23 Նոյեմբեր, Շբ
Այսուհետև՝ Իդիթոմի մասին. սաղմոս Ասափի: Իդիթոմն ու Դավիթը [երաժշտության] հեղինակ են, իսկ Ասափը գրիչն է, որ խոսում է ի դեմս գերու և ցույց է տալիս բնության կրած չարչարանքները:
1. Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի. ձայնիւ իմով ես առ Աստուած, և նայեցաւ առ իս:
Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, իմ ձայնով դիմեցի Աստծուն, և նա նայեց ինձ:
Իմ իսկ սեփական ձայնով և նրա մտքով, սակայն նա նայեց ինձ և ազատեց:
2. Յաւուր նեղութեան իմոյ զԱստուծ խնդրեցի ձեռօք իմովք. ի գիշերի առաջի նորա ո՛չ խաբեցայ:
Նեղությանս օրերին Աստծուն փնտրեցի՝ ձեռքերս գիշերով պարզած նրա առջև, և չխաբվեցի:
Գերության ժամանակ՝ ձեռքերս տարածելով, և չխաբվեցի, որովհետև ստացա խնդրածս:
3. Ո՛չ կամէր մխիթարել անձն իմ, յիշեցի զԱստուած և ուրախ եղէ. հոգայի, և նուաղէր յիս հոգի իմ:
Հոգիս չէր ուզում մխիթարվել: Հիշեցի Աստծուն և ուրախացա, իսկ երբ հառաչում էի, նվաղում էր հոգիս իմ մեջ:
Որևէ այլ մեկից չէի ցանկանում մխիթարություն ստանալ, և Աստծուն հիշեցի, որ ձեռքում պատրաստ պահել է սգավորների և վշտացածների համար դեղը: Հառաչում էի իմ դառնագույն տառապանքների համար, ինչը մեր նախնիները չկրեցին, և նվաղում էր հոգիս՝ ցանկանալով փրկություն:
4. Ժամանեցին պահուց աչք իմ. խռովեցայ և ո՛չ խօսեցայ. խորհեցայ զաւուրսն զառաջինս. և զամս յաւիտենից յիշէցի:
Աչքերն իմ բաց մնացին գիշերվա պահին, խռովվեցի ու չխոսեցի: Խորհեցի հին օրերի մասին, և վաղնջական տարիները հիշեցի:
Բաց աչքերով տեսնում էի գիշերվա ժամի անցնելը, և կարող էի հաշվել: Խռովվեցի և չխոսեցի. ոչ ոքի չպատմեցի իմ տառապանքների մասին: Խորհեցի հին օրերի մասին, և վաղնջական տարիները հիշեցի. երբ մեր հայրերը բարիքների մեջ էին:
5. Խօսեցայ ի գիշերի ընդ սրտի իմում. հոգայի և տառապէր յիս հոգի իմ:
Գիշերը սրտիս հետ խոսեցի, հառաչելիս տառապում էր հոգիս իմ մեջ:
Մինչդեռ առավոտյան աշխատանքները թույլ չէին տալիս: Տառապում էր հոգիս իմ մեջ. բանական հոգիս ցնորեցնում էր ինձ:
6. Մի թէ յաւիտենից մերժեսցէ զիս Տէր. և ո՞չ ևս յաւելուցու ի հաճել և ևս:
Միթե հավետ մերժելո՞ւ է Տերն ինձ, և այլևս չի՞ շարունակելու բարեհաճ լինել:
Այսինքն՝ Երուսաղեմին, և այլևս չի՞ շարունակելու բարեհաճ լինել՝ յոթանասուն տարի հետո:
7. Կամ իսպա՞ռ արգելցէ զողորմութիւն իւր յինէն. կամ կատարեա՞ց զբան իւր ազգէ մինչև յազգ:
Կամ ընդմի՞շտ զրկելու է ինձ իր ողորմությունից, և դադարեցնելո՞ւ է խոսքն իր սերնդից սերունդ:
Թեև մեղավոր եմ, ասում է, բայց ո՞ւր է նրա ողորմությունը, որ անարժանների հանդեպ է ցուցաբերում, կամ իրագործելո՞ւ է մեր ազգի հանդեպ հնչեցրած սպառնալիքները՝ մինչև բաբելոնացիների սերունդը թողնելով մեզ հավիտյան այստեղ:
8. Կամ մոռասցի՞ գթալ Աստուած իմ և ևս. կամ արգելցէ՞ զգթութիւն իւր բարկութեամբ իւրով:
Կամ այլևս մոռանալո՞ւ է Աստված գթալ ինձ, և բարկությամբ մերժելո՞ւ է գթությունն իր:
Այն գթությունը, որ նախնիների [հանդեպ ցուցաբերեց], և մերժելո՞ւ է ինձ՝ իրեն բարկացնելու պատճառով:
9. Ասացի, թէ այժմ սկսայ. այս է նորոգումն աջոյ Բարձրելոյն:
Ասացի. «Այժմ հասկացա, սա է նորացած աջը Բարձրյալի»:
Թերևս իմացա պատճառը. այս նեղությունը հաջող փորձառություն է՝ նորոգելու համար ինձ մեղքերի հնությունից, ինչպես նաև այն, որ արեց Հոր աջը՝ ավազանի միջոցով:
10. Յիշեցի զգործս Տեառն ի սկզբանէ. յիշեցի զսքանչելիս նորա:
Հիշեցի գործերը Տիրոջ, սկզբից հիշեցի սքանչելագործությունները նրա:
Արդարև, ոչ անգութ է և ոչ էլ տկար:
11. Խորհեցայ յամենայն գործս քո, և ի ձեռագործս քո խորհեցայ:
Մտաբերեցի գործերը քո բոլոր, և քո ձեռակերտների մասին խորհեցի:
Որ ոչ թե այլ բանով, այլ՝ քո ձեռքերով ստեղծեցիր մարդուն:
12. Աստուած, ի սրբութեան են ճանապարհք քո. ո՞վ է Աստուած մեծ՝ որպէս զԱստուած մեր.
դու ես Աստուած, որ առնես զսքանչելիս:
Աստվա՛ծ, քո ճանապարհները սրբության մեջ են. ո՞վ է մեծ Աստված՝ նման մեր Աստծուն: Դու ես հրաշագործ Աստվածը:
Դու ես, որ հրաշքներ ես գործում ինչպես Հնում, այդպես էլ Նորում, արդարև, սուրբ են քո դատաստանները և թաքուն ոչինչ չես անում:
13. Ցուցեր ժողովրդեան քում զզօրութիւն քո. փրկեցեր բազկաւ քով զժողովուրդս քո, զորդիսն Յակոբայ և Յովսեփու:
Զորությունդ ցույց տվիր քո ժողովրդին: Բազկովդ փրկեցիր քո ժողովրդին՝ Հակոբի և Հովսեփի որդիներին:
Հակոբի որդիներին, որ Եգիպտոս գնացին, որոնց փրկեցիր և հաստատեցիր Հովսեփի միջոցով, և նույնն ես [նաև այսօր], որ ձեռքերիդ տարածմամբ փրկում ես մեզ:
14. Տեսին զքեզ ջուրք, Աստուած, տեսին զքեզ ջուրք և երկեան. և խորք խռովեցան ի ձայնէ ջուրց բազմաց:
Քեզ տեսան ջրերն, Աստվա՛ծ, տեսան քեզ ջրերն ու սոսկացին, և անդունդները խռովվեցին հորդառատ ջրերի ձայնից:
Կարմիր ծովի ջրերը և անդունդները խռովվեցին՝ երկու մասի բաժանվելով:
15. Ձայն ետուն ամպք, քանզի և նետք քո գնան ի ձայնէ որոտալոյ քո անուի:
Ամպերը ձայն տվին, ուստի և քո նետերը սլացան քո անվի որոտման ձայնից:
Ուժգին որոտն Աստծու ձայնն է կոչում: Ուստի և քո նետերը սլացան, ինչը կայծակի հարվածն է: Որոտման ձայնից. ինչպես որ եկար քերովբեական կառքով՝ լծած անիվներով, ինչը տեսավ Եզեկիելը Քոբար գետի մոտ: Այլև՝ մշտապես ձայներ, որոտումներ և բազում շարժումներ էին լինում, և կայծակի, ցոլքերի ճնշումներից, նետերի պես աստղաձև թռիչքներ էին լինում և լույսի ճաճանչներն անվանման ընթանալով տարածվում էին: Անիվները նաև երկու կտակարաններն են, կառքը՝ խաչը, լծված կենդանիները՝ առաքյալներն ու մարգարեները, նետերը՝ քարոզները, կայծակները՝ նշաններն ու գործերը, որնցից խռովքի մատնվեց և դողաց, այդ պատճառով էլ ասում է.
16. Երևեցան փայլատակունք քո տիեզերաց, խռովեցաւ և դողաց երկիր:
Երևացին քո փայլակները տիեզերքի, և երկիրը խռովվեց ու դողաց:
Որովհետև ահարկու են և զարհուրեցնող:
17. Ի ծովու են ճանապարհք քո, շաւիղք քո ի ջուրս բազումս. և հետք քո ո՛չ երևին:
Քո ճանապարհները ծովում են, շավիղներդ՝ հորդառատ ջրերում, և քո հետքերը չեն երևում:
Անցավ Տերը աշխարհի ծովով, և այս աշխարհի իշխանը չճանաչեց նրան, նաև վերին՝ իմանալի ծովով անցավ, և ոչ ոք չիմացավ նրան, մինչև որ հարցրեցին և սովորեցին, և այդ ժամանակ հայտնի դարձավ, որ նա ինքն է՝ Թագավոր փառացը: [Շավիղներդ հորդառատ ջրերում]՝ Կարմիր [ծովում] և այլն, ինչպես որ Պետրոսին կանչեց՝ գնալ իր հետևից:
18. Առաջնորդեցեր որպէս խաշին ժողովրդեան քոյ ի ձեռն Մովսէսի և Ահարոնի:
Քո ժողովրդին ոչխարների պես առաջնորդեցիր Մովսեսի և Ահարոնի ձեռքով:
Այնտեղ՝ Մովսեսի և Ահարոնի [միջոցով], իսկ այստեղ՝ երկու կտակարաններով և երկուական առաքյալներ ուղարկելով, քաջ հովիվդ՝ Քրիստոս Աստվածդ մեր, որ պատվիրեցիր արածեցնել քո ոչխարներին (տե՛ս Հովհ. 21:16):
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը