Սաղմոս ՃԼԲ

Երգ գաղթի, որն ուղևորության ընթացքն է. հրեաների ելնելը: Սողոմոնի որդի Ռոբովամի ժամանակ Իսրայելի ցեղը երկու մասի բաժանվեց. ազգերից տասը Հերոբովանի հետ եղավ, իսկ երկուսը՝ Ռոբովամի, և նրանց մեջ թշնամություն առաջացավ, և սրանք բոլորը երևելի էին յուրաքանչյուր կողմում, իսկ վերադարձի ժամանակ միավորվելու էին և մեծ խաղաղություն էր լինելու նրանց մեջ, ուստի և այստեղ գովաբանում է նրանց միաբանությունը՝ ասելով.

1. Զի՞ բարի, կամ զի՞ վայելուչ, զի բնակեն եղբարք ի միասին:

Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին:

Բարի կա, որ վայելուչ չէ, երբ վայելողն անարժան է, ինչպես Ոզիայի քահանայությունն էր, որը վայելուչ չէր, թեև քահանայությունը բարի է, սակայն, ահա, անարժաններին վայել չէ: Եվ կա որ վայել է, ինչպես աշխարհականի օրինական ամուսնությունը, և այն բարի չէ նրա համար, ով կուսության ուխտ է արել: Իսկ եղբայրների՝ միասին բնակվելը բարի է և բոլորի կողմից վայելուչ է համարվում, ինչպես Քրիստոսին հավատացող հրեաների և հեթանոսների միաբան լինելը, քանի որ եղբայրներն այստեղ բնակվում են եկեղեցում, իսկ այնտեղ՝ արքայության մեջ և սա է օրինակը:

2. Որպէս իւղ զի իջանէ ի գլուխ և ի մօրուսն Ահարովնի, ի մօրուացն իջանէ ի գրապանս զգեստու նորա:

Ինչպես ազնիվ յուղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մորուքից սահում դեպի նրա զգեստի քղանցքները:

Քահանայական յուղը, որ առատորեն հեղվելով Ահարոնի գլխին՝ իջնում էր նրա գլխի և մորուքի վրայով և սահում դեպի նրա զգեստի քղանցքները, չորս նյութից էր բաղկացած՝ զմռնենու ծաղկից, եղեգնյա խնկից, հիրիկից և կինամոնից: Զմռնենու ծաղիկը և հիրիկը հինգ հարյուր սիկղ էր, իսկ եղեգնյա խունկը և կինամոնը նրանց կեսի չափ՝ երկու հարյուր հիսուն սիկղ, ինչը առաքինության օրինակն է, որ բազմատեսակ է և չորս եղանակ ունի, ինչպես նախապես ասվեց, որ քրիստոնյաներն ունեն ավելի կամ պակաս, միավորվելով եղբայրների հետ, դառնում էին անուշահոտ ինչպես այն խունկը. մեկը՝ կույս, մյուսը՝ ողջախոհ աշխարհական, մեկ ուրիշը՝ աղքատ, մյուսը՝ ողորմած, մեկը՝ առավել պահեցող, մյուսը՝ նրանից առավել աղոթող, և այս ամենով միավորվելով՝ դառնում են Աստծու համար անուշահոտ պատարագ և մեզ համար այդ օծումով դառնում է անառիկ պահպանություն թշնամուց, որի հետ է մեր կռիվն ու պատերազմը: Այս յուղը նախ մեր գլխի՝ Քրիստոսի վրա է իջնում, այսինքն՝ Հոգին՝ Հոր կողմից, և նրա անբավ առաքինությունն ավելացնելով՝ իջնում է առաքյալների և մարգարեների վրա, որ նրա մորուքն են` հրեշտակների առաքինության միջնորդությամբ նրանց վրա դնելով, ինչպես նաև աստվածպաշտության համար բոլոր նահատակների, և նրանց միջոցով իջնելով մեզ վրա՝ ինչպես զգեստի քղանցքների, պահպանում է մեզ՝ մտնելով մեր ծածուկ առաքինությունների մեջ: Եվ մենք ամեն օր այս ամենը մեր մեջ կրելով՝ հավատքով երկնավոր Հորն ենք ընծայում անուշահոտ պատարագ՝ փառավորված Որդով և Հոգով: Եվ եղբայրների միասին բնակվելու մասին մեկ այլ օրինակ է բերում:

3. Որպէս ցօղ, զի ցօղէ ի մերմոնէ ի վերա լերին Սիովնի:

Ինչպես ցող, որ Հերմոնից ցողում է Սիոն լեռան վրա:

Հերմոն լեռը գտնվում է Պաղեստինում և Երուսաղեմի հարավում, որտեղ առատ է ամպի ցողը և բարեխառն, ու գալով ցողում է Սիոնի վրա, որը Երուսաղեմն է: Սիրո խորհուրդն ունի, որ Հերմոնի պես առաքինությամբ բարձրացածները նախ ստանան գիտության և այլ առաքինությունների շնորհներ ու ցողեն տկար եղբայրների վրա: Ինչպես որ առաքյալները Հոգուց, և ինչպես Հերմոն լեռից՝ Քրիստոսից, ավետարանելով և Սուրբ Հոգուց ստանալով Սիոնում, նախ այնտեղ ցողեցին, իսկ հետո՝ բոլոր հեթանոս տկարներին:

Տէր անդ պատրաստեաց զօրհնութիւն, և զկեանսն յաւիտենից:

Այնտեղ պատրաստեց Տերն օրհնություն ու կյանքը հավիտենական:

Հայտնի է, որ որտեղ միաբանություն է և եղբայրների սերը, [ինչպես որ ասում է]. «Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում» (Ղուկ. 10:16), և «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20), և նա է հավիտենական կյանքը: Եվ որ սաղմոսի խոսքերը հատկապես հանդերձյալ կյանքին են վերաբերում, քանզի այնտեղ են եղբայրները միասին բնակվում՝ հավատքով և գործով միավորված Հոր տան մեջ, որտեղ էլ Տերն է:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

01.06.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․