23 Նոյեմբեր, Շբ
Ի կատարած. սաղմոս Դավթի հերոսության գովքի մասին: Այլ բան չի գտնում ասելու, քան այս. «Շփոթության մեջ ես ասացի, թե այլևս հեռու մնացի աչքերիդ առջևից», և սա ասել է Աբիսողոմից փախչելու ժամանակ, հիշում է նաև այն նենգությունները, որ կրել էր Սավուղից, և մարգարեանում է նաև Տիրոջ չարչարանքների մասին, որ պիտի կրեր՝ արդարացնելով մեր բնությունը և մեր մեղքերն իրենը համարելով, նաև Հորն աղոթելը, երեսուն տարեկան լինելը և մկրտությամբ մեր մեղքերը մաքրելը, և ըստ այդմ էլ սաղմոսն ունի երեսուն թիվը:
1. Ի քեզ, Տէր, յուսացայ, մի՛ ամաչեցից յաւիտեան. յարդարութեան քում փրկեա՛ զիս և ապրեցո՛ զիս:
Հույսս դրեցի քեզ վրա, Տե՛ր, թող հավետ ամոթով չմնամ, քո արդարությամբ փրկի՛ր և ազատի՛ր ինձ:
Ասում է, թե հույսն ամոթով է մնում մեղանչելու ժամանակ, բայց երբ հույսս քեզ վրա եմ դնում, Տեր, թող հավետ ամոթով չմնամ: Քո արդարությամբ, այսինքն՝ ընդունիր ինձ ըստ քո արդարության, ինչպես որ ասում ես. «Վայել է մեզ, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն» (Մատթ. 3:15): Եվ փրկի՛ր ու պահպանի՛ր գեհենից:
2. Խոնարհեցո՛ առ իս զունկն քո. վաղվաղեա՛ կեցուցանել զիս:
Դեպի ինձ խոնարհիր ականջը քո, փութա՛ ինձ պաշտպանելու:
Որպես մարդասեր բժիշկ, փութա՛, արագ հասի՛ր և մի՛ թող, որ մեղքի մեջ մեռնեմ:
3. Լե՛ր իմ, Աստուած, պաշտպան՝ և տուն ապաւինի ապրեցուցանել զիս. զի հզօրիչ իմ և ապաւէն իմ դու ես:
Եղի՛ր իմ պաշտպանը, Աստված, և իմ փրկության ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապավենն ես դու:
Որովհետև ես դուրս եկա իմ տնից: Ակյուղասը «վեմ» է ասում, ինչը մեղքերի քամիներից և հեղեղներից հաստատուն է մնում:
4. Վասն անուան քոյ, Տէր, առաջնորդեցեր ինձ, և սնուցեր զիս. և հանցես զիս յորոգայթէ յայսմանէ, որ թագուցաւ ինձ:
Քո անվան համար ինձ առաջնորդ եղար և սնուցեցիր ինձ: Ինձ կհանես այն որոգայթից, որ լարեցին իմ դեմ:
Գոհություն է հայտնում իր ստացած բարիքների համար: Եվ ինձ մանուկ հասակից ընդունեցիր, ասում է, ու ինձ կհանես այն որոգայթից, որ Աբիսողոմը լարեց իմ դեմ, իսկ հրեաները՝ Տիրոջ դեմ:
5. Դու ես պաշտպան իմ, Տէր, և ի ձեռս քո յանձն առնեմ զհոգի իմ:
Դու ես պաշտպանն իմ, Տե՛ր, և քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին:
Թող որ նրանք չսպանեն ինձ: Եվ Տերն էլ այս բառերը կրկնեց խաչի վրա. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Ղուկ. 23:46), և նրանից հետո՝ ամբողջ մարդկությունը:
6. Փրկեցեր զիս, Տէր Աստուած, ճշմարտութեամբ քով. ատեցեր զայնոսիկ, որ պահեն զերկիւղ ի սնոտիս:
Տե՛ր Աստված, փրկեցիր ինձ քո ճշմարտությամբ: Ատեցիր նրանց, ովքեր երկյուղ են կրում սնոտիաբար:
Ճշմարիտ դատաստանով ատեցիր նրանց, որ սնոտի երկյուղի պատճառով չեկան ինձ մոտ և ովքեր վախեցան թողնել կուռքերին կամ օրենքը և գալ Ավետարանի մոտ, քանզի Դավիթը թեև շրջում էր այլազգիների մեջ, բայց միայն Տիրոջն էր պաշտում:
7. Ես ի Տէր յուսացայ. ցնծացայց և ուրախ եղէց ի փրկութեան քում:
Ես հույսս դրեցի Տիրոջ վրա, պիտի ցնծամ և ուրախանամ քո տված փրկությամբ:
Քավություն ստանալու հույս կա, ինչպես նաև թագավորություն: Փրկիչ Աստծուն հուսացի, այլ ոչ թե կուռքերին:
8. Հայեցար ի խոնարհութիւն իմ. և փրկեցեր ի վշտաց զանձն իմ. և ոչ մատնեցեր զիս ի ձեռս նեղչաց իմոց. և կացուցեր յանդորրու զոտս իմ:
Տեսար իմ նվաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից: Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը և ոտքերս լայնարձակ վայրում հաստատեցիր:
Քանզի բոկոտն փախան: Ոտքերս լայնարձակ վայրում հաստատեցիր ասելով մարգարեանում է թագավորությունը վերականգնելու մասին:
9. Ողորմեա՛ ինձ, Տէր, զի նեղեալ եմ ես. խռովեցաւ ի սրտմտութենէ ակն իմ՝ անձն իմ և փոր իմ:
Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի ճնշված եմ ես. սրտնեղությունից խռոված են իմ աչքը, հոգին ու որովայնը:
Խղճմտանքի պատճառով խռովվում է սիրտս, աչքը միտքն է, անձը՝ հոգին, իսկ փորը՝ խորհուրդների ափսեն, ուր որպես կերակուր հավաքում է բանավոր մտքերը: Իսկ Սիմաքոսն ասում է. «Իմ մեղքերի հիշողության պատճառով աչքերս արտասուքներով պղտորվեցին»:
10. Պակասեցան ի ցաւոց կեանք իմ. և ամք իմ յոգւոց ելանելոյ:
Կյանքս սպառվեց վիշտ ու ցավերով, և տարիներս՝ հոգոց հանելով:
Այսինքն՝ տարիների ու կյանքի մեծ մասն անցավ ապաշխարությամբ և հոգոց հանելով:
11. Աղքատացաւ ի տկարութենէ զօրութիւն իմ. և ոսկերք իմ խռովեցան:
Թշվառությունից տկարացավ ուժն իմ, և ոսկորներս մաշվեցին:
Սավուղի հալածանքների պատճառով տանջվեցի աղքատությունից և սովից: Ոսկորներս ասելով նկատի ունի հոգու զգայարանները:
12. Քան զամենայն թշնամիս իմ եղէ ես նախատ դրացեաց իմոց, յոյժ ահ և երկիւղ ծանօթից իմոց:
Իմ բոլոր թշնամիներից ավելի ես դրացիներիս համար նախատինք եղա և ծանոթներիս համար՝ սոսկալի ահ ու սարսափ:
Թշնամիներիս չարությունից առավել ինձ համար մեծ էր դրացիներիս նախատինքը և այն, որ ծանոթներս վախենում էին ինձ մոտ գալ:
13. Ամենեքեան ոյք տեսանէին զիս, արտաքս փախչէին յինէն:
Սավուղի երկյուղի պատճառով [հեռու էին փախչում նրանից]:
14. Մոռացեալ եղէ ես որպէս մեռեալ ի սրտէ. և եղէ ես որպէս զանօթ կորուսեալ:
Սրտներից մոռացվեցի ես ինչպես մեռյալ և նմանվեցի անպետք անոթի:
Իր ընտանիքը հուսահատության մեջ էր ինչպես մեռյալի դեպքում և անպետք անոթի:
15. Զի լուայ ես զբամբասանս ի բազմաց՝ որ շուրջ էին զինև. ի ժողովել նոցա ի միասին, առնուլ զանձն իմ խորհեցան. այլ ես ի քեզ, Տէր, յուսացայ:
Քանզի բամբասանք լսեցի շատերից, որոնք իմ շուրջն էին: Հավաքված իրար գլխի՝ նրանք ուզում էին առնել իմ հոգին: Բայց ես, Տե՛ր, հույսս դրեցի քե՛զ վրա:
Դավիթն՝ իր մերձավորներից և Տերն էլ՝ հրեաներից:
16. Ասացի՝ դու ես Աստուած իմ. և ի ձեռս քո է ժառանգութիւն իմ:
Ասելով՝ «Դո՛ւ ես Աստվածն իմ, և քո ձեռքում է իմ ժառանգությունը»:
Ժառանգություն է կոչում կրքերը և բնության փոփոխությունները, ինչպես նաև հիվանդությունները, աղքատությունը և նախատինքը, արդ, Աստծո շնորհիվ են այդ ամենը թեթևանում:
17. Փրկեա՛ զիս ի ձեռաց թշնամեաց իմոց, և հալածչաց իմոց:
Փրկի՛ր ինձ թշնամիներիս ձեռքից և իմ հալածիչներից:
Որովհետև այդպես կլինի, երբ ցույց տաս քո երեսը, ինչպես որ ասում է.
18. Երևեցո՛ զերեսս քո ի ծառայս քո. ապրեցո՛ զիս, Տէր, ըստ ողորմութեան քում. Տէր մի՛ յամօթ եղէց, զի կարդացի առ քեզ:
Ցո՛ւյց տուր երեսդ քո այս ծառային, պահպանի՛ր ինձ, Տե՛ր, քո ողորմությամբ: Տե՛ր, ամոթով թող չմնամ, որ քեզ դիմեցի:
Երբ ազատեց ադամական ամոթից:
19. Ամաչեսցեն ամբարիշտք, և իջցեն ի դժոխս. և համր եղիցին շրթունք նենգաւորք, ոյք խօսէին զարդարոյ զանիրաւութիւն, յամբարտաւանութեան և յանգոսնել իւրեանց:
Թող ամբարիշտնե՛րն ամաչեն ու դժոխք իջնեն: Եվ թող պապանձվեն նենգ շրթունքները, որոնք ամբարտավանությամբ և արհամարհանքով չարախոսում են արդարի մասին:
Դևերն ու կռապաշտները՝ Դավթի և Քրիստոսի մասին, և նրանք, ովքեր բնության դեմ էին խոսում, ինչպես Հոբի:
20. Որպէս զի բազում է ողորմութիւն քաղցրութեան քոյ, Տէր, զոր պահեցեր երկիւղածաց քոց:
Որքա՜ն շատ է քո ողորմութեան քաղցրությունը, Տե՛ր, որ պահեցիր երկյուղածներիդ համար:
Դանդաղում ես մինչև նահատակության քաջությունը ցուցաբերի, ապա նոր օգնում ես: Դարձյալ, այստեղից շատ [իր ողորմությունը] պահում է այնտեղ՝ իր երկյուղածների համար, որ ոչ մի աչք դեռ չի տեսել:
21. Արարեր դու այնոցիկ, ոյք յուսացեալ են ի քեզ. առաջի որդւոց մարդկան:
Դու այն շնորհեցիր նրանց, որոնք իրենց հույսը դրել են քեզ վրա մարդկանց որդիների առջև:
Աբրահամին, Իսահակին, Հակոբին, Մովսեսին, Հոբին և Դավթին:
22. Ամրացուցեր զնոսա ի ծածկոյթ երեսաց քոց՝ ի խռովութենէ մարդկան:
Մարդկանց խռովությունից պաշտպանեցիր նրանց քո երեսի ծածկույթով:
Քո երեսով հովանի եղար նրանց՝ ծածկելով քեզանով և չկարողացան խռովվել:
23. Ծածկեցեր զնոսա ի խորանի քում, ի հակառակութենէ լեզուաց:
Լեզուների հակառակությունից թաքցրիր նրանց քո վրանում:
Աստծո քաղցրությամբ նայելն արդարների համար հավասարազոր է վրանի և պահպանում է նրանց լեզուների հակառակությունից, ինչպես Մովսեսին, Դավթին: Եվ արքայությունում իր առագաստի մեջ է ընդունելու արդարներին: Լեզուների հակառակությունից թաքցնելու է Տերը նաև իրեն, ովքեր կասեն. «Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք» (Մատթ. 7:22):
24. Օրհնեալ է Տէր, զի սքանչելիս արար, զողորմութիւն իւր ի քաղաք ամուր:
Օրհնյալ է Տերը, քանզի ողորմությունն իր հրաշագործեց ամուր քաղաքում:
Ամուր քաղաքն իմաստուն կույսերն ստացան: Այլ թարգմանությամբ այսպես է. «Օրհնյալ է Տերը, որ հրաշագործություններով պահեց ինձ ինչպես ամուր քաղաքը՝ հավատացողների եկեղեցին:
25. Ես ասացի ի զարմանալ իմում, թէ ընկեցայ ուրեմն յերեսաց աչաց քոց:
Շփոթության մեջ ես ասացի, թե այլևս հեռու մնացի աչքերիդ առջևից:
Եթե ապաշխարության միջոցով չհաշտվի Աստված, ապա էլ ո՞ւր կմնա նրա ողորմությունը:
26. Վասն այսորիկ լուար ձայնի աղօթից իմոց. յաղաղակել իմում առ քեզ:
Սական դու լսեցիր ձայնն իմ աղոթքի, երբ աղաղակեցի քեզ:
Քանզի վստահեցի քեզ և հույսս քեզ վրա դրեցի:
27. Սիրեցէք զՏէր ամենայն սուրբք նորա, զի ստուգութիւն խնդրէ Տէր. և հատուցանէ այնոցիկ, որ առաւել առնեն զամբարտաւանութիւն:
Սիրեցե՛ք Տիրոջը, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի Տերը ճշմարտություն է փնտրում և խստությամբ հատուցում նրանց, ովքեր շատ են ամբարտավանանում:
Քանզի նա պահեց ձեզ առանց խղճմտանքի, ուստի Տերն իր սրբերին սիրում է պսակել ճշմարտությամբ և արդար կյանքով: Բայց թեև քաղցր է և մեղավորի մահը չի ցանկանում, սակայն երբ հարատևում են մեղքի մեջ և զղջումով չեն խոնարհվում, ապա հատուցում է ըստ հանցանքի չափի:
28. Քաջալերեցարուք և զօրասցին սիրտք ձեր, ամենեքեան, ոյք յուսացեալ էք ի Տէր:
Քաջալերվեցե՛ք ամենքդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա, և ձեր սրտերը թող զորանան:
Եթե ձեր չարիքների հաճախակիության և մեղքերի պատճառով եք զարհուրում, ապա քաջալերվեցե՛ք և ձեր սրտերը թող զորանան հավատքով, քանզի նրա գթասրտությունն ավելի մեծ է, քան ձեր մեղքերը և ոչ միայն թողություն է տալիս և ազատում տանջանքներից, այլև երանության է արժանացնում իրեն հուսացածներին:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը