23 Նոյեմբեր, Շբ
Ի կատարած Սաղմոս Դավթի
Դավիթն այս Սաղմոսն ասաց, երբ կործանվեց Ասորեստանը և Աքիտոբելը և որ սատանան զորացրել էր նրանց:
1. Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ ո՛չ գոյ Աստուած:
Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված:
Ինչպես որ Սենեքերիմն ու Ռափսակը: Եվ չարն ինքն էր իրեն աստված կոչում և այդ եղավ պատճառը, որ.
2. Ապականեցան և պղծեցան յանօրէնութեան իւրեանց. և ոչ ոք է՝ որ առնէ զքաղցրութիւն:
Ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրինության մեջ, և չկա մեկը, որ բարություն գործի:
Ապականվեցին հավատքից ընկնելու պատճառով և պղծվեցին՝ չար գործերով և իրենց մերձավորներից չկար մեկը, որ նրանց դառնությունը քաղցրացներ հույսով, թե գալու է Աստված՝ բոլորի դատավորը:
3. Տէր յերկնից նայեցաւ յամենայն որդիս մարդկան, տեսանել թէ իցէ՞ ոք իմաստուն, որ խնդրիցէ զԱստուած:
Տերը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն փնտրի:
Ասում է, թե Տերը նայեց, այլ ոչ թե Աստված, որովհետև Աստված թարգմանվում է ամենատես, իսկ Տերը՝ դատավոր, ուստի երկնքից դատավորը նայեց, որովհետև բազմացան մարդկանց չարիքները և որքան բարձր է երկինքը երկրից (Սաղմ. 102:11), այնքան վերացավ նրա գթությունն անզգամների հանդեպ:
4. Ամենեքեան խոտորեցան ի միասին և անպիտանացան:
5. Ոչ ոք է որ առնէ զքաղցրութիւն. և չէ ոք՝ մինչև ի մի:
Բոլորը խոտորվեցին, միասին անպիտան դարձան:
Բարություն անող չկա, ոչ իսկ մեկ հոգի:
Եվ, ըստ Առաքյալի, դա էր Տիրոջ գալստյան պատճառը:
6. Որպէս ո՛չ ծանիցեն ամենեքեան, ոյք գործեն զանօրէնութիւն:
Ինչպե՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրինություն են գործում:
Հաճախակի չարիքներ գործելու պատճառով կուրացան նրանց մտքի աչքերը:
7. Ոյք ուտէին զժողովուրդ իմ որպէս կերակուր հացի, և առ Աստուած ո՛չ կարդացին:
Ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրև կերակուր ու հաց և Աստծուն չեն դիմում:
Ըստ Եսայու. «Որոնք լիաբերան կերան Իսրայելին» (Ես. 9:12), այսինքն՝ դևերն ու չար թագավորները՝ մեր բնությունն [են հոշոտում], իսկ դպիրներն ու փարիսեցիները՝ հրեաներին: Ըստ այն խոսքի, թե. «ուտում են այրիների տները» (Մարկ. 12:40), հաց էին ուտում և հաց առնում ու այլ սնոտի բաներով խաբում, ինչպես որ Տերն ասաց (տե՛ս Մատթ. 16:6): Եվ Տիրոջը չեն դիմում, այսինքն՝ չէին հիշում Տիրոջը և չէին վախենում նրանից, առավել ևս՝ դատաստանից:
8. Անդ երկիցեն զերկիւղ՝ ուր ո՛չ իցէ երկիւղ, զի Տէր է յազգս արդարոց:
Այնտեղ են երկյուղից սարսում, ուր երկյուղ չկա, քանզի Տերն արդարների ազգի մեջ է:
Որտեղ ապահով էր զգում իրեն Սենեքերիմը, այնտեղ էլ սպանվեց, ինչպես նաև նրա հարյուր ութսունհինգ հազար մարդիկ: Դարձյալ՝ այնտեղ են երկյուղից սարսում, ուր երկյուղ չկա. երկյուղում է եկեղեցին, բայց ոչ ինչպես հրեաները, որովետև նրանք որպես ծառայողներ էին, այլ եկեղեցին որպես որդի երկյուղում է Հորից, քանի դեռ մեղքի մեջ չի ընկել: Քանզի Տերն արդարների ազգի մեջ է, ինչպես որ ասաց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20):
9. Զխորհուրդ աղքատի յամօթ արարին. զի Տէր է յոյս նորա:
Աղքատի մտածմունքը ամոթ համարեցին, Տերն է հույսը նրա:
Նկատի ունի Եզեկիային և Նրան, ով հանուն մեզ աղքատացով: Ամոթ համարեցին հրեաներն ու հերձվածողները, ովքեր Տիրոջ խորհուրդն արհամարհեցին: Ուստի Տերն է հույսը նրա, ինչպես որ Եզեկիայի հույս էլ Աստծո վրա էր, քանզի մարդկային բնությունը Հոր իշխանության տակ է:
10. Ո՛ տացէ ի Սիոնէ զփրկութիւն Իսրայէլի. ի դարձուցանել Տեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյ, ցնծասցէ Յակոբ և ուրախ եղիցի Իսրայէլ:
Ո՞վ կտա Սիոնից փրկությունն Իսրայելի: Երբ Տերն իմ ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելն ուրախ կլինի:
Քանզի կարծում էին, թե այնտեղ է գտնվում Աստված և այնտեղից դուրս եկավ հրեշտակն ու կործանեց ասորեստանցիներին և ազատվեցին նրանց կողմից գերվածներն ու նորից քաղաք մտան: Եվ ցնծաց Հակոբը, Հուդան և Բենիամինը: Եվ ուրախացավ Իսրայելը, նրա տասը ցեղերը: Ո՞վ կտա ասելը մարգարեի իղձն ու բաղձանքն է, Սիոնից կտան Փրկչին, Բանին՝ Վերին Սիոնից: Սա նաև Քրիստոսի բնությամբ մարդ լինելու խորհուրդն ունի, և Սիոնը մայր է կոչվում, որ տվեց Հիսուսին, Ով Իսրայելի և բոլոր ազգերի Փրկիչն է: Քանզի մինչև տասներկու ազգերի առաջանալը Հակոբը նահապետ էր կոչվում, իսկ հետո Իսրայել կոչվեց: Տերն էլ մի էր կոչվում նախքան մեր բնության տասներկու անդամներ առնելը, այնուհետև կոչվեց անդամների գլուխը՝ ամբողջացնելով եկեղեցին, մենք էլ մեր գլխով կոչվեցինք Աստծո Իսրայել, որովհետև Աստծուն ոչ ոք չտեսավ, բացի մեր գլխից՝ Միածնից: Երբ Տերն իմ ժողովրդին վերադարձնի գերությունից Հակոբը կցնծա, այսինքն՝ երբ ազատագրի սատանայից գերվածներին, նաև առաջին արդարներին, որ խաբվեցին մարմնի հեշտությունների պատճառով: Եվ Իսրայելն ուրախ կլինի. որովհետև տեսան Աստծուն մարմին առած: Նաև ինքը՝ Տերը, որ Հակոբ և Իսրայել է կոչվում, ցնծաց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի» (Մատթ. 11:25):
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը