23 Նոյեմբեր, Շբ
Այսուհետև՝ իմաստության օրհնությունը, սաղմոս Դավթի
Պատմում է իր փախուստն Աբիսողոմից և հրեաների մոլեգնությունը մեր Տիրոջ հանդեպ:
1. Ունկն դիր, Աստուած, աղօթից իմոց. և մի՛ անտես առներ զխնդրուածս իմ:
Ակա՛նջ դիր, Աստված, իմ աղոթքին, և խնդրանքներս մի՛ անտեսիր:
Ադամի և Երուսաղեմի մեղքերի համար՝ Տիրոջ և Եզեկիայի կողմից ասված:
2. Նայեա՛ առ իս և լո՛ւր ինձ, զի տրտմեցայ ես ի ձանձրանալ իմում, և խռովեցայ:
Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ, քանզի անձկությամբ տրտմեցի և խռովվեցի:
Դավիթը՝ բազում փորձությունների պատճառով, իսկ Եզեկիան, երբ տեսավ Սենեքերիմի թուղթը, Տերն էլ [այսպես ասաց], թե. «Տրտում է հոգիս» (Մարկ. 14:34), նաև «հոգիս խռովված է» (Հովհ. 12:27):
3. Ի ձայնէ թշնամւոյն և ի նեղել մեղաւորին, խոտորեցան յիս անիրաւութեամբ, բարկութեամբ ոխս պահէին ինձ:
Թշնամուս ձայնից և մեղսագործի հալածանքից նրանք անիրավությամբ դեպի ինձ շրջվեցին, բարկությամբ ոխ պահեցին իմ դեմ:
Աքիտոբելն ու Սենեքերիմն իրենց բոլոր հոգսերը թողած ինձնով են միայն զբաղված: Սատանան նույնպես ոխ է պահում, որ իր տեղը մարդկանց է տրվել, և դևերին են համարում իրենց կարգից շեղված:
4. Սիրտ իմ խռովեցաւ յիս, և երկիւղ մահու անկաւ ի վերայ իմ:
5. Ահ և դողումն եկն ի վերայ իմ, և ծածկեաց զիս խաւար:
Սիրտս խռովվեց իմ մեջ, և մահվան երկյուղն ինձ համակեց: Ահ ու դող ընկավ վրաս, և խավարը ծածկեց ինձ:
Դավթի և Եզեկիայի համար խավար էր երկյուղն ու տրտմությունը: Տերը նույնպես երկյուղ զգաց, և քրտինք հոսեց նրանից: Խավարը ծածկեց, երբ կեսօրին խավար եղավ մինչև ժամը երեքը (տե՛ս Մատթ. 27:45):
6. Ասէի՝ տայր ոք ինձ թևս որպէս զաղաւնւոյ. զի թռչէի վերանայի, և հեռացեալ դադարէի յանապատի:
Ասացի. «Մեկն ինձ աղավնու թևեր տար, որ թռչելով բարձրանայի և հեռանալով հանգիստ առնեի անապատում»:
Ոչ թե մեկ այլ թռչունի, այլ՝ աղավնու, որի շնորհիվ բազմաթիվ անգամներ ավետիս և բարիք եղավ, ինչպես Նոյի ժամանակ: Իսկ Դավիթն աղավնունն է ցանկանում, որի թևերն արծաթապատ են, որը Հորդանան իջավ և տրվեց առաքյալներին և թռավ դեպի հեթանոսների անապատը՝ հեռանալով հրեաներից, և այնտեղ բարձրացան ի պատիվ առաքյալների: Դավիթը ցանկանում էր Սինայում կամ Թաբորում, կամ այն լեռան վրա, ուր սատանան պարտվեց, իսկ կրոնավորները՝ բոլոր անապատներում, և արդարները՝ դրախտում: Իսկ թևերը Հոգու շնորհներն են, որ հավատքն է ու գործը:
7. Ակն ունէի Աստուծոյ, որ փրկէր զիս ի կարճմտութենէ ի զայրանալոյ, ի մրրկեալ նեղսրտութենէ:
Հույս ունեի, որ Աստված ինձ կփրկեր կարճամիտ զայրույթից և փոթորկվող նեղսրտությունից:
Ուստի Տերը ճանաչում է կարճամիտ, զայրացկոտ և ցնորքներից փոթորկվող բնությանս: Իսկ Դավիթն ասում է դրա պատճառը, քանզի տեսնում եմ, ասում է, թե ինչպես են վարվում իմ Տիրոջ և Աստծո հետ իմ ազգի որդիները, բայց դու ներում ես:
8. Ընկլո՛, Տէր, և բաժանեա՛ զլեզուս նոցա, զի տեսի զանօրինութիւն և հակառակութիւն ի քաղաքի:
Կորստյան մատնի՛ր, Տեր, և թող նրանք իրար լեզու չհասկանան, քանզի անիրավություն և հակառակություն տեսա քաղաքում:
Կորստյան մատնի՛ր, խորտակի՛ր նրանց բոլոր լեզուները, երբ գերի ընկնեն, որպեսզի նրանցից սովորեն, ինչպես որ [նախկինում] եղավ: Քանզի անիրավություն և հակառակություն տեսա քաղաքում, որը Աստծո քաղաք Երուսաղեմն է:
9. Ի տուէ և ի գիշերի շուրջ եղէն զպարսպօք նորա անօրէնութիւն. չարիք և մեղք են ի մէջ նոցա. և ո՛չ պակասեաց ի հրապարակաց նոցա վաշխ և նենգութիւն:
Գիշեր-ցերեկ նրա պարիսպների շուրջը անօրինություն է գործվում, իսկ դրա ներսում՝ չարիք ու մեղք: Եվ վաշխառությունն ու նենգությունը չվերացան նրա հրապարակներից:
Հրեաները եղան ավազակներ ու դարանակալներ պարսպից դուրս շրջելով և Տիրոջ և առաքյալների դեմ դավեր նյութելով, ինչպես Պողոսի: Անօրինություն է գործվում նրանց մեջ քահանաների և վարդապետների միջոցով: Եվ վաշխառությունը չվերացավ նրա հրապարակներից, ինչն այնքան պատվիրեց Մովսեսը, թե վաշխ մի՛ վերցրեք:
10. Զի թե թշնամւոյն նախատեալ էր, համբերէի արդեօք, կամ ատելւոյն մեծաբանեալ էր ի վերայ իմ, թագչէի արդեօք ի նմանէ:
Եթե թշնամին լիներ ինձ նախատողը, կհամբերեի, կամ իմ ատելին լիներ իմ դեմ մեծախոսողը, կթաքնվեի նրանից:
Հեշտությամբ են ազատվում օտար թշնամուց և ատելիի մեծախոսությունից թաքնվում:
11. Իսկ դու մարդ հաւասար իմ, առաջնորդ իմ և ծանօթ իմ:
Այլ դու, մա՛րդ, իմ հավասարն ես, իմ առաջնորդն ու ծանոթը:
Սավուղն ու Աքիտոբելը Դավթի համար, իսկ Հուդան Տիրոջը պատվում էր նշանների և քսակի համար: Առաջնորդն իմ՝ տնտեսելու քսակը, կամ Դավիթը, զարմանալով Տիրոջ վրա, ասում է, թե մարդ եղար՝ հավասարվելով մեզ, կյանքի առաջնորդ և ծանոթ հովիվ, ում ձայնը ճանաչում ենք:
12. Ապաքէն՝ ի նոյն քաղցրացուցեր ինձ և քեզ կերակուր, զի գնայաք միաբանութեամբ ի տան Աստուծոյ:
Չէ՞ որ դու էիր քաղցրացնում իմ ու քո կերակուրը, և միաբանությամբ էինք գործում Աստծու տանը:
Ըստ քո բարի կամքի՝ վերնատանը կերակուր պատրաստեցիր ինձ ու քեզ համար, և եկեղեցու համար ևս, որովհետև գլխի անդամներից է: Քանզի միաբանությամբ էինք գործում. տաճարում առաքյալները և Տերը, և Հուդան նույնպես կերակուր էր պատրաստում:
13. Եկեսցէ մահ ի վերայ նոցա, և կենդանւոյն իջցեն ի դժոխս, զի չարութիւն է ի բնակութեան նոցա և ի մէջ նոցա:
Մահը նրանց վրա կհասնի, և նրանք ողջ-ողջ դժոխք կիջնեն, քանզի իրենց բնակարանում ու իրենց մեջ չարություն կա:
Աքիտոբելն ու Հուդան խեղդվեցին, քահանաները գերի ընկան՝ կրելով դժոխային տառապանքներ: Քանզի իրենց բնակարանում ու իրենց մեջ չարություն կա. իրենց տներում և իրենց քաղաքում:
14. Ես առ Աստուած կարդացի, և լուաւ ինձ յերեկոյս` ի վաղորդայն՝ և ի հասարակ աւուր:
Ես Աստծուն ձայն տվեցի, և Տերն ինձ լսեց երեկոյան, առավոտյան ու կեսօրին: Պատմեցի ու խոսեցի, և նա իմ ձայնը կլսի:
Եկեղեցում, ասում է, մեկ անգամ ձայն տվեցի և երեք անգամ լսեց ինձ: Երեկոյան՝ այս աշխարհում, քանզի կրճատվում է օրը, առավոտյան՝ հարության ժամանակ, կեսօրին, երբ սկսվելու է դատաստանը Երրորդության անստվեր լույսով և սաստկանալու է շոգը հանցավորների համար: Ըստ այդ օրինակի էլ այստեղ կարգեցին աղոթել օրվա սկզբին, ճաշին՝ պատարագ մատուցել, քանզի, ըստ օրենքի կեսօրին են գնում, և երեկոյան բարին խնդրել ու գոհանալ անցածի համար: Երեկոյան Ադամը դուրս եկավ Դրախտից, և Տերն իր հոգին հանձնեց Հորը: Առավոտյան ստեղծեց Ադամին և վեցերորդ ժամին ճաշակեց պտուղը: Ուրբաթ առավոտյան Տիրոջը դատաստանի կանչեցին քահանաները, դպիրներն ու փարիսեցիները, և վեցերորդ ժամին խաչը ելավ և լեղի խմեց: Այս ամենը մեզ աղոթելու և զգաստանու առիթ են:
15. Պատմեցի և ասացի և լուիցէ ձայնի իմում. փրկեսցէ խաղաղութեամբ զանձն իմ ի մերձաւորաց իմոց, զի կարեօք հասին ի վերայ իմ:
Պատմեցի ու խոսեցի և նա իմ ձայնը կլսի: Նա ինձ խաղաղությամբ կփրկի մերձեցողներից, քանզի ուժով հարձակվեցին ինձ վրա:
Պատմեցի աղոթքով Տիրոջ հրաշագործությունների մասին: Եվ նա իմ ձայնը կլսի, նա ինձ խաղաղությամբ կփրկի. փրկեց Դավթին իր մերձավորներից, Տիրոջը՝ հրեաներից, մեզ էլ՝ դևերից, որ հարձակվում են մեզ վրա և կարիքների միջոցով պատերազմում՝ կերակրով և ցանկությամբ: Իսկ հրեաները քնելն ու տոնակատարության մասին մտածելը թողեցին և կեսգիշերին Տիրոջ վրա հարձակվեցին:
16. Լուիցէ Աստուած և խոնարհ արասցէ զնոսա, որ յառաջն է, քան զյաւիտեանս:
Կլսի և կխոնարհեցնի նրանց Աստված, որ հավիտյաններից էլ առաջ է:
Կլսի նրանց չարիքների մասին և կխոնարհեցնի նրանց, կզրկի փառքից, թագավորությունից, քահանայությունից, տաճարից, որ հավիտյաններից էլ առաջ է, և հյուսնի որդին չէ, ինչպես որ ասում էին:
17. Զի ո՛չ գոյր նոցա փոխանակ, և ո՛չ երկեան յԱստուծոյ:
Քանզի չեն փոխվում նրանք, և չեն վախենում Աստծուց:
Սիմաքոսն ասում է, թե չփոխեցին իրենց վարքը: Չեն վախենում Աստծուց. հրեա ազգի մեջ ավելի պատվական մարդ չկար, քան Դավիթն էր, որ տրվել էր Սավուղին որպես օգնական, և Տերն էլ, որ որպես Փրկիչ եկավ Իսրայելի համար, և նրանք անփոխարինելի էին, քանզի չկար մեկը, որ նրանց տեղը լրացներ: Կամ ոչ ոք չկա, որ նրանց գործերի փոխարեն հատուցում տար, և չեն վախենում Աստծուց, որպեսզի ներեր նրանց:
18. Ձգեաց զձեռն իւր ի հատուցանել նոցա. և նոքա պղծեցին զօրէնս նորա:
Նա մեկնեց իր ձեռքը՝ պատժելու նրանց. նրանք պղծել էին նրա օրենքները:
Հատուցելու դևերին Ադամի և մեր բնությունը կորստյան մատնելու համար: Նորից ցույց է տալիս գործով կատարելը՝ մեկնել իր ձեռքը պատժելու համար, ինչպես որ խոստացավ Աբրահամին և Դավթին սրբությամբ կատարել: Եվ նրանք պղծել էին օրենքը նրա, որ ասաց, թե՝ սիրեք ձեզ սիրողներին և ատեք ձեզ ատողներին, նրանք ատեցին սիրելիներին՝ Դավթին և Տիրոջը, և սիրեցին թշնամիներին՝ Աքիտոբելին, Հուդային և դևերին:
19. Բաժանեցան ի սրտմտութենէ երեսաց նորա. և եհաս ի սիրտս նոցա:
Բաժանվեցին նրա երեսի զայրույթից, բայց Նա հասավ նրանց սրտերին:
Զայրացավ Տերը և խեթ նայեց և գերության մատնելով բաժանեց և ցրեց ամբողջ ազգը: Բայց Նա հասավ նրանց սրտերին, որպեսզի այդպես անդարձ գերության չմատնվեն:
20. Կակուղ էին բանք նոցա քան զձէթ, և ինքեանք որպէս սլաք:
Ձեթից փափուկ էին նրանց խոսքերը, բայց իրենք կարծես նետեր լինեին:
Սավուղի խոսքն ուղղված Դավթին և Հուդայինը՝ Տիրոջը. «Ողջո՛ւյն» (Մատթ. 26:49), Աբիսողոմինը՝ ժողովրդին: Բայց իրենք կարծես նետեր լինեին. իրենց սրտերը նետի պես չարությամբ սրելով, որ ետ դարձան և խոցեցին իրենց մտքի տախտակները, ինչպես բոլոր խստասիրտներն են, ինչպես որ ասաց, թե հասավ նրանց սրտերին:
21. Ընկեա՛ ի Տէր զհոգս քո՝ և նա կերակրէ զքեզ. և ո՛չ տայ յաւիտեան սասանութիւն արդարոյ:
Հոգսդ դի՛ր Տիրոջ վրա, ու նա քեզ կկերակրի և չի թողնի, որ արդարը հավիտյան սասանվի:
[Հոգսդ դի՛ր], ինչպես նավագնացները՝ նավապետի վրա, հիվանդները՝ բժշկի, զորքերը՝ զորահրամանատարի, և Տերն էլ ասաց, թե. «Հոգ մի՛ արեք, թե ինչ եք ուտելու» (Ղուկ. 12:22): Եվ չի թողնի, որ արդարը հավիտյան սասանվի. այսինքն՝ մի կարծիր, թե արդարը փոքր մարդ է:
22. Դու, Աստուա՛ծ, իջուսցես զնոսա ի գուբ ապականութեան. արք արիւնահեղք և նենգաւորք մի՛ հասարակեսցեն զաւուրս իւրեանց, այլ ես ի քեզ, Տէր, յուսացայ:
Դու, Աստվա՛ծ, նրանց կիջեցնես ապականության փոսը. արյունահեղ ու նենգ մարդիկ իրենց կյանքի օրերի կեսին չեն հասնի. իսկ ես, Տեր, հույսս դրի քեզ վրա:
Աքիտոբելին, Հուդային, հրեաներին, քանզի արյունահեղ մարդիկ են, ինչպես նաև Սավուղը, և իրենց կյանքի օրերի կեսին չեն հասնի: Ապականության փոս ասելով նկատի ունի գեհենը, երբ միջօրեի Երրորդության լույսով դատաստան կանի: Իսկ ես, Տեր, հույսս դրի քեզ վրա, քանզի հույսը երբեք չի ամաչեցնում:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը