Սաղմոս Ե

Ժառանգորդների մասին Սաղմոս

Ժառանգորդ է կոչում Աստծո Բանին, ինչպես նաև նրա հետ միաբանված եկեղեցուն՝ որպես գլուխ ունենալով Աստծուն, ինչպես որ ասում է. «Եկե՛ք…ժառանգեցե՛ք» (Մատթ. 25:34): Եվ Պողոսն էլ ասում է. «Ժառանգներ Աստծո և ժառանգակիցներ Քրիստոսի» (Հռոմ. 8:17): Որոշ թարգմանիչներ ժառանգորդ բառը բաժնեկից են թարգմանում. բաժնեկից է, ասում են, աստվածասեր հոգին և սուրբ Եկեղեցին: Եվ բաժինը դա անակնկալ որևէ իր ստանալն է, և այն [մարդկային] արժանիքներից վեր է, քանզի. «Ինչ որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, Աստված այն պատրաստեց իր սիրելիների համար» (Ա. Կորթն. 2:9):

1. Բանից իմոց ունկն դիր, Տէր, եւ ի միտ առ զաղաղակ իմ:

Ականջ դիր իմ խոսքերին, Տեր, և ուշ դարձրու աղաղակիս,

Սուրբ եկեղեցին, հալածողների կողմից նեղվելով, այսպես է ասում, նաև աղաղակը համարվում է սրտի հոժարակամությունը:

2. Նայեաց ի ձայն աղաւթից իմոց, թագաւոր իմ եւ Աստուած իմ:

Ընդունի՛ր ձայնն աղոթքներիս, Թագավոր իմ և Աստված իմ:

Մեզ համար աչքն ու ականջը այլ բան են, իսկ Աստված ամենատես է և ամեն ինչ լսող: Թագավոր է կոչում, որովհետև Տեր է, և Աստված է կոչում, որովհետև Արարիչ է: Դավիթն էլ սպասում էր և աղոթում՝ պատրաստ լինելով առավոտյան ընդունել լույսի Տիրոջը: Ըստ այդմ էլ ասում է.

3. Ես զքեզ աղաչեմ, Տէր, ընդ առաւաւտս լուիցես ձայնի իմում. ընդ առաւաւտս պատրաստ եղէց յանդիման լինել առ քեզ:

Աղաչում եմ քեզ, Տեր, որ առավոտյան լսես ձայնն իմ, առավոտյան պատրաստ կլինեմ քո առջև կանգնելու:

Մարգարեները ցանկանում էին եկեղեցում երկրպագել նրան, քանզի նախ ժառանգորդ կոչեց, երկրորդ՝ Որդի, երրորդ՝ Տեր և Աստված, չորրորդ՝ բարի և լույս, իսկ այստեղ՝ հինգերորդ, աղաչում է, որպեսզի ազատվեն օրենքից և գա առավոտը, որը շնորհների խոսքն է, քանզի տկար էին ժողովրդի աչքերը ինչպես Լիայինը և լույսի տեսնողը՝ եկեղեցին, Ռաքելի պես էր, որը վերին Երուսաղեմն է: Առավոտյան լսես ձայնն իմ. Տերն է առավոտը, որ եկավ գիշերվանից հետո՝ օրենքից հետո: Առավոտյան պատրաստ կլինեմ. նշանակում է, որ բոլոր սրբերը Քրիստոսի միջոցով տեսնում են Հորը, ինպես որ ասում է, թե ով ինձ է տեսել, տեսել է նաև Հորը, քանզի նա է ճանապարհը: Ամեն մարդ չի կարող ասել, թե առավոտյան պատրաստ կլինի, այլ Եղիայի պես մարդիկ կարող են ասել. «Կենդանի է զորությունների Տերը, որի առջև կանգնած եմ» (Գ. Թագ. 18:15):

4. Ոչ թէ դու Աստուած կամիս զանաւրէնութիւն, ոչ բնակեն առ քեզ չարք. մի անօրէնք բնակեսցեն առաջի աչաց քոց:

Դու անօրինություն կամեցող Աստված չես, և քեզ մոտ չարամիտներ չեն բնակվում. թող հանցագործները չապրեն աչքիդ առջև:

Այդպես է ասում, որովհետև հեթանոսների աստվածները չար դևերն էին: Քեզ մոտ չարամիտները չեն բնակվում. սա վերաբերում է հրեաներին, ովքեր տաճարում իշխանություն ունեին, ինչպես նաև չար թագավորներին ու դատավորներին:

5. Ատեցեր զայնոսիկ որ գործեն զանօրէնութիւն. կորուսանես զամենեսեան ոյք խաւսին սուտ:

Դու ատեցիր անօրինություն գործողներին, կործանում ես բոլոր ստախոսներին:

Քո առջև ատելի են, ասում է, բոլոր անօրեններն ու չարագործները: Կործանում ես բոլոր ստախոսներին: Կարգ առնելով օձից՝ հեթանոսները աստված ասացին կուռքերին, իսկ հրեաներն ասացին, թե Քրիստոսը թագավոր չէ, այլ միայն՝ կայսրը:

6. Զայր արիւնահեղ եւ զնենգաւոր պիղծ առնես դու, Տէր. այլ ես ըստ բազում ողորմութեան քում մտից ի տուն քո. եւ երկիր պագից ի տաճար սուրբ քո երկիւղիւ քո:

Արյունահեղ ու նենգ մարդուց գարշում ես, Տեր. իսկ ես քո ամենառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ և քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ տաճարիդ մեջ:

Կայենից սկսած բոլոր մարդասպանները արյունահեղ են կոչվում: Գարշում է Տերը նրանցից, որոնցից վերցնում է իր շնորհները, ինչպես վերցրեց Սավուղից և հրեաներից: Իսկ ես քո ամենառատ… առաջին արդարները հուսով են երկրպագում եկեղեցում, իսկ քրիստոնյաները՝ հայտնապես՝ առավել ըստ Աստծո ողորմության քան ըստ իրենց արժանիքների: Ակնածանքով, որպեսզի նախաստեղծների պես չընկնեն Դրախտից դուրս: Մարմնով ձեռագործ տաճարում են երկրպագում, իսկ մտքով՝ վերին Երուսաղեմում, մինչև որ երկնքից իջնի նոր եկեղեցին՝ հարությամբ նորոգված:

7. Տէր, առաջնորդեա ինձ յարդարութեան քում. վասն թշնամեաց իմոց ուղիղ արա առաջի իմ զճանապարհս քո:

Տեր, արդարությամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո:

Քանզի առաքինությունը ճանապարհի ընթացք է և Տերն է ուղղում մարդու ճանապարհները՝ դժվարամատչելիները դարձնելով հեշտությամբ հաղթահարվող: Իմ թշնամիների պատճառով. և նրանք, ովքեր փորձություն են առաջացնում եկեղեցու մեջ, բախվելով այդ վեմին՝ կխորտակվեն:

8. Զի ոչ գոյ ի բերանս նոցա ճշմարտութիւն, եւ սիրտք նոցա նանրեալք են:

Քանզի նրանց բերանում ճշմարտություն չկա, և նրանց սրտերն ունայնացած են:

Դրանք հեթանոսներն ու հերձվածողներն են, ովքեր վիճում են ուղղափառների հետ: Եվ նրանց սրտերն է ասում, որովհետև ըստ իրենց սրտի եղածի են խոսում: Ունայնացած են, ստում են և իզուր են նրանց ջանքերը:

9. Որպէս գերեզման բաց է կոկորդք նոցա. լեզուօք իւրեանց նենգաւորք եղեն:

Գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները՝ լի նենգությամբ:

Գերեզմանի պես բաց են կամ ծածկված է նրանց գործերի գարշահոտությունը և նրանց սրտերը մեռելոտի խորհուրդների գերեզմաններ են, որոնք նենգությամբ ծածկում են կամ խոսում:

10. Դատեա զնոսա, Աստուած, զի անկցին ի խորհրդոց իւրեանց. ըստ բազում ամպարշտութեան նոցա մերժեա զնոսա՝ զի դառնացուցին զքեզ:

Դատի՛ր նրանց, Աստված, որ ետ կանգնեն իրենց մտքերից. իրենց անչափ ամբարշտության համար վանիր նրանց, քանզի դառնացրին քեզ:

Ավել պատիժ չի խնդրում, այլ միայն այն, որ ետ կանգնեն իրենց մտքերից և կորստյան չմատնվեն: Եթե շարունակեն այդպես մնալ և բազմացնել իրենց ամբարշտությունը, ապա վանի՛ր նրանց, որովհետև վշտացրեցին քեզ, որ քաղցր ես և հավիտյան է քո ողորմությունը: Քրիստոսն ասաց հրեաներին, թե կտեսնեք Աբրահամին, Իսահակին և Հակոբին արքայության մեջ, իսկ դուք դուրս կարտաքսվեք այնտեղից:

11. Ուրախ լիցին ամենեքեան ոյք յուսացեալ են ի քեզ, յաւիտեան ցնծասցեն, եւ բնակեսցես դու ի նոսա:

Թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում քեզ վրա, հավիտյան թող ցնծան, և դու ապրես նրանց մեջ.

Այն հավատացյալները, որ Տիրոջն են հուսացած, թող ուրախ լինեն, Ով ասաց. «Ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ. 16:22): Եվ կբնակվես Դու նրանց մեջ, ինչպես որ ասացիր, թե ես և Հայրս նրա մեջ կբնակվենք:

12. Պարծեսցին ի քեզ սիրելիք անուան քոյ. զի օրհնեսցես դու զարդարն. Տէր, որպէս զինու հաճութեամբ քով պսակեցեր զմեզ:

Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. Տեր, քո սպառազինությամբ պաշտպանեցիր մեզ:

Քանզի ովքեր պարծենում են Տիրոջով, պարծենում են նահատակների պես՝ որպես նրա անունը սիրողներ, ովքեր բնության բոլոր կոչումներն ու պատիվները մերժելով՝ պարծանքով իրենց քրիստոնյա էին կոչում: Պիտի օրհնես՝  երկնավոր բոլոր օրհնություններով՝ ի Քրիստոս: Ինչպես զենքով քո հաճությամբ, քանզի Աստծո հաճությունը նրանց զենքն է և պսակի օրը պսակելու է նրանց:

Ինչպես զենքով, նորից, ինչպես զրահով և սաղավարտով զինվորը թե՛ զարհուրելի է և թե՛ գեղեցիկ, այդպես էլ Քրիստոս Աստված ցանկացավ մեր մահն ինքը կրել խաչի վրա և պսակեց մեզ խաչի արդար դրոշմով, հանդերձյալում էլ [պսակելու է] իր աստվածային փառքով:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

22.05.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․