Սաղմոս Հ

Այսուհետև՝ սաղմոս Դավթի, Հոնաղաբի որդիներից և առաջին գերությունից հետո: Եվ ինքն էլ խոստովանում է, թե առաջինի շարունակությունը չէ: Երբ Հովաբը կռվում էր Սավուղի որդի Հեբուսթեի հետ, Դավիթն ասաց այս սաղմոսը, որն ունի գերու, մեր բնության և Քրիստոսի միջոցով փրկագործության խորհուրդը: Հոնաղաբի որդիները ղևտացիներ էին՝ Երեմիայի բարեկամները, և շատ օրինապահ էին, և նրանց օրերին Իսրայելը երեք անգամ գերության մատնվեց, և նրանք ազատվելով՝ աղոթում էին:

1. Ի քեզ, Տե՛ր, յուսացայ, մի՛ ամաչեցից յաւիտեան. յարդարութեան քում փրկե՛ա զիս և ապրեցո՛ զիս:

Տե՛ր, հույսս քեզ վրա դրի, թող հավետ ամոթով չմնամ, քո արդարութեամբ ինձ փրկի՛ր ու պահպանի՛ր:

Ո՛չ թե հաղթանակ եմ խնդրում, այլ՝ հավիտենական ամոթից ազատվել: Քո արդարությամբ ինձ փրկի՛ր. Քրիստոսն է մեր արդարությունը, որի շնորհիվ փրկվեցինք դժոխքից և ազատվեցինք հավիտենական մահվանից:

2. Խոնարհեցո՛ առ իս զունկն քո, և կեցո՛ զիս:

Դեպի ինձ խոնարհեցրու ունկն քո և ազատի՛ր ինձ:

Բանական պատարագ եմ մատուցում զոհասեղանի փոխարեն, թող քո ականջին հասնի, Տեր:

3. Լե՛ր իմ, Աստուած, ապաւէն, և տեղի ամուր կեցուցանել զիս, զի հաստատութիւն իմ և ապաւէն իմ դու ես:

Ինձ համար ապավեն և անառիկ վա՛յր եղիր, Աստվա՛ծ, որ ինձ փրկես, քանզի իմ ամրությունն ու ապաստանը դու ես:

Անառիկ վայր՝ ոչ երկինքը, որ Երուսաղեմն է և ոչ էլ դրախտը չի կարող մեզ ամրոց լինել, այլ՝ աստվածությանդ անճառելի ծոցը, ըստ այնմ, թե. «Իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին» (Ես. 40:12):

4. Աստուած իմ, փրկեա՛ զիս ի ձեռաց մեղաւորի, ի ձեռաց անօրինի և անիրաւի:

Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ մեղավորի ձեռքից, անօրենի և անիրավի ձեռքից:

Դևերի, Նաբուգոդոնոսորի և Գոգի:

5. Դու ես համբերութիւն իմ, Տէր, Տէր յոյս իմ ի մանկութենէ իմմէ:

Դու ես իմ ակնկալությունը, Տե՛ր. Տե՛ր, դո՛ւ ես իմ հույսը մանկությունիցս ի վեր:

Եգիպտոսից ելնելու, նաև՝ տղայությունից:

6. Ի քեզ հաստատեցայ ես յարգանդէ. յորովայնէ մօր իմոյ դու ես ապաւէն իմ. և առ ի քէն է օգնութիւն իմ յամենայն ժամ:

Քե՛զ վրա հաստատվեցի ես արգանդից, մորս որովայնից դո՛ւ ես իմ ապավենը, և հարաժամ քեզնի՛ց է իմ օգնությունը:

Քեզնով սնվեցի արգանդում, դու ստեղծեցիր առաջինը և ասացիր [ինձ], թե պետք է քեզ վերստին ծնվել, և նորից մանուկ դառնալ, որպեսզի արքայություն մտնես:

7. Որպէս զի նշաւակ եղէ ես բազմաց. և դու օգնական իմ և հզօրիչ իմ:

Ես շատերի համար ծաղր դարձա, բայց դու իմ օգնականն ու քաջալերողը եղար:

Ինչպես որ Պողոսն է ասում. «առակ-նշավակ եղանք» (Ա. Կորնթ. 4:13), ինչը զարմանալի է: Դարձյալ՝ թիրախ հայհոյող նետերի համար:

8. Լցցի բերան իմ գովութեամբ, որպէս օրհնեցից զփառս քո. զօրհանապազ զմեծ վայելչութիւնս քո:

Բերանս թող գովաբանությամբ լցվի, որ օրհնեմ փառքը քո և հավիտյան՝ քո մեծ վայելչությունը:

Բերանս ինքն իրենով բավարար չէ գովերգելու և գովաբանելու համար, այլ՝ շնորհներով լցրո՛ւ: Փառքը քո. նախ խաչն է, որ վայելում էր քո Հոր մեծագույն սերը:

9. Մ՛ի ընկենուր զիս, Տէր, ի ժամանակս ծերութեան, ի պակասիլ զօրութեան իմոյ մի՛ թողուր զիս:

Ծերության ժամանակ ինձ մի՛ վանիր, Տե՛ր, երբ ուժս պակասի՝ դու ինձ մի՛ լքիր:

Այլ՝ բռնի՛ր ձեռքիցս, ինչպես մանուկ ժամանակ: Նորից՝ մի՛ վանիր ինձ ծերության ժամանակ, այստեղ ծերություն նաև մեղքերի մեջ հնանալն է նշանակում, երբ պակասում է զորությունը ծուլության պատճառով:

10. Ասացին թշնամիք իմ ինձ. և որ պաշարեցին զանձն իմ, խորհեցան ի միասին և ասացին:

Թշնամիներս իմ մասին խոսեցին և ինձ պաշարողները միասին խորհուրդ արեցին ու ասացին.

Այսինքն՝ քաղդեացիները և դևերը:

11. Աստուած եթող զնա, հալածեսցո՛ւք և հասցո՛ւք նմա. զի ո՛չ ոք է, որ փրկէ զնա:

«Աստված լքել է նրան, հալածենք նրան ու հասնենք նրա վրա, քանզի չկա մեկը, որ նրան փրկի»:

Գոգն է այսպես ասում և սատանան:

12. Աստուած իմ, մի՛ հեռի առներ յինէն. և Աստուած յօգնել ինձ նայեա՛ց:

Աստվա՛ծ իմ, հեռու մի՛ մնա ինձնից, և ինձ օգնությա՛ն հասիր, Աստված:

Ոչ ոքից հեռու չէ [Աստված], այլ խնդրում է, որ նրա ողորմությունը մոտ մնա:

13. Ամաչեսցեն և պակասեսցին՝ ոյք չարախօս կային զանձնէ իմմէ. զգեցցին զամօթ և զպատկառանս, ոյք խնդրէին ինձ չար:

Թող ամաչեն ու կորստյան մատնվեն ինձ չարախոսողները, թող ամոթանք ու խայտառակություն կրեն իմ դեմ չար խորհողները:

Ուրիշ պատիժ չի խնդրում թշնամիների համար, այլ՝ ամոթ և զղջում:

14. Ես յամենայն ժամ յուսացայց, և յաւելից յօրհնութիւնս քո:

Ես հարաժամ պիտի հուսամ և ավելի ու ավելի պիտի օրհնեմ քեզ:

Երբ ավելացնես իմ շնորհները:

15. Բերան իմ պատմեսցէ զարդարութիւնս քոյ, զօրհանապազ զգովութիւնս քո:

Բերանս պիտի պատմի քո արդարությունն ու ամեն օր՝ քո գովքը:

Մարգարեական ու թագավորական շնորհի մասին է ասում, որ ուներ:

16. Որպէս ո՛չ թէ խարդախութիւն ինձ գիտէի ես դպրութեան, այլ մտից ի զօրութիւնս Տեառն. և Տէր, յիշեսցի զարդարութիւնս քո միայն:

Եվ ես մատյանում արձանագրված դրանց թիվը չպիտի խարդախեմ: Ես պիտի մտնեմ Տիրոջ զորության տակ և պիտի հիշեմ քո արդարությունը միայն, Տեր:

Չեմ սովորի հեթանոսների և հերձվածողների խարդախ ու չար դպրոցում, այլ պիտի մտնեմ Տիրոջ զորության տակ՝ այն Գրքի, որ քո զորությունն է քարոզում, և նրանում խարդախություն չկա: Եվ քո արդար դատաստանի մասին միայն պիտի հիշեմ ու [դրանից] երկյուղեմ:

17. Աստուած իմ, ուսուցեր զիս ի մանկութենէ իմմէ. և ցարդ ևս պատմեցից զարդարութիւնս քո:

Աստվա՛ծ իմ, ինձ սովորեցրիր մանկությունից ի վեր, և այժմ էլ քո արդարությունը պիտի պատմեմ:

Դու ես իմ վարդապետը Եգիպտոսից ելնելուց ի վեր, ըստ այնմ. «Երբ ծնվեցիր, մոտովդ անցա ու քեզ արյան մեջ թաթախված տեսա, և լվացի ջրով» (հմմտ. Եզեկ. 16:6): Եվ ես քո արդարությունը պիտի պատմեմ, և իմ մեղքերը:

18. Մինչև յալևորեալ և ի ծերանալ, Աստուած իմ մի՛ թողուր զիս:

Մինչև իմ ալևորությունն ու ծերությունը ինձ մի՛ լքիր, Աստվա՛ծ իմ:

Թող տղայությանս մեջ չմեռնեմ, ասում է:

19. Մինչև պատմեսցի բազուկ քո՝ ազգի ամենայնի, որ գալոցն է:

Մինչև որ գալիք բոլոր սերունդներին պատմվի ուժը քո բազկի:

Վերադարձնես [գերությունից], և քո զորությունը պատմվի մանուկներին, որ դեռևս ծնվելու են, և քրիստոնյաներից, որ եկեղեցու վարդապետներ են դուրս գալու: Նորից՝ մինչև օրենքի ալևորությունն ու ծերությունը օրենքը մի՛ թող, այլ Ավետարանով մանկացրու, որ սկսեցին Աբրահամի զավակները, մինչև որ պատմվի քրիստոնյա ազգին:

20. Զզօրութիւնս քո և զարդարութիւնս մինչ ի բարձունս, զոր արարեր մեծամես. Աստուած, ո՞ նմանէ քեզ:

Քո զորությունն ու արդարությունը հասնում են մինչև բարձունքները: Նույնպես և քո մեծամեծ գործերը, ո՛վ Աստված. ո՞վ է քեզ նման:

Տնօրինության կարգից սկսած մինչև բարձունքները բարձրանալու մասին լսելու են բոլոր ազգերը, քանզի ո՞վ է քեզ նման, Աստված:

21. Որչափ ցուցեր ինձ նեղութիւն բազում և չարչարանս, դարձար և մխիթարեցեր զիս. և ի խորոց անդնդոց երկրէ հաներ զիս:

Որքան էլ որ բազում նեղություն և չարչարանք ցույց տվիր ինձ, դարձյալ մխիթարեցիր ինձ և հանեցիր երկրի խոր անդունդներից:

Բաբելոնից, ինչպես որ Եզեկիելի միջոցով էր ասում. «Բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից» (Եզեկ. 37:12): Դարձյալ մխիթարեցիր ինձ՝ Դանիելին [և իր ընկերներին]: Երկրի խոր անդունդներից՝ Կյուրոսի և Դարեհի, ինչպես նաև Որդուդ միջոցով հանեցիր:

22. Յաճախեցեր ի զօրութիւնս քո, դարձար մխիթարեցեր զիս. և ի խորոց երկրէ միւսանգամ հաներ զիս:

Բազմապատկեցիր քո զորությունը, դարձյալ մխիթարեցիր ինձ և մի անգամ ևս հանեցիր երկրի խոր անդունդներից:

Նեեմի տակառապետի միջոցով (տե՛ս Նեեմի 1:11), և երկրի խոր անդունդներից հանեց Արտաշեսի միջոցով, և մի անգամ ևս՝ նույն Բաբելոնից [հանեց]: Բնության նեղությունը ջրհեղեղն է, իսկ մխիթարությունը՝ տապան ու ծիածանը: Հաճախակի նեղությունը կռապաշտությունն է և լքված լինելը: Մխիթարեցիր Տիրոջ գալստյամբ և Սուրբ Հոգուն պարգևելով, որ մշտապես մեզ օգնության է հասնում մեր տկարությունների ժամանակ:

23. Արդ՝ և ես խոստովան եղեց քեզ ի պատրաստութիւն սաղմոսաց ճշմարիտդ Աստուած. սաղմոս ասացից քեզ օրհնութեամբ սուրբդ Իսրայէլի:

Եվ արդ, սաղմոսերգությամբ գոհություն պիտի մատուցեմ քեզ, ճշմարի՛տդ Աստված. պիտի օրհնությամբ սաղմոս երգեմ քեզ, ո՛վ սուրբդ Իսրայելի:

Պատրաստությունը փողն է, տավիղը և քնարը: Իսկ մեր պատրաստությունն անխղճմտանք վարքն է: Իսրայելի սուրբը Քրիստոսն է, և նրան միայն սուրբ համարեցիր:

24. Ցնծասցեն շրթունք իմ, յորժամ սաղմոս ասիցեմ քեզ. և անձն իմ, զոր և փրկեցեր:

Երբ քեզ սաղմոս երգեմ, պիտի ցնծան շրթունքներն իմ, և իմ հոգին, որը դո՛ւ փրկեցիր:

Հոգիս, որ դու փրկեցիր, և շրթունքներով պիտի գոհանամ, կթեթևանա իմ հոգին, քանզի ծանր է օրենքը, և հոգիս կազատվի խղճիս ծանրությունից:

25. Եւս և լեզու իմ՝ զօրհանապազ խօսեսցի զարդարութիւնս քո:

Ու լեզուս ամեն օր քո արդարությունը պիտի խոսի:

Հատկապես լեզուս պիտի ցնծա, ոչ միայն գոհանալով, այլև Տիրոջ արյան ճաշակմամբ և նրա արդար մահվան մասին պատմելով:

26. Ի ժամանակի որպէս յամօթ լիցին և ամաչեսցեն, ոյք խնդրէին ինձ չար:

Իր ժամանակին պիտի խայտառակվեն ու ամոթահար լինեն իմ մասին չար խորհողները:

Այսինքն՝ դևերը, քաղդեացիները և Գոգը:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

23.10.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․