23 Նոյեմբեր, Շբ
Ի կատարած Սաղմոս Դավթի. երբ նա փախել էր Սավուղից, ասաց այս Սաղմոսը:
1. Լո՛ւր Տէր արդարութեան. և նայեա՛ ի խնդրուածս իմ. ունկն դիր աղօթից իմոց՝ զի ոչ շրթամբք նենգաւորօք:
Արդարությանն ականջ դիր, Տե՛ր, նայի՛ր իմ խնդրանքին և լսի՛ր աղոթքս, որ նենգ շրթներով չէ:
Այս Սաղմոսը գերիների, ինչպես նաև Դանիելի մասին է: Արդարությանն ականջ դիր, Տե՛ր. իր խնդրանքն արդարություն է կոչում և չի պարծենում իր վարքով: Լսի՛ր աղոթքս, որ նենգ շրթներով չէ, որովհետև ասում եմ այն, ինչ խորհում եմ:
2. Յերեսաց քոց իրաւունք ինձ ելցեն, և աչք իմ տեսցեն զուղղութիւն:
Իրավունքս քեզնից թող լինի, և աչքերն իմ ճշմարտություն թող տեսնեն:
Դու ինձ քննելով դատաստան արա, որպեսզի իմ աչքերը տեսնեն ճշմարտությունը:
3. Փորձեցեր զսիրտ իմ, և քննեցեր ի գիշերի. փորձեցեր զիս՝ և ոչ գտաւ յիս անիրաւութիւն:
Փորձեցիր սիրտն իմ և քննեցիր գիշերով, փորձեցիր ինձ, և իմ մեջ անիրավություն չգտնվեց:
Շատ անգամ Սավուղը Դավթի ձեռքն ընկավ, նույնիսկ գիշերով, բայց նա չսպանեց նրան՝ ասելով. «անօրեն ձեռքից է գալիս վնասը, իսկ իմ ձեռքը քո վրա չի բարձրանա» (Ա. Թագ. 24:14): Դարձյալ գիշեր է կոչվում այս կյանքը:
4. Մի՛ խօսեսցի բերան իմ զգործս որդւոց մարդկան. վասն բանից շրթանց քոց ես պահեցից զճանապարհս խիստս:
Բերանն իմ չի պատմի մարդկանց որդիների գործերը. քո շուրթերի խոսքերի շնորհիվ ես հաստատ կմնամ դժվարին ճանապարհներին:
Այն գործերով, որ պղծեց իրեն Սավուղը, չպատմենք դրանք, որպեսզի մեր բերաններն էլ չպղծվեն: Քո շուրթերի խոսքերի շնորհիվ ես հաստատ կմնամ դժվարին ճանապարհներին. ինչպես որ Ադամին ասաց, թե՝ «Քո երեսի քրտինքով ուտես հացդ» (Ծննդ. 3:18), և թե՝ «մինչև հող դառնալդ»: Դարձյալ, ինչպես որ ասաց. «Կյանքի դիմաց կյանք» (Ելք 21:23) և այլն: Նաև, ինչպես Տերն ասաց. «Նեղ է ճանապարհը, որ տանում է դեպի կյանք» (Մատթ. 7:13):
5. Հաստատեա՛ զշաւիղս իմ ի ճանապարհի քում, զի մի՛ գայթակղեսցին գնացք իմ:
Հաստատո՛ւն պահիր շավիղն իմ քո ճանապարհին, որ ընթացքս չխոտորվի:
Հաստատուն պահի՛ր ինձ, որպեսզի զգուշորեն ընթանամ քո պատվիրանների ճանապարհով և միշտ մնամ առանց գայթակղվելու:
6. Ես առ քեզ, Տէր, կարդացի՝ զի լուար ինձ Աստուած. խոնարհեցո՛ առ իս զունկն քո և լուր բանից իմոց:
Ես քեզ կանչեցի, Տե՛ր, քանի որ լսեցիր ինձ, Աստվա՛ծ, դեպի ինձ խոնարհեցրու ականջդ և լսի՛ր իմ խոսքերը:
Քանզի նախ լսեցիր ինձ ըստ իմ ցանկության, ամեն տեղ առաջնորդելով ինձ: Քեզ կանչեցի և հույսս քեզ վրա դրեցի: Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ. քո անբավ բարձրությունից խոնարհեցրու, ասում է:
7. Սքանչելի արարեր զողորմութիւնս քո՝ ո փրկես զայնոսիկ, ոյք յուսացեալ են ի քեզ, յայնցանէ, ոյք հակառակ կան աջոյ քո:
Սքանչելի դարձրիր քո ողորմությունները, դու, որ աջիդ գտնվող հակառակորդներից փրկում ես նրանց, որոնք իրենց հույսը դրել են քեզ վրա:
Քանզի «Փոքր էի ես… և կրտսերն իմ հոր տանը» (Սաղմ. 151:1), ի՜նչ զարմանալի է: Փրկիր ինձ աջիդ գտնվող հակառակորդներից, ինչպիսիք են Սավուղը, Աբիսողոմը, ինչպես նաև այն բոլոր այլազգիները, ովքեր Եզեկիայի և Զորաբաբելի թշնամիներն էին: Աջիդ... որով թագավոր օծեցիր:
8. Պահեա՛ զիս որպէս բիբ ական. ընդ հովանեաւ թեւոց քոց ծածկեսցես զիս յերեսաց ամբարշտաց, ոյք տառապեցուցին զիս:
Պահպանի՛ր ինձ աչքի բբի պես, քո թևերի հովանու տակ ծածկի՛ր ինձ ամբարիշտների երեսից, որոնք տառապեցրին ինձ:
Ինչպես աչքը բազում պաշտպանիչ շերտեր ունի՝ բիբ, արտևանունքներ, հոնքեր, այդպես էլ Երրորդությունդ թող ինձ իր խնամքի տակ վերցնի: Ծածկի՛ր ինձ ամբարիշտների երեսից, որպեսզի թշնամու աչքերը երբեք չտեսնեն ինձ: Որոնք տառապեցրին ինձ և հալածեցին, նաև դևերին նկատի ունի, որ մտավոր թշնամիներ են կոչվում:
9. Թշնամիք զանձն իմ պաշարեցին. և ի ճարպս իւրեանց արգելան. և բերանք նոցա խօսեցան զամբարտաւանութիւն:
Թշնամիներն ինձ պաշարեցին, խիստ պարարտացան, և նրանց բերանն ամբարտավանություն բարբառեց:
Թշնամիները բազում անգամներ այդպես վարվեցին, ինչպես, օրինակ այրիի հանդեպ: Խիստ պարարտացան. ուրախությունից և լույսից զրկվեցին, որովհետև չկարողացան ըմբռնել այն: Ոմանք ճարպ են կոչում գիրությունն ու փափկությունը, որոնք թույլ չեն տալիս մարդուն խորհել և ճշմարտությունն իմանալ, քանզի ամբարտավանություն են բարբառում:
10. Մերժեցին զիս, և այժմ դարձեալ պատեցան զինեւ. ուշ եդին խոնարհեցուցանել զիս յերկիր:
Վռնդեցին ինձ, և արդ դարձյալ շուրջս պատելով, մտադրվեցին ինձ գետին տապալել:
Վռնդեցին Իսրայելի երկրից և արդ, դարձյալ շուրջս պատեցին լեռների պես: Մտադրվեցին ինձ գետին տապալել. ամբողջ ուժով ջանում են խոնարհեցնել և գետին տապալել ինձ, բայց դու իմ օգնականն ես ու բարձր պահողը:
11. Համարեցան ինձ որպէս առիւծ՝ զի պատրաստի յորս. և որպէս կորիւն առիւծու, զի նստի դարանեալ:
Ինձ թվացին իբրև առյուծ, որ պատրաստ է որսի վրա նետվելու, իբրև կորյուն առյուծի՝ նստած դարանում:
Հեռանալով բանական հատկություններից՝ չար գազանի նմանվեցին և դարանակալվեցին, որպեսզի որսան ինձ:
Արի՛, Տէր՝ ժամանեա՛ նոցա, և խափանեա՛ զնոսա. փրկեա՛ զանձն իմ յամպարշտաց, ի սրոյ՝ և ի ձեռաց թշնամւոյն:
Ելի՛ր, Տեր, հասի՛ր և արգելի՛ր նրանց, փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից ու թշնամու ձեռքից:
Ընդառաջ ե՛լ նրանց, փրկի՛ր իմ անձը սրից և թշնամու ձեռքից: Եթե նույնիսկ արժանի լինեմ մահվան, ապա թող նրանց սուրը չսպանի ինձ, այլ՝ քո: Մեկ այլ թարգմանության մեջ ասվում է, թե քո սուրը թող իմ թշնամու ձեռքով չսպանի ինձ: Կամ քո թշնամու սուրը քո ձեռքում է, որովհետև իմ թշնամիները նաև քո թշնամիներն են և քո դեմ են կռվում և քո ձեռքերում է նրանց կյանքն ու մահը, թեև իրենք դա չեն գիտակցում:
12. Տէր, կորո՛ զնոսա յերկրէ. բաժանեա՛ և խափանեա՛ զնոսա ի կեանս իւրեանց:
Տե՛ր, վերացրո՛ւ նրանց աշխարհից, ցրի՛ր նրանց և խորտակի՛ր կյանքը նրանց:
Մարգարեանում է Սավուղի կորստյան մասին, ցրի՛ր նրա թագավորությունը և խորտակիր նրա կյանքը:
13. Գաղտնեօք քովք լցան որովայնք նոցա. յագեցան կերակրովք, և թողին զմնացուածս տղայոց իւրեանց:
Քո պահեստներից լցվեց որովայնը նրանց, հագեցան նրանք կերակուրներով և մնացածը թողեցին իրենց երեխաներին:
Բարկության մասին է խոսքը, որ թաքուն պահում է իր մեջ, որպեսզի թափի ամբարիշտների վրա, եթե նրանք դարձի չգան, ըստ այնմ, թե. «Մի՞թե այդ ամենն ինձ մոտ չի հավաքված և կնքված չի պահվում» (Բ Օրենք 32:34): Նրանց որովայնը, այսինքն՝ խորհուրդները, լի է չարությամբ, և դեռ շարունակում են գործի դնել այն և դա է բարկության հրի նյութը, որ կա պահեստներում, այն չափով, որով հագեցան կերակուրով: Սիմաքոսն ասում է, թե հայրերը կերան և հարվածներով հագեցան, իսկ պատուհասները թողեցին իրենց տղաների համար: Քանզի չարիք կա, որ գործեցին և հատուցումը ստացան և չարիք էլ կա, որ թողեցին որպես ուսում իրենց որդիներին և ըստ դրա էլ պատուհաս ստացան:
14. Ես արդարութեամբ երևեցայց երեսաց քոց. յագեցայց յերևել փառաց քոց:
Իսկ ես արդարությամբ կերևամ քո առաջ, կհագենամ՝ տեսնելով փառքը քո:
Արդարությամբ կերևամ քո առաջ, ինչպես որ սիրում ես տեսնել, այն է՝ արդարությամբ կընթանամ և կերևամ քո առաջ, այսինքն՝ աչքիդ առաջ կլինեմ: Կհագենամ՝ տեսնելով փառքը քո. նրանք չարությամբ և բարկությամբ հագեցան, այսինքն՝ չթողեցին իրենց չար գործերը, իսկ ես արդարությամբ կընթանամ և քո սրբերին փառաբանելով՝ կհագենամ: Քաղց ու ծարավ եմ զգում քո արդարության, Տեր իմ և Աստված իմ, որ օրհնյալ ես հավիտյանս հավիտենից:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը