Սաղմոս Դավթի: Ունի հրեաների ելքի և Փրկչի հայտնության, առաջին և երկրորդ գալստյան խորհուրդը:
1. Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քրովբէս, սասանեցաւ երկիր:
Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան: Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց:
Թագավորեց ասելով ցույց է տալիս ժամանակը, որ ըստ մարմնի թագավորեց: Ժողովուրդները բարկացան՝ նախապես հրեաները, և ասացին. չենք ցանկանում, որ դու թագավորես, այլ՝ կայսրը: Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երբ հայտնապես նստի քերովբեների վրա, թագավորը կբարկանա և կսասանվի երկիրը, կսարսռա՝ տեսնելով Դատավորին: Երկրի վրա գտնվողներն են երկիր կոչվում, քանզի նստելը մարմնավոր է:
2. Տէր ի Սիովն մեծ է, և բարձր է ի վերայ ամենայն ժողովրդոց:
Տերը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր:
Վերին Սիոնում, ուր ճանաչում են նրան, մեծ է, և բարձր, ովքեր չգիտեն, որ նա դատելու է իրենց, և բարձր է, ուստի և տեսնելով թող երկյուղեն նրանից:
3. Խոստովան եղիցուք անուան քում մեծի, զի ահաւոր և սուրբ է, և պատիւ թագաւորի զիրաւունս սիրէ:
Գոհություն մատուցենք քո մեծ անվանը, քանզի ահավոր ու սուրբ է այն: Իրավունք սիրելը պատիվ է բերում թագավորին:
Վերինների համար նույնպես գոհություն եմ մատուցում, քանզի ահավոր է: Սուրբ պիտի պահեմ անձս, քանզի երկյուղը մեծ է անսրբությամբ ընկնել կենդանի Աստծու ձեռքը: Շնորհ, որով թագավորը երկու պատճառ ունի հաստատուն մնալու. որ սուրբ լինի թագավորը, երբ պարտական չլինի Աստծու ատյանի առջև, և երբ իրավունք սիրի՝ հնազանդվելով օրենքին, այս է թագավորի պատիվը, այլ ոչ թե թագն ու ծիրանին:
4. Դու պատրաստեցեր զուղղութիւն, զիրաւունս և զարդարութիւն Յակովբայ դու արարեր:
Դո՛ւ հաստատեցիր իրավունքն ու արդարությունը Հակոբի մեջ:
Դու հոգացիր Իսրայելի մեջ ուղղորդող օրենքներ հաստատելու համար, որով Հակոբի որդիները կարող են իրավունքով ու արդարությամբ գործել, և որով այն ժամանակ կարող էին արդարանալ, իսկ այժմ Ավետարան տվեցիր:
5. Բա՛րձր արարէք զՏէր Աստուած մեր, երկի՛ր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:
Մեծարե՛ք մեր Տեր Աստծուն, երկրպագե՛ք նրա ոտքերի պատվանդանին, քանզի նա սուրբ է:
Եվ այդպես է բարձր լինում: Երկրպագե՛ք, որտեղ խաչը բարձրացավ, կարծում էին, թե կնախատեն, սակայն մեծարեցին, քանզի սուրբ է այն պատվանդանը, որի վրա մարմինը խաչվեց և թաղվեց, և վերջին օրը, ինչպես ոտքն է վերջնամաս, այդպես էլ աստվածությունը գլուխն է, իսկ ոտքը՝ մարդկությունը:
6. Մովսէս և Ահարոն երիցունք նորա, Սամուէլ ընդ այնոսիկ, որ կարդան զանուն նորա:
Մովսեսն ու Ահարնը՝ երեցները նրա, Սամուելը, որ նրա անունը կանչողների մեջ էր:
Ամբաստանություն է հրեաների կողմից, քանզի ելան Մովսեսի և Ահարոնի դեմ՝ քարկոծելու նրանց, իսկ Սավուղը ցանկանում էր Սամուելին սպանել, Աստծուն այդքան մտերիմ մարդկանց, ինչպես որ Տիրոջը սպանեցին, և պարզ է, որ ինչպես նրանց, այդպես էլ Տիրոջը ցանկացան սպանել: Եբրայերենում ասվում է. սուրբ է Մովսեսը, իսկ Ահարոնի համար չի ասվում, թե սուրբ էին, այլ՝ սուրբ է, որ միշտ կա, և ավագ ու անդրանիկ էին ամբողջ Իսրայելի մեջ: Սամուելը նրանցից էր, որ որովայնից ընտրվեց, իսկ Իսահակը, Հակոբը և Հովհաննես, որոնք կանչեցին Աստծուն Հայր՝ պատճառ գոյության, այլ ոչ թե բնությունը:
7. Կարդային առ Տէր և նա լսէր նոցա, և ի սիւն ամպոյ խօսէր ընդ նոսա:
Ձայն էին տալիս Տիրոջը ու նա լսում էր նրանց և ամպի սյունով խոսում նրանց հետ:
Եվ այդպես չէին երկյուղում Աստծու սրբությունից:
8. Պահէին զվկայութիւն նորա, և զհրամանս՝ զոր ետ նոցա:
Նրանք պահպանում էին վկայությունը նրա և հրամանները, որ տվեց իրենց:
Զուր տեղը Աստված չէր լսում նրանց, այլ՝ որ պահում էին վկայությունը նրա, այսինքն՝ օրենքը կամ խորանը:
9. Տէր Աստուած մեր, դու լսէիր նոցա, Աստուած, դու քաւիչ լինէիր, վրէժխնդիր ի վերա ամենայն գործոց նոցա:
Տե՛ր Աստված մեր, դու լսում էիր նրանց. Աստվա՛ծ, դու քավիչ և վրեժխնդիր էիր լինում նրանց բոլոր գործերի համար:
Հիսուս, դու լսում ես, դու քավիչ ես, քանզի աղոթում էին, և քավությություն էր տալիս ժողովրդին, իսկ թշնամիներից վրեժխնդիր լինում, ինչպես փարավոնից, ամաղեկացիներից և այլազգիներից՝ Սամուելի միջոցով: Վրեժխնդիր՝ նրանց բոլոր գործերի համար, այսինքն՝ Իսրայելի, այսքան չար գործերից հետո, որ առ Աստված էր և իրենց հետ հաշտեցնում էին Աստծուն և թշնամիներից վրեժխնդիր լինում:
10. Բա՛րձր արարէք զՏէր Աստուած մեր, երկի՛ր պագէք ի լեառն սուրբ նորա, զի սուրբ է Տէր Աստուած մեր:
Մեծարե՛ք մեր Տեր Աստծուն, երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը, քանզի սուրբ է Տեր Աստվածը մեր:
Իմ առջև են ծալվում բոլոր ծնկերը, նախ՝ պատվանդանին, ապա լեռան, քանզի երկիր գալով՝ դատաստան է տեսնելու, ապա երկինք վերանալու, ինչը լեռ է կոչվում: Քանզի սուրբ է Տեր Աստվածը մեր, բոլորի արյունից, ովքեր իրենց մեղքերի համար են մեռնում:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը