Սաղմոս ԼԷ

Սաղմոս Դավթի՝ շաբաթօրյա հիշատակի առթիվ: Մեղանչելուց հետո՝ որոշ ժամանակ անց, խղճմտանքից ազդվելով՝ ասաց այս սաղմոսը: Նաև նման կերպ մեղանչածների համար սա բժշկարան է և զորավոր դեղ՝ հոգու համար: Իսկ շաբաթօրյա է կոչվում, որպեսզի ապաշխարողները խղճմտանքից հանգստություն գտնեն և մեղավորներն են, որ այստեղ լուծանում են իրենց հանգիստը և վերցնում են արդարների հանգստյան շաբաթը, որ յոթերորդ օրվա վերջն է և ութերորդ օրվա սկիզբը, ինչպես որ այստեղ շաբաթը քրիստոնյաների համար փոխվեց կիրակիի՝ յոթից՝ ութը: Եվ ինչպես որ շաբաթը լուծարողը քարկոծվում էր, այդպես էլ այստեղ, որ մեղքի պատճառով լուծարում են շաբաթը՝ արդարների հանգստյան օրը, այսպիսի խոսքերի և արհավիրքների են արժանանում, ուստի որպեսզի չենթարկվեք հավիտենական քարկոծման՝ համախմբված ատյանի առջև, ասում է.

1. Տէր, մի՛ սրտմտութեամբ քով յանդիմաներ զիս. և մի՛ բարկութեամբ քով խրատեր զիս:

Տե՛ր, քո զայրույթով մի՛ հանդիմանիր ինձ և քո բարկությամբ ինձ մի՛ խրատիր:

Քանզի զայրույթի և բարկության միջոցով է ցույց տալիս այնտեղի դատավորին, ուստի խրատն այստեղ է, այլ ոչ թե այնտեղ, այդ պատճառով էլ, ասում է, խրատի՛ր, բայց ոչ թե զայրույթով, այլ՝ հայրաբար:

2. Զի նետք քո հարան յիս. և յիս հաստատեցաւ ձեռն քո:

Քանզի քո նետերն ինձ հարվածեցին, և քո ձեռքն ինձ վրա ծանրացավ:

Աստծո ողորմությունը շարժելու փոխարեն ասում է. քո նետերը, այսինքն՝ փորձություններն ու խղճմտանքը: Նաև ասում են, թե նետահարվածն աղեղնավորի ձեռքն է ընկնում: Ասում է. քո ձեռքն ինձ վրա ծանրացավ, մարի՛ր քո ցասումը, քանզի շատ երկար տևեց այն ինձ վրա:

3. Ո՛չ գոյ բժշկութիւն մարմնոյ իմոյ յերեսաց բարկութեան քոյ:

Մարմնիս համար բուժում չկա քո բարկության դեմ:

Քանզի ասում էին, թե Դավիթն ընկավ մարմնավոր ցավերի և խոցերի մեջ: Իսկ այնտեղ՝ այն շաբաթ օրը, մարմնի չարչարանքներից բժշկություն չկա՝ Աստծո երեսի բարկության պատճառով:

4. Ո՛չ է խաղաղութիւն ոսկերաց իմոց. յերեսաց մեղաց իմոց:

Ոսկորներս հանգստություն չունեն իմ մեղքերի պատճառով:

Քանզի մինչև ուղն ու ծուծս էր հասնում ոսկորներիս ցավը, և պատճառը ոչ թե դու ես, ասում է, այլ՝ գարշելի դեմքով պատկերված իմ մեղքերը: Նաև ոսկորներ է ասում ցույց տալու համար հոգու վրա ունեցած ազդեցությունը, որի պատճառով երկար ժամանակ սարսափի մեջ էր:

5. Անօրէնութիւնք իմ բարձրացան քան զգլուխ իմ. որպէս բեռն ծանր ծանրացան ի վերայ իմ:

Անօրինություններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռի պես ծանրացան վրաս:

Գլուխ ասելով նկատի ունի միտքը, որը թույլ չի տալիս հոգուն վեր բարձրանալ, որովհետև սաստիկ բեռի պես ծանրացան վրաս: Քանզի վայրի գազանների պես եղան, և վերցրեցի մեղքերիս բեռը, որ երկաթից և պղնձից էլ ծանր է: Ինչպես որ մի այլ մարգարե կշեռք և կապարե քար է կոչում վերջին օրվա ահն ու երկյուղը:

6. Նեխեցան և փտեցան վէրք իմ, յերեսաց անզգամութեան իմոյ:

Վերքերն իմ նեխեցին և փտեցին անզգամությանս հետևանքով:

Հայտնում է իր վերքեր ունենալու մասին և ինքն իրեն անզգամ է կոչում ինչպես մի անմիտ: Նաև այնտեղ հրեշտակները զզվում են մեղավորների գարշելի հոտից, եթե այստեղ իրենց նեխած վերքերը լվացած չեն լինում արտասուքով և փտեցումը չեն կանխում ողորմության միջոցով:

7. Տառապեցայ և խոնարհ եղէ յոյժ. զօրհանապազ տրտում գնայի, զի անձն իմ լի եղև չարչարանօք. և ո՛չ գոյ բժշկութիւն մարմնոյ իմոյ:

Տառապեցի և խիստ նվաստացա, գիշեր-ցերեկ շրջեցի վշտացած, քանզի հոգիս լցվեց տանջանքներով, և մարմնիս համար բուժում չկա:

Զրկվեցի բարիքներից և խոնարհվեցի մեղքերի խղճմտանքի առաջ: Գիշեր-ցերեկ. այստեղ այդպես է, իսկ այնտեղ աշխատանքից և տրտմությունից հանգստանալու համար գիշեր չկա, քանզի հոգին ու մարմինը լի է վշտերով, ինչպես որ ասում է.

8. Չարչարեցայ և խոնարհ եղէ մինչև յոյժ. մռնչէի առ հեծութեան սրտի իմոյ:

Չարչարվեցի և սաստիկ կորացա, մռնչացի սրտիս հեծությունից:

Այն էլ՝ սաստիկ, և չի ասում թե որքան հետո է Սուրբ Հոգին իր ազդեցությունն ունենում այդ աղետի մեջ ընկած մեղսագործի վրա: Մռնչացի, ասում է, սա կարելի է հասկանալ նաև որ մռնչում է իր սովորության դեմ, որ այլևս չկրկնի այն և սրտի հեծությամբ, հակառակ դեպքում այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց:

9. Տէ՛ր, առաջի քո է ամենայն ցանկութիւն իմ. և հեծութիւն իմ ի քէն ո՛չ ծածկեցաւ:

Տե՛ր, ամբողջ ցանկությունս առջևդ է, և հառաչանքս չծածկվեց քեզնից:

Ցանկություն, որի պատճառով մեղանչեցի և հառաչանք, որի միջոցով ապաշխարեցի: Եվ արդ, իմ ցանկությունն է ներում գտնել քեզանից և արքայությունդ ժառանգել, ինչն էլ հառաչելով խնդրում եմ:

10. Սիրտ իմ խռովեցաւ յիս, և եթող զիս զօրութիւն իմ. լոյս աչաց իմոց, և այս ո՛չ եղև ընդ իս:

Սիրտս պղտորվեց իմ մեջ, և ուժս լքեց ինձ, աչքերիս մեջ լույսի նշույլ իսկ չմնաց:

Սիրտս պղտորվեց իմ մեջ և ոչ ոք չիմացավ: Եվ ուժս լքեց ինձ. մտքիս գիտակցությունը, որ մինչ այդ ցնծում էր և ասում «Արդարություն գործեցի» (Սղ. 118:121) և «Անբասիր ընթացա» (Սղ. 25:1): Աչքերիս մեջ լույսի նշույլ իսկ չմնաց. բազում արտասուքների կամ Աբիսողոմի պատճառով: Այլև այն ահավոր օրը, նրանք ովքեր այստեղ զորացնում են և լուսավորում իրենց խրատներով, այնտեղ թողնելու են, ինչպես որ ասում է. «Քանի դեռ քեզ համար չեն խավարել արեգակն ու լույսը և լուսինը» (Ժող. 12:2):

11. Բարեկամք իմ և մերձաւորք իմ առաջի իմ մերձեցան և կացին. և մերձաւորք իմ հեռի եղէն յինէն:

Բարեկամներս և ընկերներս մոտեցան և կանգնեցին իմ առջև, և մերձավորներս ինձնից հեռու մնացին:

Մերժեցին և հեռու կանգնեցին Աքիտոբելն ու նրա նմանները: Իսկ այնտեղ էլ հրեշտակներն ու մարգարեներն իրենց խոսքերով պիտի հեռանան [նրանցից]:

12. Բռնադատէին զիս և խնդրէին զանձն իմ. ոյք խորհէին չար ի վերայ իմ, խօսեցան զանօրէնութիւն, և զնենգութիւն զօր հանապազ խորհեցան:

Ինձ հետապնդողները բռնադատեցին ինձ, իմ դեմ չարիք նյութողները անօրինություն խոսեցին, և գիշեր-ցերեկ նենգություն մտածեցին:

Այստեղ դևերն էին հուսահատության մատնում և նրանց մղմամբ հալածում էին նաև ուրիշները, իսկ այնտեղ՝ տանջանքներն ու խոշտանգումները՝ հիշեցնելով իմ անօրինությունները:

13. Այլ ես որպէս խուլ՝ զի ո՛չ լսէ. որպէս համր՝ որ ո՛չ բանայ զբերան իւր:

Իսկ ես դարձա ինչպես խուլ, որ չի լսում, ինչպես համր, որ բերանն իր չի բացում:

14. Եղէ ես որպէս մարդ, որ ո՛չ լսէ. և ո՛չ գոն խօսք ի բերան նորա:

Ես դարձա ինչպես մարդ, որ չի լսում, և որի բերանում խոսք չկա:

Լռեց այստեղ Դավիթը Սեմեի նախատիքների առաջ և պատասխան չտվեց, այնտեղ էլ ոչինչ չեն ասելու կամ չեն լսելու տանջվողներին: Խուլ ու համր չէի, այլ իբրև բանական մարդ՝ գիտե լռության պատճառը:

15. Ես ի քեզ, Տէր, յուսացայ, և դու լուիցես ինձ Տէր Աստուած իմ:

Ես հույսս քեզ վրա դրի, ո՛վ Տեր, ու դու կլսես ինձ, Տե՛ր իմ Աստված:

Ես հույսս քեզ վրա դրի այստեղ և դու կլսես ինձ իմ ժամանակին:

16. Ասացի՝ թէ մի՛ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ. ի սասանել ոտից իմոց՝ ի վերայ իմ մեծամեծս խօսեցան:

Ասացի՝ «Թող թշնամիներս չծիծաղեն վրաս». երբ ոտքս սայթաքեց, նրանք հոխորտացին իմ դեմ:

Դևերն ու մարդիկ հոխորտացին իմ դեմ, երբ ոտքս սայթաք           եց Աստծո պատվիրաններից:

17. Ես ի տանջանս պատրաստ եմ. և ցաւք իմ առաջի իմ են յամենայն ժամ:

Ես պատրաստ եմ տանջանքների, և իմ ցավերը միշտ առջևս են:

Իմ գիտակցության մեջ, քանզի արժանի եմ և այնտեղ էլ հնար չկա ազատվելու: Իմ ցավերը. մեր Տերն էլ հանուն մեզ մեր մեղքերի ցավն իր առջև դրեց և վերցրեց դրանք իր չարչարանքներով:

18. Զանօրէնութիւնս իմ պատմեցից. և հոգացայց վասն մեղաց իմոց:

Կպատմեմ իմ անօրինությունները և կհոգամ իմ մեղքերի մասին:

Իմ, այլ ոչ թե ուրիշների:

19. Իսկ արդ՝ թշնամիք իմ կենդանի են, և զօրացեալ են քան զիս. և բազում էին, ոյք ատէին զիս ի տարապարտուց:

Բայց թշնամիներն իմ ողջ են ու ավելի հզոր, քան ես, և բազմացել են նրանք, ովքեր անիրավի ատում են ինձ:

Դևերն անմահ են: Ու ավելի հզոր, որովհետև երբ մեղանչում ենք, զորանում են և բազմանում: Ովքեր անիրավի ատում են ինձ, նրանք, որոնց առջև չեմ մեղանչել:

20. Ոյք հատուցին ինձ չար փոխանակ ընդ բարւոյ. չարախօսէին զինէն զի ես երթայի զհետ արդարութեան:

Ովքեր ինձ չարությամբ հատուցեցին բարու փոխարեն և չարախոսեցին իմ մասին, քանզի ես արդարությամբ էի ընթանում:

Աբիսողոմն ու Աքիտոբելը, չէի ցանկանում նրանց հանդեպ չարիք անել, իսկ հրեաներն էլ՝ Տեր Աստծո Հիսուսի:

21. Մի՛ թողուր զիս, Տէր Աստուած իմ. և մի՛ ի բացեայ առնիր յինէն, հայեա՛ց յօգնել ինձ, Տէր փրկութեան իմոյ:

Մի՛ լքիր ինձ, Տե՛ր իմ Աստված, և մի՛ հեռացիր ինձնից: Ո՛ւշ դարձրու, որ ինձ օգնես, ո՛վ իմ փրկիչ Տեր:

Նրանք թողեցին, բայց դու մի՛ խորշիր ինձանից, քանզի ես քո հանդեպ ունեցած սերն ու ահը չեմ թողնում: Ո՛ւշ դարձրու, որ ինձ օգնես, բավական է ինձ, Տեր, փրկություն իմ:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

04.12.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․