23 Դեկտեմբեր, Բշ
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի:
Սա հաղթական օրհնություն է, որ բոլոր մարդիկ աստվածաճանաչ են դառնալու, ինչպես որ ասում է.
1. Օրհնեցէ՛ք զԱստուած ի սրբութեան նորա, օրհնեցէ՛ք զնա ի հաստատութեան ի զօրութեան նորա:
Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցե՛ք նրան իր զորության երկնային հաստատության մեջ:
Յոթանասունից թարգմանության մեջ ասվում է. «Օրհնեցե՛ք Աստծուն նրա սրբերի համար», որովհետև սրբերը մեծ և բավարար պատճառ են Աստծուն օրհնելու, որովհետև եթե բույսերի և գազանների համար ընդունեցիք Աստծուն օրհնելու հրահանգը, ապա որքան ևս առավել նրա սրբերի համար: Քանզի ո՞վ տեսնելով երանելի Պողոսին կամ աստվածընտիր Պետրոսին Խոսքի քարոզչությամբ պայծառացած, կամ հաղթական վկաներին կամ այժմյան առաքինության առաջնորդներին՝ չէր ցանկանա օրհնել կամ չէր օրհնի նրանց մեզ տվողին: Աստծուն ասելով՝ նկատի ունի հաշտեցնող և բարեգործ անունը, իսկ հաստատության մեջ՝ անմահ և հաստատուն կանգնած զորքերին, որոնք արթուն հսկում են մեզ աղոթքով և պաշտպանությամբ, որովհետև ինքն էլ անանց է և պահում է նրանց:
2. Օրհնեցէ՛ք զնա ի զօրութեան նորա, օրհնեցէ՛ք զնա ի բազում մեծութեան նորա:
Օրհնեցե՛ք նրան իր զորության մեջ, օրհնեցե՛ք նրան իր անչափ մեծության մեջ:
Յոթանասունից թարգմանության մեջ «փողի հնչմամբ» է ասվում, որովհետև սա էլ քահանայական գործիք էր՝ որպես Սինա լեռան հիշատակ: Գովեցե՛ք նրան տավիղով, գովեցե՛ք նրան բարձրաձայն ծնծղայով: Հրեաները եգիպտական մեհյաններից սովորել էին խաղասիրություն և անպատկառություն, և նրանց թույլ էր տրվել իրենց սովորությամբ միավորվել Տիրոջ հետ: Եվ հիմա ասում է. «Հեռացրո՛ւ ինձնից քո երգերի ձայնը, քո սրինգների նվագը ես չեմ լսի» (Ամոս 5:23): Օրհնեցե՛ք Տիրոջը, որ զորացրեց մեզ, որպեսզի ճանաչենք նրան իր անչափ մեծության մեջ, և ո՞վ կարող է նրա մեծությանը հարիր օրհնություն մատուցել, ոչ ոք, սակայն հարկավոր է պատշաճորեն ջանալ:
3. Օրհնեցէ՛ք զնա ի ձայն օրհնութեան, օրհնեցէ՛ք զնա սաղմոսիւք և օրհնութեամբ:
Գովաբանեցե՛ք նրան օրհնության ձայնով, գովաբանեցե՛ք նրան սաղմոսով և օրհներգությամբ:
Ձայնային գործիքներով, որ բնությունից է տրված, Դավթի սաղմոսներով և մյուս մարգարեների երգերով:
4. Օրհնեցէ՛ք զնա ցնծութեցամբ, գովեցէ՛ք զնա ուրախութեամբ:
Օրհնեցե՛ք նրանց ցնծությամբ, գովաբանեցե՛ք նրան ուրախությամբ:
Խղճմտանքից ազատ սիրտը ցնծությամբ է օրհնում Աստծուն:
5. Օրհնեցէ՛ք զնա ի բանս քաղցր, գովեցէ՛ք զնա ի բարբառ լսելի:
Օրհնեցե՛ք նրան քաղցր խոսքերով, գովաբանեցե՛ք նրան լսելի բառերով:
Ցածր ձայնով, ինչպես նաև մարդկային քաղցր վարքով: Լսելի բարբառով, որպեսզի սա էլ լինի բարեգթությամբ և ողորմությամբ, ինչպես որ ասաց. «Մինչև դու խոսես, նա պիտի լսի քեզ» (հմմտ. Ես. 58:9):
Օրհնեցէք զնա ի ձայն գոհութեան,
6. ամենայն հոգիք օրհնեցէք զՏէր:
Օրհնեցե՛ք նրան գոհության ձայնով: Բոլոր հոգիներ, օրհնեցե՛ք Տիրոջը:
Այսինքն՝ մարդկային ամբողջ ցեղը, որովհետև երբեմն մարմնի համար է բանական կոչվում, երբեմն էլ՝ հոգու, ըստ այդմ էլ թող բոլոր մարմիններն Աստծուն օրհնեն, և թող ամեն մարմին դեպի քեզ գա: Եվ այստեղ բանական հոգուց է համարում մարդկային ազգի կատարումը որպես թե խրատվելով ամբողջ՝ հարյուր հիսունմեկ սաղմոսներով, և մաքրվելով մարմնավոր ժանգից և աղտեղություններից, հոգեղեն դառնալով՝ հոգիների հետ օրհնում են Աստծուն, որովհետև այնտեղ է կատարվում Աստծու խորհուրդը, երբ նրանց դասը կարգվում է հողեղենների դասի հետ՝ հրեղեն նորոգմամբ, որի մասին մարգարեն իմանալով՝ երանության հիմնքերն է դնում, որ մկրտությամբ տնկվում են ջրերի մոտ, և ժամանակին պտուղ են տալիս, որն էլ ավարտվեց խաչով, ինչպես որ այս սաղմոսն է՝ ամեն ինչի լրումը, ինչպես որ խաչն է, որ ասաց. օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում, որովհետև խաչն է սրբարան կոչվում, և նրանով սրբեց մեր մեղքերը: Իր զորության երկնային հաստատություն ասելով՝ նկատի ունի եկեղեցին, որ կառուցված է նրա զորությամբ: Իսկ իր անչափ մեծության մեջ՝ որովհետև խոնարհ մարմինը երկնքից էլ վեր բարձրացրեց: Քաղցր խոսքերով, որովհետև մեղր ու կաթ կա հարս եկեղեցու լեզվի տակ (տե՛ս Երգ 4:11), որի մասին վկայում են նրա մանուկներն՝ ասելով. «Քո ստինքները գինուց քաղցր են» (Երգ. 1:1), և «Որքան քաղցր են քո խոսքերն իմ քիմքին՝ ավելի քաղցր, քան մեղրն իմ բերանին» (Սղմ. 118:103): Եվ լսելի բառերով ասելով՝ նկատի ունի այն, որ ասում է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ» (Մատթ. 25:34), որտեղ բոլոր հոգիները հոգևոր կյանքում հոգևորապես օրհնում են Աստծուն գոհության ձայնով, և թող նրա համար քաղցր լինի մեր օրհնությունը, որովհետև պակասում են երկրի վրայի մեղավորները և սրբվում են բոլոր արտասուքներն ու դատապարտության կնիքը, ցավերը, հառաչանքներն ու տրտմությունները: Նախ 144 սաղմոսում ամեն մարմին է ասում, իսկ այստեղ՝ բոլոր հոգիներ, որովհետև հոգու և մարմնի Արարչին բոլոր արարածները պետք է օրհնություն մատուցեն: Նաև 150 սաղմոսն արժանապես երգողները հավանական է, որ հոգիանում են՝ հաղորդակից լինելով Ամենասուրբ Հոգուն՝ դասվելով հոգեղենների դասին, որոնց գործն է մշտնջենական ու հավիտենական բերկրանքով Աստծուն օրհնելը՝ երեք անձին և մի բնությանը՝ Հորը, Որդուն և Ամենասուրբ Հոգուն, այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից. ամեն:
Այդ հույսով էլ ապավինելով հավատին՝ անկշիռ, անչափ, անթիվ, անեզր, անսահման ողորմած Աստծուն, Վարդան մեղսամածս, եկա երկնագնաց ճանապարհի մոտ՝ կառչելով Հիսուսի և նրա եկեղեցու ողորմած ձեռքերից, ավարտին հասցրի հարյուրը՝ իմ պարտքերի հազար քանքարը հատուցելով այս սաղմոսներով և այն հոգեկիր մարդկանց աղոթքներով, ովքեր մեզանից առաջ մեկնել էին: Եվ հիսուն թվով հույս ունեմ ազատվել [մեղքերիցս]՝ ազատարար և աստվածարար Սուրբ Հոգուն ապավինելով, և իմ ուրախությանը միավորելով նաև եկեղեցու մանուկների և բոլոր արարածների փառաբանությունը՝ կրկնապատկելով այն, և աղաչելով Տիրոջն ընդունել իմանալիներին և զգալիներին որքան կարող է և ցանկանում է՝ հանուն իմ փրկության, խնդություն, հոժարակամ ցնծությամբ օրհնություն, գոհություն, փառք, պատիվ և երկրպագություն արարածների սկզբից մինչև այսօր և մինչև արարածների վախճանը, մինչև երկնքի և երկրի նոր դառնալը և անվախճան հավիտենությունը: Նաև իր անժամանակ և անվախճան բարեբանությանը փառավորելով՝ թող օրհնվի անկարոտ բնությունը՝ լեցուն պահելով եկեղեցին և աշխարհը իր գթությամբ, ողորմությամբ և փառքով: Եվ նրա առջև համարձակություն ունեցողներն ու մերձավորները, երկնավոր և երկրավոր բոլոր սրբերը, որ էին և են և լինելու են, թող ասեն. ամեն և թող լինի՝ հաշտեցնելով մեր նվաստությունն իրենց միջնորդությամբ՝ խնդրելով Տիրոջը՝ ամենողորմ Աստծուն և բարեբուն բարուն, հավիտյանս. ամեն:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը