ինչպես Պողոսն է ասում (տե՛ս Եփես. 5:8), և Տերն էլ ասաց. «Ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկ. 10:20):
5. Մեծ է Տէր, և մեծ է զօրութիւն նորա, իմաստութեան նորա ոչ գոյ բաւ:
Մեծ է մեր Տերը, և մեծ է նրա զորությունը, նրա իմաստությունը սահման չունի:
Մի՛ կասկածեք, ասում է, որ Մեծն իր մեծ զորությամբ է այս ամենն անում, և իմաստությամբ է հաշվում աստղերի բազմությունը: Դարձյալ՝ մեծ է Հայրը, և մեծ է զորությունը՝ Հիսուս Քրիստոսը, իսկ նրա իմաստությունը՝ Ամենասուրբ Հոգին, սահման չունի, որն էլ ճշմարիտ աստվածաբանությունն է, քանզի հնարավոր չէ խոսել անճառելի բնության չափի մասին: Այլև լուսատուներ պաշտողներին ցույց է տալիս, թե ոչինչ չեն շահի, այլ օգուտն այն է, որ հաշվում է նրանց բազմությունը, և կոչում բոլորին իրենց անուններով, ոչ այնպես, ինչպես մոլորված հեթանոսներն էին կոչում իրենց հիմար խորհուրդներով, այլ երբ մեզ ցույց է տալիս երկինքը՝ իր մատների գործը՝ մեր առջև բացելով իր անճառելի դպրությունը, երևում է, որ մեծ է Տերը և մեծ է նրա զորությունը, և նրա իմաստությունը սահման չունի:
6. Ընդունի զհեզս Տէր, և խոնարհ առնէ զամբարտաւանս մինչև յերկիր:
Տերն ընդունում է հեզերին, և մինչև գետին խոնարհեցնում ամբարտավաններին:
Մեծն առավել շատ է խոնարհվում դեպի հեզերն ու խոնարհները, և ընդունում նրանց իր հանգստի մեջ, ինչպես որ ասում է, թե՝ ո՞ւր եմ հանգչում ես, եթե ոչ հեզերի ու խոնարհների մեջ (հմմտ. Ես. 66:2): Եվ խոնարհեցնում ամբարտավաններին. ինչպես սատանային և դևերին, որ առաքյալների ոտքերի կոխան դարձրեց, որովհետև Տերը հակառակ է ամբարտավաններին և շնորհ է տալիս խոնարհներին:
7. Օրհնեցէ՛ք զՏէր խոստովանութեամբ, սաղմոս ասացէ՛ք նմա օրհնութեամբ:
Օրհնեցե՛ք տիրոջը գոհաբանությամբ, սաղմոս երգեցե՛ք նրան օրհնությամբ:
Այդքան մեծին և նրա անբավ երախտիքներին ոչինչ չունենք հատուցելու, այլ միայն կարող ենք օրհնել և բարեբանել նրան բարության գործերով, որպեսզի չլինի թե խոսքերով բարեբանենք, իսկ գործով ուրանանք: Սաղմոս երգեցե՛ք նրան օրհնությամբ, այսինքն՝ երգել բերանով և օրհնել սրտով՝ հավատով լեցուն: Դարձյալ՝ այնպես օրհնել, որպեսզի երևա նաև հավատի դավանությունը, ինչպես որ ասում ենք՝ օրհնություն և փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն: Օրհնյալ է Սուրբ Երրորդությունը, օրհնյալ է Աստծու բարերարությունը, օրհնյալ է ողորմած Աստված և այլն:
8. Ո զգեցոյց զերկինս ամպովք, պատրաստ արար զանձրև իւր յերկիր:
Երկինքը նա պատեց ամպերով, երկրի համար պատրաստեց անձրևն իր:
Երկինքը [պատեց], որպեսզի արգելք հանդիսանա տապի համար, և որ երաշտ չլինի, այլ՝ պատրաստաբար անձրև է ուղարկում: Նաև եկեղեցին [պատեց] օրենքով, մարգարեներով և առաքյալներով: Պատրաստեց անձրևն իր՝ իր իմաստությունը՝ բանական երկրին:
Բուսոյց զխոտ ի լերինս, զդալար ի ծառայութիւն մարդկան:
Լեռներում խոտ աճեցրեց և բանջար՝ մարդկանց կարիքների համար:
Վայրի գազանների և ընտանի կենդանիների կարիքների համար, որոնք ծառայում են մարդկանց: Դարձյալ՝ ցորենի սերմը նախ խոտ է տալիս, հետո նոր հաց դառնում, այսինքն՝ լեռների պես հպարտներին նախ պարզ խոտ [է տալիս], որպեսզի բնությունը կարողանա պահել իր սահմանը գոնե որպես անասուն, և այնուհետև կրթվելուց հետո կենաց դալար փայտն է տալիս որպես կերակուր ու խրատ, որը Քրիստոսի նեղ ճանապարհն ու խոնարհությունն է, որ հոժարությամբ ծառայեց մարդկանց:
9. Ո տայ անասնոց կերակուր, ձագուց ագռաւուց՝ որ կարդան առ նա:
Նա ուտելիք է տալիս անասուններին և ագռավի ձագերին, որոնք դիմում են իրեն:
Անասուններին խոտ է տալիս լեռներում, ձագերին՝ սերմեր և լեշ, որովհետև ագռավներ ասելով նկատի ունի թռչունների բոլոր տեսակները, ըստ այնմ, որ Տերն ասաց. «Նայե՛ք ագռավներին» (Ղուկ. 12:24), ինչպես ոմանք ասում են, թե անխառն ծնունդ են կամ գարշահոտ են և զզվելի և կամ սպիտակ լինելու համար, ինչպես ոմանք են ասում, թե միառժամանակ լքում են [ծնողները ձագերին], մինչև չորանում կամ սևանում են, իսկ այդ ընթացքում, Աստծու նախախնամությամբ, [ձագերը] կերակրվում են [իրենց վրա եկած] մոծակներով կամ մժեղներով՝ մինչև ծնողները վերադառնան: Եվ այդ ժամանակ իրենց կարիքների համար դիմում են Տիրոջը կամ ծնողներին, որպեսզի կերակուր բերեն: Ըստ Եփրեմի՝ [ագռավի ձագերը] Աստծուց օտարացած, գարշելի դարձած և դիվապաշտ հեթանոսների օրինակն են, և եկեղեցու միջոցով ու Աստծու խնամատարությամբ կերակրվեցին մինչև մեր Աստծու Հիսուսի մարդեղությամբ լվացվեցին ավազանում և ճանաչեցին ստեղծողին, որոնք թեև գոյերին էին պաշտում, սակայն Աստծու անունն էին տալիս:
10. Ոչ թէ ընդ զօրութիւնս ձիոյ կամեցաւ Տէր, և ոչ ընդ երանս առն սկայի հաճեցաւ:
Տերը ձիու զորությունը չէ, որ կամենում է, ոչ էլ հսկայի կազմվածքն է հաճում:
Նրանով կենդանություն տալ, այլ ոչ թե իրանի, այսինքն՝ հաղթանդամ մարմնի միջոցով: Որքան զորություն էլ որ նրանք ունենան, միևնույն է, սուտ է, ձին չի կարող փրկել, ինչպես որ չկարողացավ փրկել փարավոնին, և ոչ էլ Գողիաթին կարողացավ իր հասակը փրկել:
11. Այլ հաճեցաւ Տէր ընդ երկիւղածս իւր. և ընդ այնոսիկ, ոյք ուսան յողորմութիւն նորա:
Այլ Տերն իրենից երկյուղ կրողներին է հաճում և նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա:
Ինչպես Մովսեսին և Դավթին, և ինչպես առաքյալներին, որոնց միջոցով փրկեց տիեզերքը, և ինչպես Զորաբաբելին, որի միջոցով փրկեց գերուն: Եվ նրանց, ովքեր հույսը դրել են նրա ողորմության վրա, նույնիսկ եթե որևէ բարի գործ չունեն, ինչպես հեթանոսներն էին, որ ողորմության համար փառավորում են Աստծուն, և ինչպես պոռնիկն ու մաքսավորն են, որ հուսալով Քրիստոսի ողորմության վրա, հաճելի եղան:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը