23 Նոյեմբեր, Շբ
Դավթի իմաստությունը
Նույն միտքն է արտահայտում նաև մեղանչելուց հետո ասված այս սաղմոսը, ինչի պատճառով էլ իմաստություն է կոչվում, որովհետև զգուշություն է առանց գայթակղվելու ընթանալը և իմաստություն է գլորումից վեր բարձրանալը: Դարձյալ ունի նաև ավազանի մկրտության խորհուրդն ու շնորհը, ինչպես նաև Ադամի, Եզեկիայի և Ահարոնի մասին է:
1. Երանի՛, ում թողութիւն եղեւ մեղաց. և ծածկեցան ամենայն յանցանք նորա:
Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց և ում բոլոր հանցանքները ծածկվեցին:
Մի՞թե ես իզուր այդքան աշխատեցի՝ քուրձ հագնելով, մոխիր լցնելով վրաս և արտասուք թափելով: Եվ ծածկվեցին. թեև ես թողություն ստացա, ասում է, բայց պատմում է ըստ մեղքերի օրինակի: Երանի նրանց, ում մեղքերը հիմնովին մաքրվեցին և ծածկվեցին, հետևապես, ո՛չ երանի նրանց, ովքեր հիմնովին չմաքրվեցին և նորից իրենց փսխածին դարձան:
2. Երանի՛ առն՝ որում ոչ համարեսցի Տէր զմեղս նորա. և ոչ գոյ նենգութիւն ի բերան նորա:
Երանի այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում, և որի բերանում նենգություն չկա:
Նրան մեղավոր չի համարում, ում գործերը թեև գովելի չեն, բայց թողության միջոցով այլևս մեղապարտ չէ իր անգիտության և երեխայության պատճառով: Դարձյալ, այս երանությունը ոչ թե առաքինի գործի համար է, այլ հավատքի, ինչպես Զաքեոսի ու պոռնիկ կնոջ հավատքն էր, և նաև նրանը, ով լսեց. «Դո՛ւստր, քո հավատքը քեզ փրկեց» (Մարկ. 5:34), և ավազակինը: Դարձյալ՝ երանի այն մարդուն, որին Տերը այլևս մեղավոր չի համարում. ոմանք ոչ թե հավատքով Աստծո մոտ եկան, այլև տարբեր այլ պատճառներով, ինչպիսիք էին գաբավոնացիները, Սիմոն Սամարացին, որ մկրտվեցին, և որոնց բերանում նենգություն չկար, բայց սրտով ուղիղ չէին:
3. Լռեցի ես՝ և մաշեցան ամենայն ոսկերք իմ, առ աղաղակել ինձ առ Տէր զօրհանապազ ի տուէ և գիշերի:
Ես լռեցի, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին՝ ամեն օր գիշեր-ցերեկ Տիրոջը կանչելուց:
Կարծես թե չէի ցանկանում խոստովանել մինչև Նաթանի գալը, սակայն հյուծվում ու մաշվում էի խորհուրդների պատճառով: Տիրոջը կանչելուց. և թեպետ մաշվում էի, ասում է, բայց նրանց պես չէի, ովքեր չեն ցանկանում Աստծո մոտ գալ, քանզի աղաղակն արդեն իսկ արտահայտում է սրտի բողոքը, ինչպես Մովսեսի դեպքում էր:
4. Ծանրեաց ձեռն քո ի վերայ իմ. դարձայ ի թշուառութիւն, զի հարան յիս փուշք:
Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա. ես կրկին ընկա թշվառության մեջ, քանզի փշերն ինձ ծածկեցին:
Նեղությունների և հալածանքների մասին է ասում: Կրկին ընկա թշվառության մեջ ասելով նկատի ունի հոգուն, քանզի խղճմտանքի փշերն ինձ ծածկեցին:
5. Զմեղս իմ ցուցից քեզ, և զանօրէնութիւնս իմ ոչ ծածկեցից ի քէն:
Մեղքերս քեզ ցույց կտամ, և անօրենությունս չեմ ծածկի քեզնից:
Սա է ապաշխարության կարգը, ինչպես ասաց Եսայու միջոցով. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները» (Ես. 43:26):
6. Ասացի, թէ պատմեցից ինձէն զմեղս իմ. և դու թողցես զամենայն ամբարշտութիւնս մեղաց իմոց:
Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ, և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը:
Նաթանից սովորելով:
7. Վասն այսորիկ յաղօթս կացցեն առ քեզ ամենայն սուրբք, ի ժամ ընդունելի:
Դրա համար բոլոր սրբերն հարմար ժամին աղոթքի կկանգնեն քո առաջ:
Երբ անմեղ են և իրենց [ժամանակն] Աստծուն են տալիս, այլ ոչ թե իրենց անձերին, իսկ մեղավորները խոստովանությունից հետո մաքրվում են: Դարձյալ, երբ խռովությունները հանդարտվում են և դա պատարագի ժամն է:
8. Բայց միայն ի ջուրցն հեղեղաց բազմաց, որ առ նոսա ինչ ոչ մերձեսցի:
Եվ սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի պատահի:
Որովհետև սրբերը Նոյի պես զգուշացան մեղքերի պատճառներից. սկզբում սրբերին և նրանցից հետո նոր զղջացողներին, եթե նույնիսկ կռապաշտության հեղեղներ, հերձվածություն և մեղքեր մոտենան, նրանք այլևս ոչնչից չեն փորձվի:
9. Դու ես ապաւէն իմ ի նեղութենէ յայսմանէ, որ շուրջ եղեն զինև:
Դու ես իմ հենարանն այն նեղության մեջ, որը շուրջս պատեց:
Անհնար է, որ նեղություն չգա մկրտվածների և մեղքերից դարձի եկածների վրա, սակայն նրանց հավատարիմ հենարանն Աստված է, որ իրենց կարողություներից առավել փորձություն չի տալիս նրանց:
10. Ցնծութիւն իմ, փրկեա՛ զիս յայնցանէ, որ պաշարեցին զիս:
Ո՛վ ցնծություն իմ, փրկի՛ր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ:
Քանի որ ցնծությամբ զգեստավորվեցին մկրտվածները, այդ պատճառով էլ Տիրոջը ցնծություն են կոչում, ով ոչ թե բարություն ունի, այլ իր բնույթով է ամբողջովին բարի:
11. Իմաստուն արարից զքեզ և խելամուտ ի ճանապարհ, յոր և գնասցես. և հաստատեցից ի վերայ քո զաչս իմ:
«Քեզ կիմաստնացնեմ ու խելամիտ կդարձնեմ քո ընթացած ճանապարհին և աչքերս վրադ կպահեմ»:
Պատասխան է լսում Տիրոջից, թե՝ կիմաստնացնեմ քեզ՝ մարգարեություն թողնելով քեզ, այսուհետև անմեղությունը կառաջնորդի քեզ: Ինչպես նաև իմաստնացնում է մկրտվածներին: Եվ աչքերս վրադ կպահեմ ասելով նկատի ունի իր խնամակալությունը:
12. Մի՛ լինիք որպէս զձիս և զջորիս. զի ոչ գոյ ի նոսա իմաստութիւն. ի սանձս և ի դանդանաւանդս ճմլէսցես զկզակս նոցա, որ առ քեզ ինչ ոչ մերձեսցին:
Մի՛ եղեք ձիերի և ջորիների պես, որոնք գիտակցություն չունեն. սանձով և պախուրցով պետք է նրանց կզակը ճմլել, որ քեզ չմոտենան:
Դուք որպես բանական էակներ, ասում է, ընտրեք արժանավոր բաներ և հոժարակամ եղեք, մի՛ եղեք անասունների նման՝ հրեաների, հեթանոսների և հերձվածողների պես, հպարտ և իգամոլ ձիերի և անսաստ ջորիների պես կամ նրանց պես, ովքեր անբնական են և անծնունդ՝ բարի պտուղների: Հակառակ դեպքում ձեզ կխրատի սանձով և պախուրցով, ինչպես որ դուք եք խրատում նրանց [կենդանիներին] կամ վայրենացած կզաքիսներին՝ իմաստությամբ և մեծ քաջությամբ, որպեսզի ձեզ չկարողանան մոտենալ: Դարձյալ, եթե վայրենացած կենդանիները փաղաքշական խոսքով չգան քեզ մոտ, ապա սանձով և պախուրցով քեզ մոտ կբերես:
13. Բազում տանջանք են մեղաւորաց. բայց ոյք յուսան ի Տէր՝ ողորմութիւն Տեառն շուրջ եղիցի զնոքօք:
Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրանց:
Շատ են՝ ըստ օրենքի, բայց ովքեր իրենց հույսը դրել են քավության վրա, մկրտության միջոցով ողորմությունը ոչ միայն կմաքրի նախկին մեղքերից, այլև պարսպի պես կշրջապատի նրանց՝ պահելով ամեն տեսակի վտանգներից:
14. Ուրախ եղերուք և ցնծացէք արդարք, ի Տէր պարծեցարուք ամենեքեան, ոյք ուղիղ էք սրտիւք:
Ուրա՛խ եղեք և ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. պարծեցե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով:
Արդարացածնե՛ր, այսուհետև պահե՛ք ուրախությունը, ցնծությունը և պարծանքը, ոչ թե խոսքով պարծենալով, այլև ուղիղ սրտով ապրելով առանց խղճմտանքի:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը